Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ԱԺ-ում երդման ժամանակ նշել է, որ ինքը լինելու է ՍԴ երկրորդ դատավորը:
Գրիգորյանը նաև նշել է, որ երդում տալուց հետո ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։
«ՍԴ մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը բացակայում է այս օրերին, և ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը՝ ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրան համախոհությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ: Ամեն դեպքում, հաշվի առնելով վերջին օրերի որոշ իրողություններ և հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիները իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի կազմի սահմանադրականության հարցերում, խստիվ պիտի պահանջեմ, որ իսպառ բացառվի ՍԴ անդամների դեմ որևէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսևորումներն իրականացվեն խաղաղ հավաքների մասին օրենքի տառին համապատասխան»,- ասաց նա։
Վահե Գրիգորյանը երդման արարողությամբ ստանձնեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: Գրիգորյանի երդման արարողությունը տեղի ունեցավ ԱԺ հունիսի 20-ի նիստում:
Նա նշեց, որ այդ անցումային տրամաբանության մեջ ՍԴ-ն իր կազմով արդեն ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ինքը մտադիր է ամենայն մանրամասնությամբ սկզբում քննարկել գործընկերների հետ, այնուհետև նրանց հետ համատեղ փոխադարձ ըմբռնման և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ:
Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիները լիուլի և իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի սահմանադրականության հարցերում և հետաքրքրվածությունը՝ Գրիգորյանը խնդրեց ու խիստ պահանջեց, որ իսպառ բացառվեն ՍԴ-ի անդամների կամ աշխատակազմի որևէ ներկայացուցչի նկատմամբ որևէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսևորումներն իրականացվեն խաղաղ հավաքների մասին օրենքի տառին համապատասխան:
Գրիգորյանը երդվեց, երդվելուց հետո նա պաշտոնը ստանձնում է անհապաղ: