1945-1953 թթ. Մովսես գյուղի կոլտնտեսության նախագահի սպանությունը բացահայտվել էր 8 տարի անց՝ սպանողի «հնարամտության» պատճառով

- in Իրավունք
Bant

1945 թվականին կոլտնտեսության գրասենյակի մոտ սպանվել էր Մովսես գյուղի կոլտնտեսության նախագահը: Գործը քննել էր ՊԱԿ-ը, նույնիսկ վարկած էր եղել, թե սպանությունը կատարվել է քաղաքական հողի վրա: Մի քանի վարկածների քննությունը, սակայն, արդյունք չէր տվել: Գործը մնացել էր չբացահայտված մինչև 1953 թվականը:

Մի քանի հատորից բաղկացած քրեական գործով քննությունը վերսկսվել էր 1953 թվականին: Ըստ վարկածներից մեկի՝ նախագահին անձնական դրդապատճառով կարող էր սպանել նաև գյուղացիներից մեկը՝ Սահակ Վ.-ն, սակայն պարզվել էր, որ նա սպանության պահին արգելանքի տակ էր եղել՝ խուլիգանություն կատարելու համար գտնվել էր Կիրովականի բանտում:

Բանտից դուրս գալով՝ Սահակ Վ.-ն Մովսես գյուղ չէր վերադարձել, բնակություն էր հաստատել Թովուզի շրջանում: Լավ արհեստավորի համարում ունեցող Սահակը Թովուզում կարգին տուն-տեղ էր դրել:

Վեց-յոթ ամիս օպերատիվ-հետախուզական գործողություններ էին կատարվել՝ Սահակի առնչությունը Մովսեսի կոլտնտեսության նախագահի սպանությանը պարզելու նպատակով:

Ի վերջո, օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ սովորաբար փակբերան Սահակը մի օր խմած ու նեղսրտած վիճակում ծանոթներից մեկի մոտ բացել էր սիրտն ու պատմել իր ամենամեծ գաղտնիքը:

Այնուհետև պարզվել էր, որ սպանության օրը Սահակը, որ ըստ փաստաթղթերի, գտնվել էր Կիրովականի բանտում, բանտի վերակացուին կաշառելով կամ համոզելով՝ 24 ժամով գաղտնի բացակայել էր բանտից…

Պարզվել էր նաև, թե ինչն էր եղել սպանության շարժառիթը:

Սահակի՝ Մովսես գյուղում գտնվող տան կտուրը վնասվել էր: Սահակը բանտում էր, նրա կինը դիմել էր կոլտնտեսության նախագահին ու գերաններ էր ուզել՝ տանիքը նորոգելու համար: Կոլտնտեսության նախագահը համաձայն էր գերաններ տրամադրել կնոջը, բայց՝ մի պայմանով՝ եթե նա համաձայներ իր անպարկեշտ առաջարկին:

Կինը մերժել էր: Պատմությունը հասել էր բանտում գտնվող Սահակի ականջին: Նա բանտում «կազմակերպել էր» իր 24-ժամյա բացակայությունը՝ պայմանավորվելով, որ այդ բացակայության մասին ոչ ոք չի իմանալու:

Քողարկված դուրս գալով բանտից՝ Սահակը իր կապերն օգտագործելով՝ նախ ինչ-որ մեկից «նագան» էր ճարել: Հետագայում՝ սպանության բացահայտումից հետո, Սահակն այդպես էլ չէր ասել, թե ումից էր ճարել «նագանը»: Նա գողունի հասել էր հայրենի գյուղ՝ Մովսես, լույսը չբացված՝ թաքնվել էր կոլտնտեսության գրասենյակի մոտ: Շուրջ երկու ժամ սպասել էր, մինչև տեսադաշտում երևացել էր կոլտնտեսության նախագահը:

Սահակը մի քանի կրակոցով սպանել էր գրասենյակ մտնող նախագահին ու թաքուն հեռանալով գյուղից, կրկին վերադարձել էր բանտ…

Եվ ամբողջ ութ տարի նրա կատարած սպանությունը մնացել էր չբացահայտված…

Սահակը դատապարտվել էր 15 տարի ազատազրկման: Դատվել էր նաև բանտի վերակացուն, ով Սահակի 24-ժամյա բացակայությունը թույլ էր տվել ու քողարկել…