Այսօր թեժ է լինելու. Դատավորները դատավորներին վեթինգ կանեն

- in Մամուլ

«Այսօր նախատեսված դատավորների ընդհանուր ժողովը թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք նոր նախագիծ են պատրաստվում ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովին:

Մասնավորապես, դրանով առաջարկվում է քվեարկությունից առաջ թեկնածուների ելույթների նկատմամբ պահանջներ սահմանել: Տեղեկացանք, որ ելույթը պետք է բովանդակի թեկնածուի իրականացրած դատական գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկություն, այդ թվում` հանրային հնչեղություն ունեցող գործերի քննության վերաբերյալ, մոտեցումները դատավորների վեթինգի անցկացման հիմքերի և կարգի վերաբերյալ, գույքի և եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն` բացահայտելով դրանց աղբյուրները, և քաղաքական կապերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:

Ընդ որում` նիստը պետք է դռնբաց լինի նաև ԶԼՄ ներկայացուցիչների համար: Ստացվում է` դատական համակարգը թեկնածուներին առաջարկում է հրապարակային վեթինգ անցնել, ընդ որում` վեթինգ պետք է անցնեն նաև ԲԴԽ անդամները:

Իսկ թե ինչ որոշում կկայացնեն դատավորները, պարզ կլինի այսօր: Բարձրագույն դատական խորհրդում ստեղծված իրավիճակի առումով այսօրվա նիստն իսկապես կարևորություն է ներկայացնում. ի վերջո, հայկական դատական համակարգում կարևորագույն դերակատարություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի ապագա նախագահը լինելու է հենց դատավորների ընդհանուր ժողովի անդամներից մեկը, այլ ոչ թե Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամներից:

Եվ քանի որ այժմ 2 դատավոր է մնացել խորհրդում, իսկ 3-ն էլ այսօր պետք է ընտրվեն, չի բացառվում, որ նոր նախագահը լինի հենց այսօր ընտրվելիք դատավորներից»: