ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` Ֆրանսիայի զենք վաճառելու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Լեհաստանում ՀՀ դեսպանի մասին

- in Կարծիք

ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հրավիրած ճեպազրույցում անդրադարձավ հրապարակումներին, ըստ որոնց՝ Ադրբեջանը պատրաստվում  է Ֆրանսիայից զենք գնել:

«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ մենք մշտապես նշել ենք, որ հետամուտ ենք լինելու այդ հարցին: Այդ հարցը մշտապես բարձրացնում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Ինչ վերաբերում է այս կոնկրետ դեպքին, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, որոնք վերաբերում են ռազմարդյունաբերության ոլորտին, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Եթե չեմ սխալվում, դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և նաև Ֆրանսիան երբեք Արդբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան իսկապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, ինչպես նաև տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը»,- ասաց Նաղդալյանը:

Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի պահվածքի վրա:

Այս մասին այսօր հրավիրած ճեպազրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա նշեց, որ հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին որպես դիտորդ մասնակցելու հրավեր ստացել էր նաև ՀՀ պատվիրակությունը: Ըստ Նաղդալյանի՝ հայկական կողմը դիմել էր  ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ հյուրընկալող պետությունից ստանալու անվտանգության հավելյալ միջոցներ՝ ՀՀ պատվիրակության մասնակցության համար:

«Սակայն միջոցառումից երկու օր առաջ՝ հունիսի 28-ին, հայկական պատվիրակությունն ստացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության երաշխիքներ: Այսպիսով, Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությունը տվյալ միջոցառմանը, ինչն իր մեջ արատավոր նախադեպ է պարունակում, երբ մշակութային և բնական համաշխարհային ժառանգության կոնվենցիայի անդամ մեկ պետություն կարող է արգելափակել անդամ մեկ այլ պետության՝ նիստին մասնակցելու իրավունքների իրականացմանը: Այս առնչությամբ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա, ինչպես նաև հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար, այսօր հրավիրած ճեպազրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Իսկ պարզաբանումը կապված է եղել վիզաների տրամադրման գործընթացի հետ, ինչին օրերս անդրադարձել էր Հետք կայքը: Ըստ հրապարակման՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը արհեստական խոչընդոտ էր ստեղծել լրագրողի վիզայի ստացման գործընթացում, իսկ ՀՀ Արտաքին գործերի նախարարության նոտան դեսպանատան կողմից հաշվի չէր առնվել:

«Այս հարցը մենք դիտում ենք առավել լայն՝ ԵՄ հետ վիզաների դյուրացման գործընթացի կատարման համատեքստում: Եվ այդ գործընթացի որևէ դրույթի կատարման թերացումները մեզ համար անընդունելի են: Եվ մենք խստորեն անդրադառնալու ենք այս հարցին: Տվյալ հարցի առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումնների համար: Եվ իրեն ներկայացվել է ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Ըստ նրա՝ ԵՄ հետ հարաբերություններում հայկական կողմը մշտապես ընդգծում է մարդկանց միջև շփումների խրախուսման կարևորությունը և մշտապես հետամուտ են լինելու այս հարցին: