21-ամյա պայմանագրային զինծառայողը Ճամբարակի ոլորաններին «Օպելը» «խալաստոյ» է գցել ու վթարի ենթարկվել. ուղևորներից մեկը զոհվել է

- in Իրավունք
vtar

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Գուրգեն Զ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 21-ամյա Գուրգեն Զ.-ն պայմանագրային զինծառայող էր, կոչումով՝ շարքային:

Նրան մեղադրանք էր առաջադրվել մահվան ելքով վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի գիշերը՝ ժամը 3-ն անց 30-ից 4-ի սահմաններում Գուրգեն Զ.-ն իր կողմից վարած «Օպել Աստրա» մեքենայով Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ դեպի Ճամբարակ երթևեկելիս, հաշվի չառնելով ճանապարհային պայմանները, մասնավորապես՝ շրջադարձի առկայությունը, և չընտրելով երթևեկության անվտանգ ռեժիմ, իրականացրել է մեքենայի ընթացքի ոչ պատշաճ կառավարում, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու աջ հատվածից ու անզգուշությամբ վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով իր մեքենայի ուղևոր Արսեն Կ.-ն ստացած վնասվածքներից մահացել է:

Գուրգեն Զ.-ն նախաքննության ընթացքում և դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Դատարանում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հրապարակվել են Գուրգեն Զ.-ի նախաքննական ցուցմունքները, համաձայն որոնց՝ 2018 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 22-ի սահմաններում իր ընկերների՝ 23-ամյա Արսենի, 27-ամյա Դավիթի, 16-ամյա Մելսիկի ու 15-ամյա Ռոբերտի հետ իր վարած «Օպել Աստրա» մեքենայով գնացել են Հրազդան քաղաքում գործող «Կատալինա» գիշերային ակումբ՝ ժամանակ անցկացնելու: Նոյեմբերի լույս 19-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, դուրս են եկել ակումբից, մեքենայով շարժվել են դեպի Ճամբարակ:

Մեքենան վարել է ինքը, Դավիթը նստած էր իր կողքին, մյուսները՝ հետևի նստատեղին, Արսենը նստած էր հետևի նստատեղի ձախ կողմում:

Երբ Ծովագյուղից թեքվել են դեպի Ճամբարակ տանող ոլորանները, վայրէջքի ժամանակ ինքը մեքենան վարել է մոտ 100 կմ/ժ արագությամբ: Փոխանցման տուփի լծակը դրված էր 3-րդ աստիճանի վրա, բայց որպեսզի բենզին տնտեսի, փոխանցման տուփի լծակը հանել է հանգստի ռեժիմ՝ խալաստոյ, ապա հասնելով ձախ թեքվող ոլորանին, արագության պատճառով խուճապի է մատնվել, քանի որ չի հասցրել ոլորանով թեքվել ձախ, չի կարողացել կառավարել մեքենան ու գնացել է դեպի աջ, դուրս է եկել երթևեկելի աջ հատվածից ու վթարի է ենթարկվել՝ գլխիվայր մի պտույտ է կատարել: Վթարի հետևանքով իր մեքենայի ուղևոր Արսեն Կ.-ն մահացել է: Վթարից առաջ չի հիշում՝ արգելակել է, թե՞ ոչ:

Գուրգեն Զ.-ն զղջացել է կատարվածի համար, խնդրել է օրենքի սահմաններում իր նկատմամբ մեղմ վարվել:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Գուրգեն Զ.-ն ասել է, թե ցուցմունքները ճիշտ են: Արագությունը՝ 100 կմ/ժ, իր պատկերացումով է ասել: Ինքը երկար ժամանակ չէ, որ մեքենա է վարում: Ընթացքի ժամանակ Դավիթն իրեն զգուշացրել է, որ դանդաղեցնի ընթացքը:

Ինքն արագությունից է շփոթվել ու չի կարողացել մեքենան կառավարել: Լիովին մեղավոր է, ամբողջությամբ ընդունում է տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել էր 1 միլիոն 500 հազար դրամի պահանջ՝ որպես Արսեն Կ.-ի հուղարկավորության ծախսերի հատուցում:

Վթարի պահին երկու անչափահաս ուղևորները մեքենայում քնած են եղել, վթարի պահը չեն տեսել:

Մեքենայի ուղևոր Դավիթ Կ.-ն հայտնել է, որ ոլորաններով իջնելու ժամանակ Գուրգենը մեծ արագությամբ է ընթացել, ինքը զգուշացրել է, որ արագությունը նվազեցնի, բայց նա իրեն չի լսել…

Դատարանը Գուրգեն Զ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, դատապարտել է 2 տարի իրական ազատազրկման՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Գուրգեն Զ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն 500 հազար դրամ:

Ազատազրկման ձևով պատժի սկիզբը կհաշվվի Գուրգեն Զ.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, եթե այս դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի: