ՔՊ համագումարի օրը փոխվել է. Ինչն է պատճառը

- in Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, շաբաթ օրը՝ հունիսի 15-ին, պետք է տեղի ունենար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ պետք է ընտրվեր կուսակցության վարչության նոր կազմ, ապա նաև վարչության նախագահ:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համագումարի օրը փոխվել է, և տեղի կունենա ոչ թե հունիսի 15-ին, այլ մեկ օր անց՝ հունիսի 16-ին: Մեր տեղեկություններով` որոշումը տեխնիկական է, և վերջին պահին խնդիրներ են առաջացել` համագումարի վայրի անցկացման հետ կապված: Չնայած նախապես հստակեցվել է, որ այն տեղի կունենա «Արմենիա մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկում, բայց վերջում սրահի հետ կապված խնդիրներ են առաջացել, և հետաձգվել է համագումարը:

Ինչո՞ւ նախապես չեն հաշվարկվել նման հարցերը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ՔՊ անդամ, կուսակցության նախկին մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հաստատեց համագումարի օրվա տեղափոխման լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնելով` միայն նշեց. «Կազմակերպչական աշխատանքների պատճառով համագումարը տեղի կունենա հունիսի 16-ին»»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...