Քոչարյանը փորձում է խաղարկել նոստալգիկ անցյալի խաղաքարտը

Անցյալում խրվելն ունի մի վտանգ՝ մնում ես այնտեղ, իրավացիորեն պնդում է Ռոբերտ Քոչարյանը իր վերջին ծավալուն հարցազրույցում, որի մեծ մասն անցյալի մասին է, Քոչարյանի անցյալի, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի նախագահ եղած տարիների մասին։

Քոչարյանը, լինելով ներկա իրավիճակում ամենահիշատակվող անձանից մեկը, այդ իրավիճակում քաղաքական հայտ ներկայացնելով խոսում է անցյալից, իր հայտը ներկայում հիմնավորում անցյալում իր արած գործերով։ Հիմա, իհարկե, կարևոր չէ, թե այդ գործերի ու դրանց մեկնաբանությունների որ մասն է արժանահավատ։ Բովանդակությունը չէ, որ հետաքրքիր է, այլ հռետորաբանության կառուցման մեթդաբանությունը։

Քոչարյանն, իհարկե, այս հարցում որևէ նորարարություն չի անում։ Փորձում է խաղարկել նոստալգիկ անցյալի խաղաքարտը, որը խաղարկվում է ամբողջ աշխարհում, տարատեսակ քաղաքական շրջանակների կողմից տարատեսակ իրավիճակներում։ Հայաստանում էլ այդ նոստալգիկ անցյալի հանդեպ վերաբերմունքն էլ, անշուշտ, պարարտ հող ունի, քանի դեռ ավագ սերնդի մի ահռելի հատված դրական տոնայնությամբ է հիշում Սովետական միության ժամանակները։ Եվ ուրեմն Քոչարյանը փորձում է գիտակցված կամ ենթագիտակցորեն խաղարկել իր կառավարման տարիների հետ կապված նոստալգիկ տրամադրությունները։ Իսկ անցյալը միշտ ավելի ապահով է, որովհետև մարդկային հիշողությունն է այդպիսին ՝ անցյալից մոռացնում է վատը, փորձում հիշել միայն լավը։ Այդպխես է առնվազն անհատական հիշողության մակարդակում։ Բայց արդյո՞ք այդպես է կոլեկտիվ հիշողության դեպքում։

Գիտեք ես կարծում եմ՝ ժողովրդի նկատմամբ սերը պետք է ղեկավարի կողմից արտահայտվի նրանով, որ ժողովրդի կենսամակարդակը ամեն օր բարձանա, որ ժողովրդի սառնարաններում ուտելու բան լինի, որ ժողովրդի երեխեքը հագցնելու համար այդ նույն ժողովուրդը խնդիրներ չունենա դպրոց ուղարկելու, կերակրելու, սա է ղեկավարի առաջնորդի սիրո արտահայտության հիմնական բաղադրիչը։ Լիքը սառնարան, երեխաների հագուստի փող։ Միգուցե 2000-ականները շատերի համար հենց այսպես էլ հիշվում են, որովհետև փող իսկապես շատ կար։ Չենք քննարկում այդ շատ փողի գոյացման ու տեղապտույտի ներքին ու արտաքին մեխանիզմները, պատճառները, որովհետև Քոչարյանի սառնարանային դիսկուրսի թիրախում հայտնվածներն էլ դա չեն քննարկում։ Միաժամանակ չեն քննարկում, ավելի շուտ չեն սակարկում մարտի 1-ը։ Այն արձանագրվում է որպես իշխանության կողմից զենքի կիրառում քաղաքացիների դեմ։ Սակայն միամտություն կլինի կարծել, թե մարտի 1-ը պարզապես մի առանձին դրվագ էր։ Այդ ողբերգությանը նախորդող իրադարձություններն էլ առանձին դրվագ չէին։ Գործ ունենք մի մեծ շղթայի հետ, որ հանգեցրել էր Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ հանրային դժգոհության կոնսոլիդացիայի հետ, իսկ այդ կոնսոլիդացիային իշխանությունը պատասխանեց զենքով։

Իսկ կոնսոլիդացիան կայացել ու թափ էր առել կրկին ոչ թե Տեր-Պետրոսյանի անշուշտ էական դեր ունեցող խարիզմայի, այլ անարդարության զգացման պատճառով, որ կուտակվել էր սառնարանները լցնելու ակտիվ փուլին զուգահեռ։ Սառնարանները մեկ-երկու անգամ լցնելուց հետո պարզ էր դարձել, որ այդ պրոցեսը ընթանում է վայրի կանոններով, կոռուպցիայով, հովանովորչությամբ։ Սոովորական քաղաքացիների սառնարաններին զուգահեռ լցվում էին ոչ սովորականների մեծ սառնարանները, բանկային հաշիվները, անշարժ ու շարժական գույքի տեսակարար կշիռն էր ավելանում։

Միամիտ կլիներ կարծել, թե լիքը սառնարարններում հնարավոր կլինի պահուստավորել այնքան ուտելիք, որ մեղմեր կուտակվող անարդարության ու անհավասար մրցակցության պակասը։ Սառնարանն, իհարկե, իր պարունակությամբ կարևոր տեղ ունի Մասլոուի բուրգում, բայց բուրգի մյուս տեղերը բաց էին մնում, հնարավոր չէր նույն այդ սառնարանում սառեցնել հասարակության այլ, հաջորդ, քաղաքացիական նոր մակարդակի ձգտումներն ու ցանկությունները ևս։

Ըստ այդմ, ինչքան էլ տեղի ունի քոչարյանական շրջանի մասին հիշատակումները լիքը սառնարանների կոնտեքստում վերհիշելը, նույնքան էլ տեղ ունի վերհիշել այդ պրոցեսին զուգահեռ մյուս, առավել մեծ պրոցեսները։ Գուցե բավական սուղ 90-ականներից հետո, կանոնավոր լուսավորությունը, կանոնավոր աշխատավարձերն ու լիքը սառնարանները կարող էին դառնալ գերիշխող նարատիվ ու ընկնել հասարակություն-իշխանություն կոնսենսուսի հիմքում, բայց 2008-ի իրադարձությունները եկան փաստելու, որ այդ նարատիվը, իշխանության հետ այդ կոնսենսուսն արդեն սպառվել են։ Հասարակությունն այլևս այլ պայմանագիր է ցանկանում կնքել։ Այստեղ բնավ կարևոր չէ, թե հասարակական այդ պահանջարկին ինչ որակի առաջարկ էր տրվել, արդյոք այն կհաջողեր, թե ոչ։ Մենք խոսում ենք ոչ այնքան կոնկրետ քաղաքական պրոցեսից, որի ելքը հետահայաց հայտնի է։ մենք խոսում ենք հանրային տրամադրությունների փոփոխություններից, նոր հանրային պահանջարկից, որը գուցե հստակ չէր ձևակերպվել կոնկրետ թղթի վրա, բայց որի հիմնական բովանդակությունը հասկանալու ռեսուրս սթափ իշխանությունը պետք է ունենա։ Այդ փոփոխության փաստն իշխանությունն ու իր առաջին դեմքը չցանկացան արձանագրել ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա, երբ քրեական գործի բերումով այդ իշխանության առաջին դեմքն առերեսվել է քաղաքական նոր մարտահրավերի։

Հենց այստեղ է, որ Քոչարյանը շարունակում է հին մնալ։ Հին ոչ թե տարիքով, քավ լիցի, ավելի տարիքով մարդիկ են երկրներ ղեկավարում, մանավանդ, որ երկրորդ նախագահի առողջական վիճակը հուշում է, որ նա ակտիվ կենսագործունեության ունակ է։ Հին ոչ թե այն առումով, որ նա վերադարձե է անցյալից։ Հին այն առումով, որ ինչպես ինքն է նշում, անցյալում չարժի մնալ։ Բայց Քոչարյանն ամբողջովին մնացել է անցյալում թե իր գնահատողական մեթոդներով, թե գնահատման բազայով։