«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։

Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։

Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Ալափարս մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ հատուկ նշանակության վարչության։ Միջոցառումը տևեց 10 ժամից ավելի։ Քննարկվեցին հետախուզվողին անվնաս բռնելու և բերման ենթարկելու մի շարք տարբերակներ։ Արդեն հունիսի լույս 8-ի գիշերը Վալերիյ Օսիպյանն անձամբ զրուցեց հետախուզվողի հետ։ Տևական և արդյունավետ բացատրական հեռախոսազրույցից հետո հետախուզվողը կամավոր դուրս եկավ թաքստոցից և տեղափոխվեց ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նա կալանավորվել է։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին՝ ժամը 15-ն անց 25-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ ստացվեց։ Արարատի մարզի Նորամարգ գյուղ մեկնած շտապօգնության խումբը հայտնեց, որ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում վնասվածքներ ստացած անձինք կան։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի օպերատիվ խմբերը տեղում պարզեցին, որ այդ անձինք վնասվածքները ստացել են պայթյունի հետևանքով։ Բեկորային բազմաթիվ վնասվածքներով 60-ամյա տանտերը, նրա 44-ամյա կինը, նրանց 20-ամյա հարսն ու վերջինիս 1-ամյա որդին տեղափոխվեցին Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքից մոտ 3 ժամ անց 60-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ։

Դեպքի վայր հրավիրվեցին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պայթյունատեխնիկական, ձգաբանական ու սառը զենքի հետազոտությունների գծով մասնագետներ, որոնք մանրակրկիտ ուսումնասիրեցին դեպքի վայրը։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են նռնակների պայթյունների հետևանքով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված 44-ամյա կնոջ նախկին ամուսինը վիճել էր նախկին կնոջ ու վերջինիս ներկա ամուսնու հետ։ Այդ ընթացքում էլ երկու նռնակ էր նետել նրանց ուղղությամբ և հեռացել։

Հարուցված քրեական շրջանակներում ոստիկանության Մասիսի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները դեպքից ժամեր անց խուզարկություն են կատարել հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվող տղամարդու բնակության հասցեում։ Հայտնաբերվել են վառոդանման զանգվածով պոլիեթիլենային տոպրակ, պայթուցիչներով երկու նռնակ, որոնցից մեկի վրա թափանցիկ ժապավենով ամրացված էր պայթուցիկ զանգված, իսկ մյուսի վրա՝ բացի պայթուցիկ զանգվածից ամրացված էր հրազենի գնդակներ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվեցլ է փորձաքննության։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են, տեղեկացնում են Ոստիկանությունից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...