Hrdeh

«Աղջիկը կախված էր մեջքով, ուզեցա հանեմ՝ չկարողացա, բոցը տվեց վրես… Փորձում էինք ամեն ինչ անել, որ դուրս բերեինք մարդկանց այրվող մեքենայից, բայց բոցը թույլ չտվեց: Ահավոր վիճակ էր, չեմ կարող ասել, թե «Գազել»-ում քանի հոգի կար:

Օգնությունը ժամանակին հասավ, բայց դե էլ հնարավոր չէր ինչ-որ բան անել, հնարավոր չէր մոտենալ»,-Երեւան-Երասխավան ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրից լրագրողներին այսպիսի տեղեկություններ փոխանցեց Արարատի բնակիչ Արթուր Նազարեթյանը, փոխանցում է Aravot-ը:

Տղամարդն ասել է, որ մեքենայով է անցնելիս եղել, երբ տեսել է այրվող տրանսպորտային միջոցները. «Ուզում էի «Գազել»-ից կախված աղջկան օգնել, բայց չկարողացա… Կրակը թույլ չէր տալիս տեղաշարժվել: Ուղղակի չեք պատկերացնի, թե ինչ կրակ էր: Ահազանգեցինք շտապօգնությանն ու ԱԻՆ-ին: Անգամ հրշեջները չէին կարողանում մոտենալ եւ ջուրը պահել կրակի վրա»:

Ականատեսի խոսքով՝ «Գազել»-ում մեծ պայթյուն չեն տեսել, ուղղակի մեքենան միանգամից բռնկվել է. «Ոչ մի բան չկարողացանք անել: Աչքիս դիմաց մարդիկ վառվում էին, դանդաղ մոխրանում: Մահացած եմ տեսել այդ թվում «Գազել»-ի վարորդին: Սեղմված էր մի կողմում, կարծես ուզեցել է դուրս գալ»: Արթուր Նազարեթյանի պատմելով՝ ավտովթարի ենթարկված եւ հրդեհված մեքենաներից մեկի՝ «Պիկապ»-ի վարորդը, շտապել է լքել դեպքի վայրը եւ կանգնած անցորդներին չի էլ ասել, որ մեքենայում մարդիկ կան. «Պահեստային անվադողով կոտրել ենք մեքենան, որ կարողանանք ուղեւորներին հանել: Վիրավոր երեխաներ են եղել: Երկուսն էլ երեւի կլինեին 9-10 տարեկան՝ արյունլվա դեմքերով: Նրանց անցորդների մեքենաներով հիվանդանոցներ տեղափոխեցին»:

«Շատ ծանր դեպք է, առանձնահատուկ մեր մարզի համար։ Ուղղակի իմ հորդորը բոլոր վարորդներին, պահպանեն կանոնները և նման վայրում հատկապես՝ կամրջի վրա, չփորձեն վազանց կատարել»,-ասաց Արարատ մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով այս պահին գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։

Դեպքի մասին տեղեկանալուց հետո մարզպետն արագ հասնել է դեպքի վայր։

«Եղել եմ այնտեղ, երբ արդեն դիերը դուրս էին բերում «Գազելից», շատ ծանր տեսարան էր»,-ասաց մարզպետը։

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, մեղավորը «Տոյոտայի» վարորդն է եղել, մեքենաները բախվել են ճակատ ճակատի։

Մարզպետը նաեւ հայտնեց, որ զոհերն Արարատի մարզի  բնակիչներ են:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...