Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի

- in Մշակույթ
Pyotr Svitalsky

Հայաստանը կինեմատոգրաֆիայի ոլորտում ունի ներուժ, որը պետք է վերականգնվի և զարգանա, Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական լուծումների թեմայով խորհրդարանական լսումներին նման տեսակետ հայտնեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հատուկ պետք է արժևորել «Ոսկե Ծիրան» հիմնադրամի դերը՝ Կինոյի մասին օրենքի նախագծի մշակման նախաձեռնությամբ հանդես գալու համար: ԵՄ-ն մի շարք պատճառներով է որոշել աջակցել այս նախաձեռնությանը, ջանքերին: Առաջին պատճառն այն է, որ մենք կարծում ենք, որ մշակույթը շատ հզոր գործիք է Հայաստանի համար, որը կարող է ոչ միայն բարձրացնել երկրի իմիջը, այլ նաև ներդրում կատարելու տնտեսության զարգացման գործում: Երկրորդ պատճառն այն է, որ մենք գտնում ենք, որ կինեմատոգրաֆիան այն ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանն ունի ներուժ, և որը պետք է վերականգնվի և զարգանա, Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի: Երրորդն այն է, որ մենք ուզում ենք աջակցել Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ի «Ստեղծարար Եվրոպա»  ծրագրին»,-ասաց Սվիտալսկին:

Նա նշեց, որ  ենթածրագրերի մակարդակով Հայաստանը արդեն երկու միջոցառման է մասնակցում, և իրենք գտնում են, որ Հայաստանը հաջողությամբ կմասնակցի, իսկ այդ ծրագրերն օգուտ կբերեն երկրին: Նա նշեց, որ երրորդ ենթածրագիրը վերաբերում է լրատվամիջոցներին: «Բրյուսելում լսեցինք, որ Հայաստանն ուզում է մասնակցել 2020-2022 թթ համագործակցային  ծրագրին, և մշակույթը կարևոր գործոններից է այդ մասնակցությունը հնարավոր դարձնելու համար»,-ասաց Սվիտալսկին ու նշեց, որ ամեն ինչ կանեն, որ «Ստեղծարար Եվրոպա»  ծրագրին Հայաստանի մասնակցությունը շարունակվի:

Նա հույս հայտնեց, որ խորհրդարանական լսումները, քննարկումները հաջողությամբ կպսակվեն, և ԱԺ-ն կկարողանա ընդունել Կինոյի մասին օրենք, որը կլինի հզոր, ուժեղ և իրատեսական: