Sergey Lavrov

Ինչպես կարող է մարդն օկուպացնել իր ծննդավայրը, որտեղ ապրել են իր հայրերը, պապերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես է պատասխանել «օկուպացված տարածքների» վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին, Սանկտ-Պետերբուրգում նրա մամուլի ասուլիսի ընթացքում:

 http://lragir.amՎարչապետ Փաշինյանն այդ միտքն առաջին անգամ արտահայտել էր ԵԽԽվ-ում ելույթից հետո հարցերին պատասխանելիս, այդ կառույցի գարնանային նստաշրջանում:

Այլ կերպ ասած, Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ չկա «օկուպացված տարածք», այլ կա բնակավայր, որտեղ մարդիկ ապրել են սերնդե-սերունդ:

Հատկանշական է, որ եվոպական կենտրոններից մեկում արած իր հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը կրկնում է նաեւ ռուսական տարածքում: Ընդ որում, նույն ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաեւ, որ Ռուսաստանից ակնկալում են նոր սպառազինություն՝ ոչ Իսկանդեր, քանի որ «շատ ունենք», բայց նաեւ դրանից «ոչ փոքր»: Նա ասել էր, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը խոսել է այդ մասին:

Ըստ երեւույթին, այդ հայտարարությունն էր եղել պատճառը, որ Լավրովի մամուլի քարտուղար Զախարովան փորձել էր սոցցանցում գրառումով մեջբերել Նիկոլ Փաշինյանի պետերբուրգյան ֆորումի ելույթից մի հատված, դարձնելով այն հեգնանքի եւ ծաղրի առարկա: Հետո իհարկե Լավրովի մամուլի քարտուղարն ուղղեց իր սխալը, բայց «պլանը» թաքցնել թերեւս չհաջողվեց:

Ինչպես ապրիլյան պատերազմից հետո, երբ դարձյալ նույն Լավրովի մամուլի քարտուղարը հանկարծ դժգոհություն հայտնեց Հայաստանում Նժդեհի արձանը տեղադրելու կապակցությամբ: Դա այն շրջանն էր, երբ ապրիլյան պատերազմից հետո Լավրովը փորձում էր հայկական կողմին պարտադրել իր պլանը, իսկ Սերժ Սարգսյանն էլ Երեւանում նրան հարց էր ուղղել՝ «ասացեք, թե ինչու եղավ ապրիլյան պատերազմը»:

Լավրովին այդ հարցն անշուշտ դուր չէր եկել, եւ նրա մամուլի քարտուղարն էլ հայտարարեց, թե դուր չի գալիս Նժդեհի արձանի տեղադրումը: Դա տեղի ունեցավ Վիեննայի ամերիկյան հովանու ներքո հայտնի հանդիպումից եւ ամերիկյան առաջարկից հետո, որը Լավրովի պլանի վրա վերջնականապես քաշվող խաչ էր:

Դրանից հետո Զախարովան դժգոհեց Նժդեհից, Սանկտ-Պետերբուրգի՝ ՌԴ հովանու ներքո հանդիպումից առաջ գրոհելով Հայաստանի վրա, ըստ երեւույթին Սանկտ-Պետերբուրգում շեֆի պլանը վերակենդանացնելու շանսը վերականգնելու համար:

Դա չստացվեց, Լավրովի պլանն առաջ բերել չեղավ, բայց ստացվեց հետ մղել Վիեննայի օրակարգը, իսկ հետո արդեն մի շարք քայլերի հետեւանքով ընդհանրապես մատնել լռության:

Փոխարենը, նույն Լավրովի ղեկավարած գերատեսչությունը Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից մոտ մեկ ամիս անց Հայաստանում ՊՊԾ գնդի զինված գործողության ժամանակ աննախադեպ հայտարարություն արեց, դժգոհելով Հայաստանում իրավիճակն անարյուն հանգուցալուծելու Եվրոպայի կոչերից: Լավրովին Հայաստանում արյու՞ն էր պետք, իր պլանը իրականացնելու համար:

Հարց կառաջանա, բնականաբար, իսկ Լավրովը գործում է Պուտինից անկա՞խ: Իհարկե ոչ: Բայց պետության ղեկավարը քաղաքական որոշման տեսք է տալիս այն կոնցեպտներին, պլաններին, ծրագրերին, որոնք նրան առաջարկում են իշխանության տարբեր ազդեցիկ թիմեր: Իսկ այդ թիմերում՝ ցանկացած երկրի իշխանության պարագայում, լինում են շահերի բախում, տարբեր պատկերացումներ եւ մոտեցումներ:

Ո՞ր թիմում է Լավրովը: Համենայն դեպս Զախարովան վկայում է, որ այդ թիմը հայկական չէ: Բայց նաեւ վկայում է, որ այդ թիմը պարտվում է թե ապրիլյան պատերազմից հետո, թե հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...