chess shaxmat

Անկախության տարիներին կարող էինք ունենալ հզոր Հայաստան, բայց դարձանք շախմատային գերտերություն: Թավշյա հեղափոխության օրերին ճանապարհները փակվում էին նաեւ շախմատ խաղալով:

Սեւերի ու սպիտակների (այս տերմինները զուտ շախմատային են) պայքարը կնքվեց հաղթությամբ, թեեւ ձեռքսեղմում չեղավ:

Այսօր կան սեւեր, ավելի ճիշտ՝ ոչ թե սեւեր, այլ սեւացնողներ: Կան ֆեյքեր, կեղծ լուրեր, լուն ուղտ սարքողներ, կրակի վրա յուղ լցնողներ… սուպերազատություն է:

Բոլորը խոսում են (առաջ բերանները ջուր առած ու վախեցած պապանձվել էին): Խոսողներն էլ բազմաշերտ են. օրինակ՝ սկեպտիկները կարծում են, որ Փաշինյանը կարող է աշխարհը փոխել, բայց Հայաստանը՝ դժվար թե: Նիկոլիստները գուժում են նոր իշխանության մոտալուտ պարտությունը ու կարմիր քարտ են ցույց տալիս: Լավատեսները (բարեբախտաբար շատ են) համոզված են, որ Փաշինյանը ապագայում սրբադասվելու է մեր բարեպաշտ մեծերի կողքին: Իսկ Ալիեւն ասում է՝ Փաշինյանը փող չունի, փորձ չունի:

Մի մասը պնդում է, որ վարչապետը հապաղում է, դանդաղում, մյուս մասը՝ շտապում է, աճապարում: Ոմանք գտնում են, որ նա շատ մեղմ է, թավշյա, ոմանք էլ ասում են, որ կոպիտ է՝ ասֆալտին փռող:  Տարիներ առաջ մեր հարգված մտավորականներից մեկը («Հայելու առաջ») ասում էր, որ թորած ջուրը չի խմվում: Իրականում մենք այն ժամանակ ցեխաջուր էինք խմում: Այ, հիմա Փաշինյանն է մեզ ուրում թորած ջուր խմեցնել: Հայրենիքիս ջուրը, որ օձերն ու գորտերն են խմել, այսօր պոչամբարների պատճառով կոլայի ու ֆանտայի երանգներ է ստացել: Երկմտում ես՝ խմել, թե չխմել: Ամուլսարի շրջակա միջավայրում ապրող կանայք չբեր են, կենդանիներն էլ՝ ստերջ, իսկ պետական բյուջեում, ասում են՝ ոսկե ձուլակտոր չես գտնի: Վարչապետն էլ այսօր մի ձեռքով ոչ թե 2, այլ 12, 102 ձմերուկ է բռնում: Մի ձեռքով անցյալն է դզում փչում, մյուս ձեռքով ներկայի ու ապագայի տեսլականը լուծում: Ու էս ծանր բեռի տակ ինքը հոգնել չունի (երեւի տիեզերքից է էներգիա ստանում): Բայց մարդկանց ուժերը կարող են ջլատվել, հայերին կառավարելը դժվար գործ է, թան չէ, ոչ էլ բրդած մածուն:

Մեր երկրում տարօրինակ բաներ են կատարվում, օրինակ, իշխան ձուկը Սեւանա լճում իրեն իշխան էր զգում, այսօր իր վտառներով վխտում է Արտաշատում:

Նոյը, երբ իջավ Արարատից, առաջինը խաղողի որթը տնկեց Արարատյան դաշտում իբրեւ պատգամ եւ խորհրդանիշ ի պահ սերունդների: Իբր ձկներին շատ համաձայն ենք, հիմա էլ կոկորդիլոսներ են հայտնվում, որ տուրիստները գան ու շփոթվեն՝ Աֆրիկայում են, թե Հայաստանում:

