Վահե Գրիգորյանն ու Հրայր Թովմասյանը գնացել են ՍԴ՝ աշխատանքի․ աշխատակարգային նիստ է տեղի ունեցել

- in Վերլուծական

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը վաղ առավոտյան գնացել է Սահմանադրական դատարան՝ աշխատանքի։ ՍԴ-ում է նաեւ Հրայր Թովմասյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին եւ մտավ դատարանի շենք։

ՍԴ-ում այսօր աշխատակարգային քննարկում է տեղի ունցել, սակայն Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունները չեն քննարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանդրական դատարանի անդամ Արեւիկ Պետրոսյանը։

Այս պահին նաեւ մի քանի ցուցարարներ են ՍԴ շենքի մոտ, պահանջում են Հրայր Թովմասյանի հրաժարականը։

Հայաստանը շարունակում է տարբեր գնահատականներով ու կարծիքներով քննարկել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, որը կտրուկ ընթացք ստացավ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ելույթից հետո: Գրիգորյանը հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ դատարանը նոր Սահմանադրությամբ ունի երկու դատավոր՝ մնացյալը հնով անդամ են, եւ դատավորներից մեկի բացակայության պայմաններում ինքն է ստանձնում նախագահի պաշտոնը:

Իհարկե, առայժմ իրավիճակը կարծես թե կանգ է առել այդ կետում: Գրիգորյանը հայտարարել էր, որ այդ քայլը պետք է քննարկի ՍԴ անդամների հետ, համաձայնություն ստանալու համար, թեեւ նշել էր, որ անհամաձայնության դեպքում կանգ չի առնի եւ կդիմի իրավասու այլ կառույցների:

Փոխարենն աշխույժ քննարկումների մեջ է հանրությունը: Գրիգորյանի եւ նոր իշխանության համակիրները ողջունում են Գրիգորյանի հայտարարությունը, իսկ ընդդիմախոսները՝ ենթարկում սուր քննադատության ու հայտարարում, որ չկա այդպիսի քայլի իրավա-սահմանադրական հիմք:

Այդ ամենով հանդերձ, աներկբա է, որ տեղի ունեցածն առաջին հերթին հեղափոխական տրամաբանության ենթակա քայլ է, եւ Նիկոլ Փաշինյանը գործադիր եւ օրենսդիր թեւերից հետո վերցնում է իշխանության երրորդ թեւը՝ դատականը: Այդ մասին նա բաց տեքստով հայտարարել է մայիսի 20-ի ելույթում:

Վահե Գրիգորյանն այդ իմաստով բացել է Սահմանադրական դատարանի դուռը եւ, անկախ ընթացակարգից, դատարանը մտել է վերաձեւավորման փուլ:

Այստեղ առաջանում է թերեւս ավելի էական մի հարց, քան այն, թե ով է ի վերջո ՍԴ նախագահը: Ովքե՞ր են լինելու ՍԴ դատավորները: Նրանց թիվը պետք է լինի 9-ը: Անկասկած է, որ ՍԴ կազմը արտացոլելու է քաղաքական իրավիճակը եւ այդ իրավիճակում ուժերի հարաբերակցությունը:

Մինչդեռ ինքնին հետաքրքիր է, թե ուժերի ի՞նչ հարաբերակցություն է լինելու ՍԴ դատարանի կազմում՝ այն 9 դատավորների, որոնք կայացնելու են Բարձրագույն դատական ատյանի որոշումները: Վահե Գրիգորյանը լինելու է նրանցից մեկը, թեկուզ նախագահի պաշտոնում: Ի վերջո, Սահմանադրական դատարանի նախագահի եւ պարզապես շարքային դատավորի ձայնը հավասարազոր է: Ըստ այդմ, լինել ՍԴ նախագահ, չի նշանակում լինել ՍԴ մյուս դատավորների ղեկավար:

Ըստ այդմ էական է դառնում, թե կառավարող ուժը, կամ վարչապետ Փաշինյանն ու՞մ է ՍԴ անցկացնելու այն դռնով, որ բացեցին Վահե Գրիգորյանի «միջոցով»: Մասնագիտական ուժերի ի՞նչ հարաբերակցություն է ի վերջո հաստատվելու Սահմանադրական դատարանում եւ քաղաքական հարաբերակցության ինչպիսի՞ պատկեր է արտացոլելու: