ԱԱԾ պետն ասել է ամբողջը. Արտառոց իրավիճակ

- in Ով ով է ...

Իջեւանում եղել է ոչ թե ժողովրդի բողոքի ակցիա, այլ անտառի անօրինական հատման բիզնեսի հետեւում կանգնած մի խումբ մարդկանց կազմակերպած սադրանք:

http://lragir.amԱյդ հայտարարությունն Իջեւանում արել է նախօրեին տեղի ունեցած բախումից հետո Իջեւան այցելած ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, որը հայտարարել է, որ այդ սադրանքը կազմակերպողները պատասխան են տալու, եւ որեւէ մեկը չի կարող թաքնվել իրավապահներից:

ԱԱԾ պետի Իջեւան այցն ու հայտարարությունն անշուշտ խոսում են իշխանության վճռականության մասին, միաժամանակ այն մասին, որ Իջեւանում տեղի ունեցածը կառավարությունը դիտարկել է արտառոց, առանձնահատուկ ահազանգ:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում առանձնահատուկ իրավիճակ է: Հեղափոխության մեթոդաբանությունը իշխանությանը դրել է հետագա վարքագծի առումով որոշակի պատասխանատվության առաջ, էապես սահմանափակելով ուժային բաղադրիչի կիրառումը: Մյուս կողմից, ժամանակի ընթացքում նկատելի է դառնում, որ այդ մեթոդաբանության այսպես ասած հետհեղափոխական «նստվածքը» փորձում է կաթիլ առ կաթիլ գեներացնել նախկին իշխող համակարգը, կամ դրա որոշակի շրջանակներ՝ օգտվելով հանրային տարբեր խմբերի մի կողմից սոցիալական խնդիրներից, մյուս կողմից հենց իրենց իսկ կառավարման ժամանակաշրջանում արմատավորված հոգեկերտվածքից ու մտածողությունից:

Մյուս կողմից, այդ մեթոդաբանությունը եղել է հեղափոխության ուժը, եւ դրանից հրաժարվելը բերելու է թուլության: Առերեւույթ է միայն, որ ուժի այսպես ասած սահմանափակումը կամ կաշկանդվածությունը նոր իշխանությանը դարձնում է խոցելի: Այստեղ ավելի շուտ աշխատում է հանրային ընկալման մեջ եղած մեկ այլ հոգեբանություն՝ որ իշխանությունն ուժեղ է, եթե կարողանում է որեւէ անցանկալի բողոքի դեմ անկաշկանդ ուժ կիրառել, այլապես կա խնդիր:

Դա էլ նախկինից եկող հոգեբանություն է, որ կարծես թե շարունակում է գերակշռել հանրային տիրույթում: Դա հետեւանք է այն բանի, որ հանրությունը դեռեւս ամբողջապես չի գիտակցել ու պատկերացրել նախորդ համակարգի նկատմամբ իր հաղթանակի բնույթը եւ մասշտաբային նշանակությունը: Մասշտաբ, որը չի սահմանափակվում Հայաստանով:

Այստեղ է գլխավոր խնդիրը՝ սեփական հաղթանակի ուժի հանդեպ թերահավատությունն ու ֆիզիկական ուժի հանդեպ «հավատից» կախվածությունը: Դա է բերում իրավիճակի, երբ թվում է, որ չկա ֆիզիկական ուժին այլընտրանք: Մինչդեռ, հենց թավշյա հեղափոխությունն էլ պարզորոշ վկայություն է, որ կա այլընտրանք եւ թերեւս հակառակը՝ չկա այլընտրանք առանց բռնության մեթոդաբանության ուժին:

Ներկայում ամբողջ հարցն այն է, թե ինչպես է կառավարող ուժը հաջողելու զատել հանրային օրգանիզմը այն միկրոմիջավայրերից, որոնց նպատակը հենց ֆիզիկական ուժի կիրառման սադրանքն է: Այստեղ է, որ առանցքային նշանակություն կարող է եւ պետք է ունենա ԱԱԾ-ն: Ըստ այդմ, Արթուր Վանեցյանի ներգրավումը գործընթացին հուշում է, որ խնդիրը դիտարկված է խորապես եւ գնահատված է համարժեք:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան