ԱՄՆ-ը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը լինի ՌԴ արբանյակ

- in Վերլուծական

Հայաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունը Միացյալ Նահանգների հետ՝ ակնկալելով հռչակագրային բնույթից անցնել իրական, կոնկրետ նպատակների վրա խարսխված հարաբերության՝ ԱՄՆ Ատլանտյան խորհուրդ հեղինակավոր ինստիտուտում իր ելույթում ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է ավելի շատ աջակցել Հայաստանին:

Նա միաժամանակ ակնարկել է, որ Նահանգների ավելի շատ աջակցության պակասը թերևս պայմանավորված է Հայաստանի հեղափոխության «ներքաղաքական» բնույթով: ԱԺ նախագահն ակնարկում է, որ ԱՄՆ-ն ավելի շատ աջակցության համար Հայաստանից ակնկալում է արտաքին քաղաքական կողմնորոշում: Դա բավականին լայն տարածված կարծիք է, որը հաճախ նաև հիմնավորում են՝ հղում անելով ամերիկացի փորձագիտական, վերլուծական կենտրոնների տարբեր ներկայացուցիչների:

Այն, որ ԱՄՆ-ը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը լինի ՌԴ արբանյակ՝ արտաքին քաղաքական և անվտանգային, աներկբա է: Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ն ունի ցանկություն, որպեսզի Հայաստանը Ռուսաստանից անցում կատարի դեպի ԱՄՆ ազդեցության գոտի, ինչպես, օրինակ, ընկալվում է Վրաստանը: Այստեղ է, որ իրավիճակը թերևս այնքան էլ միարժեք կամ սև-սպիտակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:
Նախ՝ Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս, Ռուսաստանի արբանյակ չհանդիսացող Հայաստանը դեռ չի նշանակում Ռուսաստանից հեռացած Հայաստան: Ավելին, ռեգիոնալ իրողությունները այնպիսին են, որ հենց այդ Հայաստանն է, որ կարող է իրապես իբրև միջազգային հարաբերության ու ռեգիոնալ անվտանգության սուբյեկտ լինել Ռուսաստանի կողքին և ըստ այդմ օգնել, որպեսզի Ռուսաստանը կարողանա ռեգիոնում լուծել իր հարցերը:

Բանն այն է, որ այստեղ կա ընդհանուր շահերի որոշակի համակարգ, ինչը ստեղծում է համատեղ աշխատանքի և ընդհուպ դաշնակցության դաշտ: Հարցն այն է, որ Հայաստանն այդ դաշտում տեղ ունի միայն ինքնիշխանության պայմաններում, որովհետև այդ իրողությունները ենթադրում են նաև հայ-ռուսական խնդիրների և մոտեցումների որոշակի տարբերություններ, սկզբունքային տարբերություններ: Եվ այստեղ է, որ «ոչ» ասելու կարողություն ունեցող Հայաստանն է, որ կարող է ստիպել, որ Ռուսաստանն էլ շատ հարցերում դիմանա Թուրքիային, Ադրբեջանին «այո» ասելու գայթակղությանը: Այստեղ է հարցերի և հարաբերությունների նուրբ համակարգը, և անկասկած է, որ Միացյալ Նահանգները հիանալի պատկերացնում է այն:

Վրաստանի հարցը բացարձակապես համեմատելի չէ Հայաստանի հետ, որովհետև Վրաստանում Նահանգները լուծեց սկզբունքորեն այլ հարց: Ընդ որում, լուծելով այդ հարցը՝ Նահանգները Հայաստանի համար ձևավորեց ճկուն ռեգիոնալ քաղաքականության միջավայր: Այդ միջավայրն օգտագործել, սակայն, կարող է ինքնիշխան Հայաստանը, որը Ռուսաստանի արբանյակ չէ, այլ ի վիճակի է Ռուսաստանը պահել իր հետ աշխատանքի և դաշնակցության դաշտում: Ինչո՞ւ է դա բավարար Նահանգների համար: Որովհետև ռազմավարական «բարձունքի» խնդիրը Վաշինգտոնը լուծել է Վրաստանում:

Ներկայումս կարիք կա լուծելու, այսպես ասած, կառավարման վահանակի կամ կառավարման կենտրոնի խնդիրը: Իսկ այդ կենտրոնը Հայաստանն է՝ հայկական գործոնի հետ առնչվող մի շարք հանգամանքներից ելնելով՝ թե՛ ընթացիկ ռազմաքաղաքական, թե՛, առավել ևս, պատմաքաղաքակրթական:

Ի վերջո, ԱՄՆ-ի համար նույնքան պարզ է, որ Կովկասը եղել է և լինելու է բազմաշերտ ռեգիոն՝ բազմաթիվ խնդրահարույց վեկտորներով, և այստեղ հնարավոր չէ հաստատել, այսպես ասած, մեկ մանդատ, ինչպես կարծում են Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ և շրջանակներ: Այստեղ կա բազմաթիվ շերտերը համադրելու և արդյունավետ կառավարելու խնդիր, և այդ իմաստով է, որ Հայաստանը Կովկասում անփոխարինելի է: Այդ հանգամանքից բխում են բազմաթիվ ռիսկեր, ինչպես ցանկացած գեոքաղաքական ասպեկտում, սակայն այդ հանգամանքը Հայաստանին տալիս է բացառիկ հնարավորություն, մրցակցային բացառիկ առավելություն, որը առկա չէ ռեգիոնալ տարբեր կալիբրի խաղացողներից և որևէ մեկի ձեռքում:

Ամբողջ հարցը ինքնիշխան քաղաքականության կարողություն ունեցող Հայաստանն է, և այդ Հայաստանն այժմ կա կամ, համենայնդեպս, ձևավորվում է: Այստեղ է խնդիրը, ըստ այդմ՝ դրա կարողությունն է, որ պետք է մատուցել Միացյալ Նահանգների քաղաքական իսթեբլիշմենտին՝ հնարավորինս կոնցեպտուալ և համոզիչ: Վաշինգտոնը Երևանից հավատարմության երդում չէ, որ սպասում է, այլ համարժեքության կոնցեպտներ, որոնք պետք չէ ուշացնել: