Քոչարյանը քողարկված սպառնալիք է հասցեագրում Հայաստանի հասարակությանը

Ռոբերտ Քոչարյանի գործով ցանկացած դատական ակտ, որը կլինի այս ճնշման տակ կայացված, ի սկզբանե ոչ լեգիտիմ է․ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա հիշեցրել է, որ երբ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց անձնական միջնորդությունները հաշվի առնելով փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը, ՀՀ վարչապետը, այնուհետև ԱԺ իշխող ուժի պատգամավորները ուղղակի կոչ արեցին ճնշում գործադրել դատական համակարգի վրա, ուղղակիրոեն մասնակցեցին ճնումների իրագործմանը, մարդկանց կոչ արեցին փակել դատարանների մուտքերն ու ելքերը, որն իրականացավ: «Սա պարզ մեսիջ էր վերաքննիչ դատարանին, նաև ապագայում պարոն Քոչարյանի հետ առնչություն ունեցող բոլոր դատավորներին, թե ինչ տեղի կունենա, եթե երբևիցե նրանցից որևէ մեկը կհամարձակվի Քոչարյանի վերաբերյալ կայացնել այնպիսի որոշում, որը վարչապետի կամ ԱԺ մեծամասնություն կազմող ուժի սրտով չլինի: Սա ուղղակի եւ ամենաբիրտ ճնշումն էր իշխանական երկու ճյուղերի կողմից իշխանական երրորդ ճյուղի նկատմամբ: Սա աննախադեպ երևույթ էր, որն ուղղակի դարձրեց ոչ լեգիտիմ ցանկացած կայացվելիք դատական ակտ, որը կլինի պարոն Քոչարյանի դեմ: Այսինքն ցանկացած դատական ակտ, որը կլինի այս ճնշման տակ կայացված, ի սկզբանե ոչ լեգիտիմ է»,-հայտարարել է փաստաբանը:

Քոչարյանի ու նրա պաշտպանական թիմի մարտավարությունն ակնհայտ է։ Նախ՝ նրանք փորձեցին ստանալ առավելագույնը, ինչն արեցին դատավոր Դավիթ Գիրգորյանի միջոցով՝ փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ապա քրեական գործը կասեցվեց ու ուղարկվեց ՍԴ։ Սա, այսպես կոչված, մաքսիմալիստական ծրագիրն էր, որը ենթադրում էր մի կողմից Քոչարյանի ազատություն անորոշ, երկարատև ժամանակով, մյուս կողմից՝ հեռանկար, որ ՍԴ-ն երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը կհամարի հակասահմանադրական, ու նա քրեական հետապնդումից առհասարակ ձերբազատվելու հնարավորություն կստանա։ Սա, ըստ էության, դավադիր մի ծրագիր էր, հակահեղափոխական ռևանշի դրսևորում, մի վիճակ, որը քաղաքական հարթության վրա ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նրա քաղաքական հեռանկարը։

Այս թեմայով մի քանի անգամ առիթ ունեցել եմ հանդես գալ հոդվածներով ու հիմա էլ պնդում եմ, որ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը՝ իր այսօրվա ռեսուրսներով, ի վիճակի չէր ինքնուրույն, ավտոնոմ ռեժիմով նման ծրագիր մշակել ու իրականություն դարձնել։ Էլ չեմ ասում այն մասին ու դա տեսանելի է նույնիսկ անզեն աչքերով, որ նախկին համակարգն, ըստ էության, կազմաքանդված է ու դրա առանձին սեգմենտներ նույնիսկ գտնվում են խուլ հակադրության մեջ։ Ասել կուզի, որ այս դավադրությունն ունի արտաքին հովանավոր ու, դատելով բազմաթիվ կոմպոնենտներից, հայկական հեղափոխության, Հայաստանի ինքնիշխանության հիմնական սպառնալիքը գալիս է Մոսկվայից։

Սակայն նույնիսկ այս պարագայում Մոսկվան կամ նրա հայաստանյան սատելիտներն ամենակարող չեն՝ հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու ու նրան ազատությունից զրկելու հարցում գոյություն ունի աննախադեպ հանրային կոնսոլիդացիա։ Ի դեպ, այս գործոնը պետք չէ ուղղակի կապի մեջ դնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ։ Եթե անգամ այն անկում է ապրել կամ գահավիժի, Քոչարյանի հարցում Հայաստանի հասարակության դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվի, որովհետև այն ստատիկ է ու, ըստ էության, նույնն է՝ հեղափոխությունից առաջ ու հետո։

Թերևս սա դավադրության հեղինակները հասկացել են ու անցել են պլան Բ-ին, որի իմաստն այն է, որ հնարավորինս ապալեգիտիմացվի Քոչարյանի ու մյուսների դատական գործընթացը՝ մի կողմից, Հայաստանի նկատմամբ ռուսական հնարավոր ճնշումները լեգիտիմացնելու, մյուս կողմից՝ հնարավոր դատավճիռը ՄԻԵԴ-ում բողոքարկելու նպատակով։ Սրա մասին էր փաստաբանի երեկվա ասուլիսը, որի միջոցով Քոչարյանն, ըստ էության, քողարկված սպառնալիք էր հասցեագրում Հայաստանի հասարակությանը։