usa-spitak-tun

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկու նախաձեռնություն է արժանացել հավանության, որոնք վերաբերում են Արցախին:

Մեկը առնչվում է սահմանին հրադադարի պահպանման և հետաքննության մեխանիզմների տեղակայմանը, մյուսը՝ Ադրբեջանին քաղաքացիական օդանավերի հարվածելու կարողություն պարունակող սպառազինություն մատակարարելու արգելքին, Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգության համար: Ինքնին հասկանալի է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այդ որոշումները դեռևս ԱՄՆ գործադիր քաղաքականություն չեն, առնվազն, քանի դեռ հաստատված չեն նաև Սենատում: Միաժամանակ նույնքան հասկանալի է, որ այստեղ բավականին մեծ է հայկական լոբբիի գործողության արդյունքը: Ադրբեջանցիներն էլ, ի դեպ, խոսում են այդ մասին: Բայց պետք է նաև նկատել, որ ԱՄՆ չափազանց լուրջ պետություն է և ունի բավականին կայուն ու կայացած քաղաքական համակարգ լոբբիների ազդեցության տակ չհայտնվելու համար:

Ըստ այդմ, մեծ հաշվով, առանցքային խնդիրներում լոբբիները հասնում են հաջողության այն դեպքում, երբ այդ հաջողությունը բխում է նաև ԱՄՆ շահից ու անհրաժեշտություններից: Եվ ուրեմն, եթե երկու բանաձևերի կամ նախաձեռնությունների հարցում հայկական լոբբին հասել է հաջողության, ուրեմն այդ նախաձեռնությունների կամ այդ հաջողության կարիքն ունեցել է Միացյալ Նահանգները, դրանք բխել են Նահանգների շահից: Եվ դարձյալ, գործադիր թևի արտաքին քաղաքականության տեսանկյունից սա, դեռևս, կատարվող քայլերի շրջանակ չէ, գուցե հեռու է դրանից, սակայն ամեն ինչ չէ, որ պետք է չափվի լոկ Սպիտակ տան սանդղակներով: Ի վերջո, այդ տեսանկյունից էլ ԱՄՆ քաղաքական համակարգը պարզունակ չէ և ինքն իրեն օժտել է միջազգային գերակա խաղի բազմաստիճան ֆունկցիոնալությամբ:

Այդպիսով, ամերիկյան քաղաքականությունը երկու ուժեղ քաղաքական ազդակ է հղում ռեգիոն, ընդ որում՝ դրա լայն իմաստով, այսինքն՝ ոչ միայն ադրբեջանական կամ հայ-ադրբեջանական: Ի վերջո, ամերիկյան ազդակն ուղղված է նաև Իրանին՝ առ այն, որ Նահանգները օրակարգային է տեսնում ստատուս-քվոյի պահպանումը: Իսկ այդ իմաստով Նահանգների և Իրանի շահերը փաստացի համընկնում են, որովհետև ներկայիս ստատուս-քվոյի պահպանումն ու հայկական վերահսկողությունը նաև Իրանի առաջնահերթությունն է, և Թեհրանը մի քանի անգամ և պարբերաբար է ակնարկել այդ մասին: Այդպիսով, հայկական օրակարգի շրջանակում Նահանգների Կոնգրեսը փաստացի երկու նուրբ ազդակ է հղում Թեհրանին, ներկայիս լարվածության պայմաններում, ինչը, անկասկած, հատկանշական է հայաստանյան դիրքերի տեսանկյունից; Ի դեպ, հետաքրքիր է, որ Ռոյթերզը զուգահեռ տեղեկություն էր տարածել, որ ԱՄՆ մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Իրանի արտգործնախարար Զարիֆի նկատմամբ: Ռոյթերզը հղում էր արել դիվանագիտական ամերիկյան բարձրաստիճան աղբյուրների, որոնք նշել էին, թե դա Վաշինգտոնի ազդակն է Թեհրանին, որ բանակցային մտադրությունն ամենևին սպառված չէ և կա դրա պատրաստակամություն: Այդ առումով, Հայաստանով կամ հայկական օրակարգով Կոնգրեսի որոշման տեսքով «տարանցվող» ազդակը ստանում է լրացուցիչ հետաքրքրականություն խորքային աշխատանքի տարածության իմաստով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...