Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ ներկայում ՍԴ անդամ երկու դատավոր կա, մեկը ներկա չէ, եւ ինքը կարող է ստանձնել ՍԴ նախագահի լիազորությունները: Խնդիրն այն է, որ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է, եւ ոչ դատավոր, իսկ գործող Սահմանադրությամբ որոշումներ կարող են կայացնել միայն դատավորները եւ ոչ անդամները:

Վահե Գրիգորյանի հայտարարությունը լայն արձագանք է ստացել, միաժամանակ առաջացնելով բազմաթիվ հարցեր՝ կապված կարգավորումների հետ: Ի՞նչ է լինելու ՍԴ անդամների հետ, արդյոք ընտրվելու են նոր անդամներ, թե նրանք «ավտոմատ» դառնալու են դատավորներ, ինչ է լինելու մինչ այժմ կայացված որոշումների հետ, եւ այլն: Այս եւ այլ հարցերի շուրջ ընթանում են քաղաքական ու մասնագիտական բնույթի բանավեճեր:

Մի բան հստակ է, որ Վահե Գրիգորյանն իր հայտարարությամբ պայթեցրել է 2015-ին ընդունված Սահմանադրության հերթական «ականներից» մեկը: Այդպիսիք շատ են, որոնք հերթով բացահայտվում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո:

2015 թ. ընդունված Սահմանադրությունը հանրային-քաղաքական շրջանակներում գնահատվեց որպես իշխող համակարգի դիրքերը հավերժացնելու փորձ: Թերեւս դա էր պատճառը, որ Սահմանադրության հեղինակները, որոնց առջեւ դրվել էր Սահմանադրությունն առավելագույնս իշխող համակարգի շահերին ու կարիքներին ծառայեցնելու եւ քրեական ներքին «պայմանագրին» ներդաշնակեցնելու խնդիրը, առանձնապես ուշադրություն չէին դարձրել մանրուքների վրա: Իսկ սատանան, ինչպես հայտնի է, հենց մանրուքների մեջ է:

Միեւնույն ժամանակ, այն ժամանակ քիչ չէին մասնագիտական կարծիքներն առ այն, որ այդ տեսքով Սահմանադրությունը կարող է շրջվել հենց այդ համակարգի դեմ թե գլոբալ, թե տեղային մակարդակներով:

Վահե Գրիգորյանի ընտրությունն ու հայտարարությունն ունեն նաեւ այլ, առավել լայն քաղաքական ֆոն, որը գուցե «արագացրել է» այս իրադարձությունները: Մասնավորապես, հիշարժան են այս օրերին Երեւանում ՌԴ դեսպանի հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ: Հայաստանում քննվում է մարտի 1-ի գործը, սկսել է գործել ապրիլյան պատերազմի հարցերով խորհրդարանական հանձնաժողովը, որոնք առերեւույթ գուցե չեն հատվում ներքին հարթությունում, սակայն անշուշտ առավել լայն քաղաքական գործընթացի մասեր են:

Արդարադատության ոլորտը մնացել էր վերջին «բաստիոնը», որտեղ գուցե կազմակերպվում էր նախկին համակարգի դիմադրությունը «փափուկ ուժի» աջակցությամբ: Արդյոք այստեղ է շտապողականության պատճառը, երբ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց անմիջապես հետո հայտարարում է ՍԴ նախագահի լիազորությունները ստանձնելու մասին: Ընդ որում, նա ասել է, որ այդ հարցը լուծելու է համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում ակնարկել է հավելյալ միջոցների դիմելու մասին:

Հետաքրքիր է՝ ե՞րբ է կայացվել այդ որոշումը: Եվ հնարավո՞ր է, որ դա կապված էր իշխանության ստացած ինչ որ տեղեկատվության հետ, որից հետո էլ կայացվել է այս «բլից-կրիգի» որոշումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...