Երեկ Ռոբերտ Քոչարյանը հեռուստաընկերություններից մեկին ընդարձակ հարցազրույց էր տվել ու ըստ էության փոշիացրել այն ջանքերը, որ ամիսներ շարունակ գործադրել էին նրա վարձու քարոզչական խմբերը՝ ջանալով դրական իմիջ ապահովել իրենց «պաշտպանյալի» համար։  Ընդամենը մի հարցազրույց, եւ վերջ. կեղծիքն ու չարությունը թաքցնել չստացվեց։

Կային, իհարկե, նաեւ զավեշտալի պահեր։ Խոսելով իր ահռելի հարստության վերաբերյալ շրջանառվող խոսակցությունների մասին՝ նա հայտարարեց, թե իր ունեցած ամեն ինչն օրինականորեն գրանցված է, թափանցիկ է եւ այլն, ու այդ ամենը հնչում էր այն հեռուստաընկերության եթերով, որն, ըստ հավաստի տեղեկությունների, գրանցված է այլ անձի անունով, բայց հենց իրեն է պատկանում։ Կեղծիքն էլ հատկապես աչքի էր զարնում այն դրվագներում, որտեղ նա խոսում էր այն մասին, թե Հայաստանի նոր իշխանությունները միջամտում են Արցախի ներքին գործերին, իսկ դա խիստ վտանգավոր է, որովհետեւ միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններին կստիպի Արցախին զիջումներ պարտադրել, իսկ եթե անընդհատ ընդգծվի Արցախի անկախությունը՝ նման բան հնարավոր չի լինի։ Ու սա ասում էր մի մարդ, ով ժամանակին համաձայնվել էր բանակցություններում ներկայացնել նաեւ Արցախը (այն հիմնավորմամբ, թե ինքն արցախցի է), եւ ասում է մի մարդու, ով պաշտոնապես հայտարարում է, թե չի պատրաստվում բանակցել Արցախի անունից, ու իր առաջնային նպատակներից մեկը համարում է Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը։

Քոչարյանն, ի դեպ, խոսեց նաեւ ներքաղաքական զարգացումներից ու հայտարարեց, թե Հայաստանում ստեղծվել է «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակ (ըստ երեւույթին նկատի ունենալով, որ հիմնական քաղաքական ուժերը դեմ են վարչապետ Փաշինյանին)։ Իրականությունն, իհարկե, բոլորովին այլ է։ Հիմնական քաղաքական ուժերի միջեւ որոշակի կոնսենսուս գուցեեւ կա, միայն թե «մինուս մեկը» ոչ թե Փաշինյանն է, այլ ժողովուրդը։ Բանն այն է, որ Քոչարյանի պատկերացրած Հայաստանում, որտեղ ինքը տասը տարի նախագահ է եղել, եւս տասը տարի՝ վայելել նախագահության տարիներին կուտակածը, հենց այդ համակարգն էլ գործել է․ հիմնական քաղաքական ուժերը կամ իշխանություն ու իշխող կոալիցիայի անդամ են եղել, կամ «հաճախորդի» կարգավիճակով ընդդիմություն խաղացել ու գրեթե նույն չափաբաժնով վայելել իշխանության բարիքները։ Եվ այդ համակարգը մշտապես գործել է ժողովրդի դեմ, այսինքն՝ եղել է «կոնսենսուս մինուս ժողովուրդ»։ Ե՛վ նախկին իշխանական ուժերն ու իրենց կոալիցիոն անցյալը երանությամբ հիշողները, ե՛ւ նախկին հաճախորդները, բնականաբար, դժգոհ են նոր իշխանություններից, որովհետեւ վերացել է նաեւ քաղաքական կոռուպցիան։ Ու Քոչարյանը հաճույքով այդ դժգոհությունն անվանում է կոնսենսուս՝ չթաքցնելով, որ կցանկանար առաջնորդել ժողովրդի դեմ պայքարը հանուն նախկին իդիլիայի վերականգնման։ Այն իդիլիայի, որտեղ «պայքարող տեսակի» մի քանի տասնյակ ներկայացուցիչների հարստությունը մի քանի անգամ գերազանցում էր Հայաստանի ու Արցախի պաշտպանության բյուջեն, ու դա միանգամայն նորմալ էր համարվում։

Ինչ վերաբերում է «դուխով» գրությամբ գլխարկներին ու գլխարկների փոխարեն ճակատներին այդպիսի գրություն ունեցող մարդկանց տարբերությանը, ապա երեւի շատերն են հիշում, որ 1999թ․ հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանը չհամարձակվեց ուղերձով հանդես գալ ու հետագայում պատճառաբանեց, թե «սափրված չէր»։ Հիրավի «դուխով» մարդու պահվածք է։

Հ․Գ․ Քոչարյանը խոսել է նաեւ «Ժիգուլի» եւ «Մերսեդես» քշողների տարբերության մասին, բայց երեւի լավ օրինակ չի բերել։ Արցախում հիշում են, որ ինքը մինչեւ պաշտոններ ստանձնելը «Զապորոժեց» էր քշում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...