Սփյուռքահայերը գալիս են Հայաստան ու իրենց երեխաներին երբեմն մկրտում Արաքսի սուրբ ջրերում: Արարատի մարզպետը, թեեւ լավ տղա է, երեւում է՝ Նեղոսը Արաքսից չի ջոկում: Մաթեմատիկայից ու աշխարհագրությունից նրան շատ վեթինգի պետք է ենթարկել: Եւ ուրեմն՝ կոկորդիլոսները մեր երկրում տեղ չունեն: Այսօր ընտանիքներում ու դպրոցներում մթնոլորտն այդքան էլ թավշյա չէ, դպրոցականների ձեռքին գրքի ու դասագրքի փոխարեն միայն բջջային հեռախոս է: Վերջերս լավ է, մի երկու բանաստեղծություն անգիր սովորեցին («Վարժարանի անդաստանը» եւ Շիրազի «Գարնանամուտը»): Եթե վարչապետը երբեմն սիրերգակներից արտասանի, այսօրվա սիրահար զույգերն իրար սեր կբացատրեն Տերյանի բանաստեղծություններով, ինչպես սովետի ժամանակ: Տերյանի շնչով ամուսնություններն ամուր էին, ամուսնալուծություն գրեթե չկար: Իսկ հիմա ամուսնության մուսան դոլարն է ու եվրոն: Փողի ներշնչանքով ամուսնությունը վերածվել է ամուսնալուծության:

Փաշինյանը, եթե ուզում է, որ կառավարության ծրագրերը իրագործվեն, թող շատ հաճախ արտասանի Ռափայել Պատկանյանի բանաստեղծությունը՝ «Հայերուս թուքը».

«Դուն խելոք, հաշվով վաճառական ես,

Մյուլք, փող ու ապրանք, կասեն՝ շատ ունես,

Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վրան»:

Հանրապետականները քննադատում են, որ դրսից ներդրումներ չկան, դրսից չկան՝ դուք էլ ներսից կատարեք ներդրումներ. ախր խոշոր փողատերերը հենց ձեր շարքերում են: Ասում են՝ վերջերս Հայաստանից մեծ գումարներ ու բիզնեսներ են դուրս գնացել: Այս երեւույթն ինչ-որ մեկի ինադու չի կարող լինել. սա ընդդեմ Հայաստանի Հանրապետության է (հայ մեծահարուստի կապիտալը չի կարող հայրենիք չունենալ): Գործարարության ոլորտում այսօր ավելի շատ կանայք են ներգրավվում (տղամարդկանց մի մասը սիրում է միայն բլոտ ու նարդի խաղալ): Մենուան (Հարությունյան) ասում է՝ Նիկոլը կախարդական լեզու ունի: Վատ չէ: Մենք էլ հույս ունենք, որ վարչապետի ճարտար ու դիվանագիտական լեզուն օձը բնից կհանի: Աշտարակցի բանաստեղծը (Գեւորգ Էմինը) ասել է՝ նույն արճճից են ձուլում, իմացիր, փամփուշտն ու տառը: Տառն ավելին է, քան զենքը:

Լեզուն ու մշակույթն ավելին են, քան նավթը: Ժողովրդավարությունը վեր է բռնատիրությունից:

Անցած տարիներին ամենածանր կորուստն ունեցավ մայրենի լեզուն: Գողական լեզուն ներխուժեց նույնիսկ դպրոց: Աշակերտներն անհաղորդ մնացին մեր լեզվի հարուստ բառագանձին: Գանձերն ուրիշ տեղ որոնեցին:

Ահա ինչու սոցցանցերը հեղեղված են անգրագետ ու գռեհիկ արտահայտություններով: Հայհոյանքը անգլերեն տառերով են գրում (հայերեն տառերը երեւի մոռացել են):

Բողոքավորները սիրում են բողոքել միայն բանավոր, ժամանակն ու նյարդերը խնայելու համար գրավոր բողոքն ավելի արդյունավետ է (իմ փորձից եմ ասում): Նույնիսկ մեր տանը ես գրավոր եմ խոսում (բանավոր չեն հասկանում): Հինգերորդ դարում հայերը հաղորդակցվել են չափածո գրաբարով, իսկ գանգատները գրել են գրավոր: Այն ժամանակ հայերն ավելի քաղաքակիրթ են եղել:

Երկրորդ նախագահի դատավարությունը (ներսում ու դրսում) հիշեցնում է հին հռոմեական ժամանակների Կոլիզեումը: Վարչապետը խոսում է հպարտությունից ու երջանկությունից. ինքն արդյոք ունի ծրագիր աղքատ հպարտների ու ամբարտավան ունեւորների միջեւ եղած անջրպետը մեղմելու համար: Երջանկությունից խոսելը վաղ է, ուզում ես մշեցուն 1 միլիոն դոլար տուր, միեւնույն է, ինքը երջանիկ չի կարող լինել:

Հայրենի երջանկության բնորոշումը տվել է լատիշ բանաստեղծ Յան Ռայնիսը 20-րդ դարի սկզբին: Նրա աշխատությունը հայ ժողովրդի մասին վերնագրված է՝ «Ամենադժբախտ ժողովուրդը եւ ամենադժբախտ երկիրը»: Ժողովուրդներին նախապատրաստում են խաղաղության (հայ ու ադրբեջանցի): Մյուս բոլոր ժողովուրդների հետ հաշտ ենք ու խաղաղ: Մենք էլ ահա որոշել ենք՝ շրջանցելով ադրբեջանական զինտեխնիկան, ծաղիկներով ու դրասանգներով (եթե պետք լինի՝ քոչարի պարելով) հասնենք Բաքու (հայերը մեծ ամագ ունեն այդ քաղաքում):

Եւ համոզված ենք, որ մեզ կդիմավորեն ոչ թե սումգաիթյան կացիններով, այլ արցախյան ժենգյալով հացով: Մենք իրենց ջան կասենք, իրենք էլ մեզ՝ ղուրբան: Ադրբեջանում «մտահոգ են», որ Արցախի ու Հայաստանի միջեւ լարվածություն կա: Լարվածություն չկա. ուղղակի արցախցիները համարում են, որ հայոց աշխարհի կենտրոնը Արցախն է, իսկ ավելի կոնկրետ՝ Ամարասը: Այստեղ է Մեսրոպ Մաշտոցը հիմնել առաջին դպրոցը. առաջինն այստեղ են աշակերտները սերտել հայոց այբուբենը եւ նախաձեռնել «Աստվածաշնչի թարգմանությունը»:

Հայաստանում էլ գտնում են, որ Ղարաբաղի բարբառը խրթին է (ուկրաիներենն ավելի մոտ է ռուսերենին, քան Ղարաբաղի բարբառը՝ գրական հայերենին):

Մինսկի խմբի միջնորդներն էլ հենց դրա համար են երբեմն Երեւանից գնում Ստեփանակերտ՝ ղարաբաղցիների հետ լեզու գտնելու. միացո՞ւմ, թե՞ անկախություն:

Խոսում են հողերը հանձնելու մասին: Հողերը վաղուց հանձնել ենք՝ սկսած Կիլիկիայից: Մուշով, Ղարսով, Արդահանով եւ այսպես շարունակ՝ վերջացրած Նախիջեւանով: Ինչեւէ, Երեւանում նոր այգի են կառուցել (Հրապարակի մոտ) իբրեւ նոր Հայաստանի նոր խորհրդանիշ: Այգի այցելողներն ուրախանում են, ժպտում ու ծիածանագույն շատրվանների տակով անցնելիս երազանք են պահում (Հենրիխ Մխիթարյանն արդեն անցել ու գտել է իր երջանկությունը): Մեր երազանքը՝ տեսնել հզոր ու անվտանգ Հայաստան, որն իր շուրջն է համախմբում համայն հայությանը: Հավատում ենք մեր հաղթանակին:

Թեյմինե Աբրահամյան; Հրազդան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...