Վահե Գրիգորյանը՝ իր առաջադրման և Իմ քայլում ընկերների մասին

- in Հասարակություն

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը Հայաստանում տեսնում է ոչ թե այնպիսի գործընթացների անհրաժեշտություն, որոնք կհանգեցնեն սահմանադրական փոփոխությունների, այլ այնպիսի գործընթացների, որոնք քննարկման առարկա կդարձնեն սահմանադրական փոփոխությունների հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հիշեց, որ Գրիգորյանը հարցազրույցներում նշել է, որ Հայաստանի համար ամենահարմար կառավարման ձևը նախագահականն է: Իսայանը հետաքրքրվեց, թե ընտրվելու դեպքում ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը գործող Սահմանադրությամբ, և արդյոք տեսնում է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն:

«Ես ձեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասացի, որ Հայաստանն ունի ոչ թե այնպիսի գործընթացների անհրաժեշտություն, որոնք անհրաժեշտաբար պետք է հանգեցնեն սահմանադրական  փոփոխությունների, այլ այնպիսի գործընթացի, որը պետք է քննարկման առարկա դարձնեն սահմանադրական փոփոխությունների հարցը: Ես կուզեի, որ մենք բոլորս համաձայնվեինք, որ 2015-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը  ընդունվելու փաստով և ձևով բացասական ասոցիացիաներ է առաջացնում: Սահմանադրական փոփոխությունների խնդիրը պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ երբ ներկայացվի կառավարման դասական խորհրդարանական և դասական նախագահական մոդել, իր նախապատվությունը՝ որպես իրավաբան և քաղաքացի, կտա նախագահականին: Սակայն նա շեշտեց, որ չի պնդում, թե անհրաժեշտաբար Հայաստանը պետք է փոխվի նախագահական կառավարման կարգի, քանի որ դա որոշում է ժողովուրդը: «Եվ եթե մարդիկ ընտրեն այդ կառավարման մոդելը, համապատասխանաբար հաջորդ փուլում պետք է ներկայացվի կատարյալ, ավելի հղկված Սահմանադրության տեխնիկապես մաքուր տեքստը, որը պետք է ընդունվի և կիրառվի: Եթե հանրաքվեի արդյունքում հաստատված մնա այս կառավարման մոդելը, մենք կհամարենք, որ սա այլևս քննարկումից դուրս է, և ցանկացած փոփոխություն պարզապես տեխնիկական է»,-նշեց թեկնածուն:

Վահե Գրիգորյանն իր ելույթում ներկայացրեց Սահմանադրական դատարանի բարեփոխումների մասին իր տեսլականը: Անդրադարձավ իր հայտարարությանը, որ Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին է: Նա ասաց, որ նկատի չունի, թե Սահմանադրական դատարանի դատավորը պետք է զբաղվի կուսակցական քաղաքականությամբ:

«Ես այդ գնահատականը հնչեցնում եմ՝ դատելով դատարանի գործունեության հետևանքների քաղաքական լինելուց: Սրանով ես ամենևին չեմ ասում, որ Սահմանադրական դատարանում դատավորները քաղաքականությամբ են զբաղվելու կամ կուսակցական քաղաքական մարմին է ՍԴ-ն: Որևէ դեպքում ոչ: Քաղաքական ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական բառի ամենաառանցքային իմաստը՝ հանրային հարցերի կառավարումը: Հայաստանում չկա ավելի քաղաքական մարմին այդ իմաստով, քան ՍԴ-ն է: Ի վերջո Սահմանադրական դատարանն այն վերջին հաստատողն է, թե ում է ժողովուրդն ընտրել, ում է վստահել իշխանությունը: Ի վերջո սա միակ մարմինն է, որ ունի վերջնական իշխանություն՝ մեկնաբանելու այս պետությունում ամենաքաղաքական ակտը՝ Սահմանադրությունը: Քաղաքական բառից պետք չէ վախենալ, քաղաքականը ոչ միշտ է, որ կուսակցությանն է: Քաղաքական բառը նշանակում է հանրային կյանքին վերաբերող»,- ասաց նա:

Վահե Գրիգորյանն անդրադարձավ նաև հարցին, որ իրեն առաջադրելը քաղաքական որոշում է, քանի որ ինքը ընկերական հարաբերություններ ունի մեծամասնություն կազմող Իմ քայլը խմբակցության պատգամավորների հետ:

«Ես չեմ թաքցնելու և ցանկություն էլ չունեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ Իմ քայլը դաշինքում, ընկերներ ունեմ տարբեր քաղաքական խմբակցություններում, հոսանքներում: Ոչ մի տարօրինակ բան չկա դրանում, իմ գործունեությունն ամբողջությամբ եղել է քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության ոլորտում: Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել, և այդ գաղափարական հիմքը ամենևին ոչ կուսակցական գաղափարական հիմքն է, մեր ընդհանուր երազանքի ու նպատակի՝ ժողովրդավարական ու ազատ Հայաստան ունենալու շուրջ է եղել»,- ասաց նա:

Վահե Գրիգորյանը շարունակեց. «Եվ անկախ նրանից, նրանք իմ ընկերներն են, թե իմ ընկերները չեն, դատավորի երդում տալու պահից, որ պահից, որ ես ընտրվեմ դատավոր, դատավորներն ընկերներ չեն ուենում այլևս»: