aac

Նախօրեին գլխավոր դատախազությունը տարածեց տեղեկություն, որ դատախազ Արթուր Դավթյանը հրահանգել է վերաբացել Մատաղիսի հայտնի, աղմկոտ քրգործը, և այն քննելու է Ազգային անվտանգության ծառայությունը:

Հաշվի առնելով, թե ինչ հնչեղ և աղմկահարույց գործի մասին է խոսքը, դատախազության որոշումն ու վերաբացված գործն ԱԱԾ ենթակայության տակ փոխանցելը խոսում է ներքաղաքական երկնքում հզոր ամպրոպի մասին կամ, համենայնդեպս, որոշումը այդպիսին բնորոշելու մասին: Մատաղիսի գործն առնչվում է տեղի զորամասի երկու զինծառայողների սպանությանը՝ 2003 թվականին:

Այդ սպանության համար մեղադրվեց երեք այլ զինծառայող, որոնց դատապարտեցին ազատազրկման: Սակայն գործի ընթացքը արժանացավ իրավապաշտպանների, փաստաբանների, նույնիսկ սպանված զինվորների ծնողների քննադատությանը, որոնք պնդում էին, որ դատապարտվել են ոչ իրական մարդասպանները: Կային պնդումներ, որ իրական մարդասպանները զորամասի հրամանատարն է, այլ սպաներ, որոնց հանցանքը կոծկում է զինվորական դատախազությունը:

Մի քանի տարի անց գործով կայացվեց առաջին անսպասելի որոշումը, որին, ի դեպ, որպես փաստաբան հասել էր Զարուհի Փոստանջյանը, որը ներկայումս դիրքավորվել է հեղափոխության ընդդիմության, Նիկոլ Փաշինյանի սուր քննադատության և Ռոբերտ Քոչարյանի լատենտ պաշտպանության դիրքում: Իսկ Մատաղիսի գործը հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահական պաշտոնավարման ամենաաղմկահարույց գործերից մեկն էր, որին ի դեպ ներգրավված էր նաև նրա ներկայիս պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը՝ որպես մեղադրվող զինվորների փաստաբան: Ավելին, զինվորական դատախազն այդ շրջանում Գագիկ Ջահանգիրյանն էր, որի դիրքավորումը ներկայումս ևս հայտնի է:

Վճռաբեկ դատարանն այդ ժամանակ կայացրեց որոշում՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին, որ մեղադրվող զինծառայողները անմեղ են, դատապարտվել են հանիրավի: Նրանք հայտնվեցին ազատության մեջ, իսկ ՄԻԵԴ-ը հետագայում բավարարեց Հայաստանի կառավարության դեմ նրանց դիմումները: Դեռևս Վճռաբեկ դատարանի որոշումը մամուլում և փորձագիտական դաշտում մեկնաբանվեց իբրև ներիշխանական, համակարգային հարաբերությունների պարզաբանման դրսևորում՝ նկատի ունենալով այն, որ մոտենում էր 2007-08 թվականների ցիկլն ու իշխանության փոխանցման փուլը:

Այդպիսով, իրավիճակի համառոտ, ոչ ամբողջական դետալային դիտարկումը բավարար է հասկանալու համար, թե ինչ գործի մասին է խոսքը, և թե իրավական, ու թե քաղաքական-հոգեբանական ինչպիսի ռեսուրսի վերաբացման և ԱԱԾ ենթակայության տակ դնելու մասին է խոսքը:

Անկասկած է, որ անկախ դրա իրավական ընթացակարգից, գործ ունենք հանգամանքի հետ, որը, այսպես թե այնպես, թողնելու է իր ներքաղաքական ազդեցությունը բոլոր այն դերակատարների վրա, որոնք այս կամ այն կարգավիճակով, հաճախ ներկայիս իրենց դիրքերից տրամագծորեն տարբեր դիրքավորումներով եղել են Մատաղիսի գործընթացի շրջանակում: Օրինակ՝ նույն զինվորական դատախազ Գագիկ Ջահանգիրյանն այն ժամանակ իշխանության թիմում էր և նրան վերագրվում էին Ռոբերտ Քոչարյանի հրահանգով գործողություններ: Ինչպես արդեն հայտնի է, ներկայումս Հայկ Ալումյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում է, իսկ այն ժամանակ համակարգին մեղադրողների, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանին: Պատկերը իսկապես բավականին նուրբ-խճանկարային է, ինչը, անկասկած, հիմք է տալիս եզրակացնելու, որ, մեծ հաշվով, գործ ունենք յուրօրինակ «Պանդորայի արկղի» հետ, պարզապես դեռ պարզ չէ, թե ԱԱԾ-ն որքան կբացի արկղի բերանը և ինչ դուրս կթողնի դրանից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...