Այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական

- in Վերլուծական

Եվ այսպես, Սահմանադրական դատարանն անսպասելիորեն որոշել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը:

Այն դեպքում, երբ ավելի վաղ վերաքննիչ քրեական դատարանն արդեն բեկանել էր ընդհանուր իրավասության դատարանի այդ որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին: Իրավունք ուներ Սահմանադրական դատարանն այդ գործը վարույթ ընդունել, թե ոչ՝ իրավաբանների որոշելիքն է: Փաստաբան Տիգրան Եգորյանն, օրինակ, ոչ միայն գտնում է, որ իրավունք չուներ, այլեւ այդտեղ հանցագործության տարրեր է տեսնում:

Բայց հարցի իրավական կողմը թողնենք իրավաբաններին եւ փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ըստ էության: Երբ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր, Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի գլխավորությամբ հայտարարեց, թե նա Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը չի մասնակցելու, որովհետեւ կողմնակալ է: Ի պատասխան՝ բազմաթիվ փաստեր հրապարակվեցին, որոնք հիմնավորում էին, որ ՍԴ ներկա կազմի մեծ մասը նույնպես չպետք է քննի Քոչարյանի գործը, որովհետեւ անաչառ լինել չի կարող: Ու մինչ այս իրավիճակից դուրս գալու ելքեր էին փնտրվում, նախկին հանրապետական պատգամավոր ու ՀՀԿ կառավարության անդամ Հրայր Թովմասյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը «չորով»  ահա այսպիսի որոշում ընդունեց: Նպատակն ակնհայտ է՝ իբր Սահմանադրության անունից ամեն ինչ անել, որ Քոչարյանը խուսափի պատասխանատվությունից:

Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական, ու Սահմանադրական դատարանը, որն իբր պիտի ամենաանկողմնակալ կառույցը լիներ եւ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մնար, վերածվում է քաղաքական գործիքի: Այո, ոչ թե քաղաքական մարմնի, այլ ընդամենը գործիքի, որը հաճույքով ու վարպետորեն օգտագործում են նախկինները:

Ամենամեծ զավեշտն այն է, որ Սահմանադրական դատարանն իբր ՀՀ Սահմանադրությունն է պաշտպանում: Եվ սա՝ այն դեպքում, երբ բոլորը շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին 20 տարիներին: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, խախտելով Սահմանադրության հնարավոր բոլոր հոդվածները, Հայաստանում զավթել են իշխանությունն ու հետագայում պահպանել այն՝ այդ ընթացքում ծայրից ծայր ապականելով արդարադատությունն ու իրավական համակարգը եւ ամեն տեղ նշանակելով յուրայիններին: Իսկ երբ հեղափոխությունն այնուամենայնիվ հաղթել է, ու նախկինները հայտնվել են տեւական ազատազրկման հեռանկարին դեմ-հանդիման, նրանց կողմից նշանակված այդ նույն «Սահմանադրական դատարանի դատավորները» ատամներով պաշտպանում են նրանց՝ վկայակոչելով այն նույն Սահմանադրությունը, որի ոտնահարմամբ էլ իրենց տերերը զավթել էին իշխանությունը:

Մի խոսքով, եթե մի կողմ թողնենք իրավական ձեւակերպումները, Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասն այսօր ըստ էության ոչնչով չի տարբերվում, ասենք, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի «ախռանի պետերից», մենաշնորհներով վիթխարի հարստություն կուտակած «մանկության ընկերներից», կոպեկներով ազգային հարստությունը սեփականաշնորհած ու վերեւների փայը ժամանակին տեղ հասցրած օլիգարխներից, «տեղերում» ընտրությունների արդյունքներ ապահովող ու դրա դիմաց անձեռնմխելիություն ունեցող քրեական հանցագործներից եւ այլն: Որեւէ մեկը չի զարմանում, չէ՞, որ բոլոր վերոհիշյալ «կատեգորիաներն» այսօր թաքուն ֆինանսավորում են հակաիշխանական քարոզչամիջոցներն ու մեկ-մեկ էլ ակցիաներ կազմակերպում ի պաշտպանություն Քոչարյանի: Ուրեմն պետք չէ զարմանալ նաեւ, որ Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանն է ըստ էության նույն բանն անում: Նույն համակարգի ծնունդներն են, բա ուրիշ ի՞նչ պիտի անեն:

Պարզապես հասարակությունը պիտի հասկանա, թե ինչ է տեղի ունենում իրականում եւ պիտի նրանց նկատմամբ ցուցաբերի նույն վերաբերմունքը, որ ցուցաբերում է փողոցներում ձրի պիցցա ծամող ու «հերոս Քոչարյան» գոռացողների նկատմամբ: Եթե անգամ սրանք սեւ պատմուճաններով են ու ավելի թանկարժեք ուտեստներ են նախընտրում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...