Վերաքննիչ դատարանը շարունակում է Քոչարյանին ազատելու դեմ բողոքի քննությունը

- in Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ այսօր շարունակելու է քննել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը:

Դատարանի առաջ առավոտից դարձյալ բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ՝ Քոոչարյանի աջակիցներն ու ընդդիմախոսները:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշել էր փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ այն փոխարինելով անձնական երաշխավորությամբ, որը Քոչարյանի համար ներկայացրել էին Արցախի ներկա և նախկին նախագահները:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին:

Քոչարյանի պաշտպանները հարցադրում են անում՝ ի՞նչ ընթացակարգով է երկու վերաքննիչ բողոքների քննությունը հանձնարարվել այս դատավորին: Նրանք կասկածներ ունեն, որ գործերի ավտոմատ բաշխման համակարգում միջամտություն է եղել, ինչի հետևանքով Քոչարյանին վերաբերող երկու վերաքննիչ բողոքները մակագրված են նույն դատավորին: Այնինչ, պաշտպաններն ասում են, որ նախկինում տարբեր բողոքները տարբեր դատավորներ են քննել:
Ինքնաբացարակի միջնորդության վերաբերյալ որոշում դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 15:15-ին:

Դատախազությունը ինքնաբացարկի միջնորդությանը չմիացավ, տուժողների իրավահաջորդները՝ ևս:

Նշենք, որ վերաքննիչ քրեական դատարանում այսօր ընթանում էր Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments