Աղմկոտ գործի անսպասելի վերաբացում. Մատաղիսի գործը ԱԱԾ-ում

- in Մամուլ
aac

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը news.am-ին հայտնել է, որ վերաբացվել է Մատաղիսի հայտնի գործը եւ այն կքննի ԱԱԾ-ն:

Խոսքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որով 2015թ․ նախաքննական մարմնի կողմից կայացվել էր վարույթը կասեցնելու մասին որոշում, պահանջվել և ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ՝ նկատի ունենալով, որ քրեական գործով առկա են պարզման, ստուգման և հստակեցման ենթակա մի շարք առանցքային նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական, դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Մատաղիսի աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2003 թվականին։ Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս են եկել զորամասից և չեն վերադարձել։ 15 օր անց երկու զինծառայողների դիակները գտել են Մատաղիսի ջրանցքում։ 2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչել նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և նրանց դատապարտել է 15 տարի ազատազրկման։ 2006-ին Վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման, այնուհետև Վճռաբեկ դատարանը դեկտեմբերին բեկանել էր դատավճիռները եւ գործն ուղարկել նոր նախաքննության, եւ մեկ տարի անց երեք տղաները կրկին գործում ներգրավվեցին որպես մեղադրյալ:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն արդարացման վճիռ կայացրեց. նախկին ամբաստանյալները անմեղ  ճանաչվեցին՝  ապացույցների անբավարարության հիմքով: