Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ից սպառազինություն ձեռք բերելու Հայաստանի ներուժը մեծ չէ, քանի որ ամերիկյան սպառազինությունը գուցե որակով, բայց թանկ է:

http://lragir.amԱՄՆ սպառազինություն ձեռք բերելու թեման Հայաստանում բացեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը՝ նախորդ տարի Կովկաս կատարած ռեգիոնալ այցի  , որը սկսել էր Մոսկվա կատարած այցով եւ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումով: Դա հատկանշական շրջան էր Հայաստանի համար, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո մի քանի ամիս անց Ռուսաստանի պրոպագանդիստական մի շարք շրջանակներ սկսել էին ինտենսիվ աշխատանքը այն ուղղությամբ, թե Հայաստանում տեղի է ունեցել Արեւմուտքի կազմակերպած հեղափոխություն:

Առնվազն տարակուսելի կլիներ, որ այդ պայմաններում, այն էլ Պուտինի հետ հանդիպումից հետո Ջոն Բոլթոնը Երեւանում հայտարարեր կամ առաջարկեր ռուսականի փոխարեն ձեռք բերել ամերիկյան սպառազինություն, անշուշտ լավ պատկերացնելով, որ այդ հայտարարությունը կարող է պարզապես առիթ դառնալ Ռուսաստանի այդ շրջանակների համար:

Պետք է ենթադրել, որ Բոլթոնի հայաստանյան այդ աննախադեպ հայտարարությունը գործնականում Պուտինի հետ քննարկումների որոշակի արդյունք էր, հաշվի առնելով նաեւ այն, որ նախորդ տարվա աշունը ՌԴ նախագահի համար բավական բարդ էր նաեւ արցախյան հարցի համատեքստում ռեգիոնալ անվտանգության իրողությունների պրիզմայով:

Ի վերջո, Հայաստանի թավշյա հեղափոխության դեմ ռուսական պրոպագանդիստական մեքենայի աշխատանքում անկասկած նշմարելի էր ադրբեջանական ձեռքը, որով Ալիեւը ձգտում էր հնարավորինս խուսափել աշնանային պայմաններից, որոնց վրա կառուցվեց Դուշանբեն:

Մի կողմից ռուսական ներքին մերձիշխանական տնտեսա-քաղաքական շրջանակներից, մյուս կողմից Բաքվից եկող ճնշումների ներքո, Բոլթոնը Հայաստանում արած հայտարարությամբ Պուտինին պարզապես առաջարկեց օգնություն, մեծ հաշվով ազդարարելով Հայաստանի այլընտրանքի մասին:

Դրանից հետո հայ-ամերիկյան հարաբերության ռազմա-տեխնիկական բաղադրիչի շուրջ առարկայական քննարկումներ, կոնկրետ պայմանավորվածություններ չեն եղել, սակայն բանն ամենեւին դա չէ, որովհետեւ, օրինակ ռուսական ուղղությամբ մի շարք պայմանավորվածությունների, այդ թվում հնարավոր ռազմական անակնկալների հանգամանքը՝ որոնց մասին այժմ օրինակ խոսում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, մեծ հաշվով նաեւ Բոլթոնի աշնանային հայտարարության ռազմա-քաղաքական էֆեկտն է:

Ըստ այդմ, խոսելով ամերիկյան սպառազինության մասին, թեմայի թերեւս անհարկի եւ անպատեհ նեղացում է այն Հայաստանի վճարունակության ներուժին հանգեցնելը, եթե անգամ իրապես կա այդ խնդիրը:

Ընդհանրապես, որեւէ սպառազինության համար պետության վճարունակության հարցը թերեւս պետք է լինի ազգային անվտանգության առանցքային հարց, եւ այն պետք է դրվի ոչ թե որ Հայաստանն ի վիճակի է վճարել այս կամ այն երկրից սպառազինության համար, կամ ի վիճակի չէ, այլ՝ Հայաստանը նպատակահարմար գտնում է որեւէ գործարք, համարու՞մ է անհրաժեշտ, թե ոչ:

Ռազմա-տեխնիկական գործարքն անշուշտ բիզնես է, բայց նաեւ մեծ քաղաքականություն: Հետեւաբար այստեղ որեւէ պետության ներուժ չափվում է այդ մեծ քաղաքականության մասշտաբով եւ դրան տվյալ երկրի կառավարության համարժեքությամբ: Իսկ համարժեքությունը չի չափվում լոկ ֆինանսական կարողությամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...