ԱԺ-ն կարող է ընթացք տալ հարցին. Հրայր Թովմասյանը միաժամանակ զբաղեցրել է 2 անհամատեղելի պաշտոն

Hrayr Tovmasyan

Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակվել է Սահմանադրության խախտմամբ, գրում է Իրավաբան.net-ը: 

Բանն այն է, որ նա պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում չէր ներկայացրել, միևնույն ժամանակ չէր կարող պաշտոնավարել թե՛ ՍԴ անդամի, թե՛ պատգամավորի պաշտոնում, հետևաբար, պետք է դադարեցվեին նրա պատգամավորական լիազորությունները:

Պատգամավորական մանդատի հետ անհամատեղելիությունը սահմանվում է Սահմանադրության 95-րդ հոդվածով. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»:

Լիազորությունները պետք է դադարեցվեին

Հրայր Թովմասյանի պատգամավորի լիազորությունները պետք է ոչ թե դադարեին, այլ դադարեցվեին: Կդադարեին, եթե նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ  հոդվածով սահմանված կարգով հրաժարական տար և դիմում գրեր (տես օրենքի 154 և 154-րդ հոդվածները), ինչը չի արել և ինչի մասին Իրավաբան.net-ին գրավոր հայտնել էին Ազգային ժողովից:

Մեր հարցմանն ի պատասխան այն ժամանակվա ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը նշել էր. «…Հրայր Թովմասյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այդ հարցը կարգավորվել է 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածով և ՀՀ Ազգային ժողովի 2018թ. մարտի 2-ի ԱԺՈ-օօ8 որոշման համաձայն»:

Արա Բաբլոյանը լիազորություն չուներ դադարեցնելու պատգամավորի լիազորությունները 

Եվ որպես լուծում Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել էր արձանագրություն՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Սակայն պարզվում է, որ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը չուներ լիազորություն՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն կազմելու:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածը վերաբերում է պատգամավորի լիազորությունների դադարման (և ոչ դադարեցման) կարգին: Այսպիսով, հոդվածի 1-ին մասում սահմանվում է. «Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե՝  1) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը. 2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 3) նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն. 4) նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնել. 5) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել. 6) նա տվել է հրաժարական»:

Նույն հոդվածի 3-րդ մասում նշվում է. «Սույն հոդվածի 1-ին մասի 2-ից 6-րդ մասերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով»:

Այսինքն, Արա Բաբլոյանը կարող էր արձանագրություն ստորագրել միայն լիազորությունների դադարման և այն էլ միայն վերոնշյալ հիմքերի դեպքում:

Սահմանադրությանը հետևելու փոխարեն փորձ է արվել անաղմուկ և կարճ «լուծում» տալ

Մինչդեռ, պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մի ամբողջական գործընթաց է սահմանվում օրենսդրությամբ, որն, իրականում, չի իրականացվել:

Այսպիսով, Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասում նշվում է. «Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում»:

Իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետում հստակ նշվում է, որ պատգամավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունում է սահմանադրական դատարանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածը նվիրված է հենց Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացին: Այս հոդվածի 1-ին մասից տեղեկանում ենք, որ այս դեպքում սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաև կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

Ինչպես արդեն իսկ նշեցինք, Մինչդեռ Սահմանադրությամբ ամրագրված ճանապարհով անցնելու փոխարեն փորձ է արվել այլ, ավելի անաղմուկ և կարճ «լուծում» գտնել: Եվ Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է վերոնշյալ համար 2 արձանագրությունը: Այնինչ,  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահի լիազորությունների մեջ չկա պատգամավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որևէ կետ:

Այսպիսով, Հրայր Թովմասյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար Ազգային ժողովի խորհուրդը պետք է դիմեր սահմանադրական դատարանին, որպեսզի վերջինս դրա վերաբերյալ որոշում ընդուներ: Եվ քանի որ այս գործընթացը չի կատարվել, իսկ ԱԺ նախագահը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու լիազորություն չունի, ապա կարող ենք եզրակացնել, որ Հրայր Թովմասյանը շարունակել է պաշտոնավարել թե՛ պատգամավորի, թե՛ ՍԴ անդամի պաշտոններում մինչև 2018-ի նոյեմբերի 1-ը, երբ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց:

Գնահատական իրավիճակին

Նախևառաջ պետք է իրավական գնահատական տրվի Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի կողմից նման փաստաթուղթ ստորագրելուն  և հստակեցվի, թե արդյոք այս քայլը պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն չէ:

Զարմանալիորեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատական չեն տվել ոչ միայն իրավաբանական հանրությունը` առաջնորդվելով փակ կաստայական շահերով, այլ նաև մի շարք այլ իրավասու մարմիններ, օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ): Պաշտոնական կայքի նորությունների բաժնում գտնում ենք տեղեկություն, որ 2018-ի մարտի 2-ին ԿԸՀ արտահերթ նիստ է գումարվել.

«Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին տալու վերաբերյալ»:

Հետաքրքիր է, որ այս հաղորդագրության մեջ օգտագործվել է ԱԺ նախագահի կողմից ստորագրված արձանագրության անվանման յուրովի խմբագրված տարբերակ՝ «լիազորությունները դադարած համարելումասին», մինչդեռ բնօրինակում նշված է «լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին»:

Այս ամենին արձագանք չի եղել նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից նույնպես, որն իրավասություն ունի սեփական նախաձեռնությամբ վարույթներ հարուցելու:  «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում են, թե որոնք են բարձրաստիճան պաշտոնյայի էթիկայի կանոնները և դրանցից առաջինն է «հարգել օրենքը և ենթարկվել օրենքին»:

Հրայր Թովմասյանի սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել

Եվ, ի վերջո, Սահմանադրական դատարանը նույնպես կարող էր և կարող է դադարեցնել Հրայր Թովմասյանի ՍԴ դատավորի լիազորությունները՝ հենց նույն անհամապատեղելի պաշտոն զբաղեցնելու հիմքով:

Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետում նշվում է. «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ դատավորի լիազորությունները` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում»:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվում են այն դեպքերը, երբ դադարեցվում է սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշվում է, որ սահմանադրական դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա խախտել է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվում է.

«Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, որում պետք է մատնանշվեն Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասում և սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հիմքերը»:

Այսինքն, ներկայումս Ազգային ժողովը կարող է անդրադառնալ և ընթացք տալ հարցին: Եվ հուսով ենք, որ այս անգամ նաև մյուս պատկան մարմիններն ու իրավաբանական հանրությունը կարձագանքեն: