Ավազակային հարձակում «Արաքս» բենզալցակայանի վրա. Ավագ լեյտենանտն ու ընկերը դաժանաբար սպանել են աշխատակցին

- in Իրավունք
Atrchanak

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Լևոն Մելքոնյանի և Մկրտիչ Բաբայանի գործով դատական քննությունը:

Երկու երիտասարդները մեղադրվում են ծանրացուցիչ հանգամանքներում՝  նախնական համաձայնությամբ ավազակությամբ զուգորդված  սպանության և ավազակային հարձակման  համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7,8 և 175 հոդվածի 2-րդ մասի 1,4 կետերով: Մկրտիչ Բաբայանին մեղադրանք է առաջադրված նաև ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի լույս 21-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 50-ի սահմաններում:

Ըստ մեղադրանքի՝ Լևոն Մելքոնյանը ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ զինծառայող, սպա, կոչումով՝ ավագ լեյտենանտ Մկրտիչ Բաբայանի հետ:

Հանցագործությունը կատարելու նպատակով նրանք նախապես ձեռք են բերել դիմակներ, հակագազ, ծալովի դանակ, երկու զույգ բժշկական ձեռնոցներ ու ատրճանակի տեսքով կրակայրիչ:

Որոշված օրը՝ դեկտեմբերի 21-ին, գիշերվա ժամը 4-ի սահմաններում նրանք գնացել են Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող «Արաքս» բենզալցակայանի մոտ, ապա հարձակվել են բենզալցակայանի աշխատող Ավետիք Մարտիրոսյանի վրա:

Գումար են պահանջել, սակայն հանդիպել են Մարտիրոսյանի դիմադրությանը:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, ըստ առաջադրված մեղադրանքի, Մելքոնյանն ու Բաբայանը կատարել են շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանություն:

Համաձայն առաջադրված մեղադրանքին՝ Մկրտիչ Բաբայանը ատրճանակ-կրակայրիչի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխին ու դեմքին: Իսկ Լևոն Մելքոնյանը, դրան զուգահեռ, դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ տուժողին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող և սուր արյունահոսություն առաջացրած բազմաթիվ ծանր վնասվածքներ:

Այնուհետև Մելքոնյանն ու Բաբայանը, նկատելով, որ մոտենում են հարևան «Իբիցա» հյուրանոցի աշխատողները, դիմել են փախուստի:

Մկրտիչ Բաբայանը գնացել է իր ծառայության վայր, կատարել է ծառայական պարտականությունները: Նրա ծառայակիցները հետագայում զարմացել են՝ իմանալով, որ Մկրտիչը ծառայության ներկայանալուց առաջ ավազակային հարձակում էր կատարել…

Տուժող Ավետիք Մարտիրոսյանը դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է ստացած վնասվածքներից:

Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ Բաբայանը գործով չպարզված աղբյուրից ապօրինի ձեռք է բերել ու պահել ռազմամթերք՝ փամփուշտներ, որոնք նրա բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել են:

Կատարված հանցագործությունը ֆիքսվել է տեսանկարահանող սարքերով, ամբաստանյալները չեն ժխտում իրենց կողմից ավազակային հարձակման կատարումը:

Լևոն Մելքոնյանը նախաքննության ընթացքում և դատարանում  հայտնել է, թե ինքը տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել, այդ դիտավորությամբ չէ, որ հարվածներ է հասցրել դանակով:

Մկրտիչ Բաբայանը սպանության մեղադրանքը չի ընդունել՝ պնդելով, որ տուժողի մահը իր գործողությունների արդյունքում չէ, որ վրա է հասել, ինքը դանակով տուժողին ընդհանրապես հարվածներ չի հասցրել…

Երկու ամբաստանյալն էլ նախկինում երկու անգամ դատվել են, նրանց դատվածությունը մարված է: Նրանք ամուսնացած չեն:

Դեպքից առաջ Լևոն Մելքոնյանը  «Արաքս»  բենզալցակայանում աշխատել է 3-4 ամիս: Նա մի քանի անգամ աշխատանքի է ներկայացել ալկոհոլ օգտագործած վիճակում, ինչի պատճառով նրան ազատել են աշխատանքից: Լևոնը, ըստ դատարանում հարցաքննված վկաների,  բենզալցակայանի դրամարկղից նույնիսկ գումար էր վերցրել՝ 10-15 հազար դրամ: Աշխատանքից ազատվելուց հետո նա այդ գումարը չի վերականգնել:

Տուժող Ավետիք Մարտիրոսյանը «Արաքս» բենզալցակայանում նոր էր աշխատանքի ընդունվել, ընդամենը մի քանի օր էր աշխատում… Երբ Ավետիքն աշխատանքի է ընդունվել,  Լևոն Մելքոնյանն արդեն ազատված էր աշխատանքից, նրանք իրար հետ բենզալցակայանում չեն աշխատել:

Ավետիք Մարտիրոսյանը 47 տարեկան էր, ընտանիք ունի, երկու երեխա… Գործի քննության սկզբում տուժողի իրավահաջորդը Ավետիք Մատիրոսյանի հայրն էր, բայց դատական քննության ընթացքում նա, չդիմանալով որդու կորստին, մահացել է… Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելիկա Հակոբյանն է:

Այս գործի դատական քննությունը սկսվել է… 2016 թվականի հոկտեմբերից:

Դատական այս նիստում դատարանը հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է: Սկսվեց դատական վիճաբանությունների փուլը:

Ճառով հանդես եկավ գործի քննությանը վերջերս ներգրավված մեղադրող Ա. Կոստանյանը:

Մեղադրողը ներկայացրեց գործի փաստական հանգամանքները, որոնք նախաքննական մարմինը հաստատված է գնահատել:

Մկրտիչ Բաբայանը եղել է զինծառայող՝ դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ: Նա Լևոն Մելքոնյանի հետ ծանոթացել է 2015թվականի օգոստոսին, երբ վերջինս որպես մսավաճառ աշխատում էր շուկայում: Այնուհետև՝ 2015 թվականի սեպտեմբերից Լևոն Մելքոնյանն աշխատանքի է անցել «Արաքս» բենզալցակայանում, սակայն աշխատել է մի քանի ամիս: Դեպքի կատարման պահին նա ազատված էր աշխատանքից:

Մկրտիչ Բաբայանը, ըստ գործի նյութերի, Լևոն Բաբայանից պարտքով գումար էր խնդրել: Լևոնը հորից վերցրել է 30 հազար դրամ ու տվել է Մկրտիչին՝ հուսալով, թե նա պարտքը ժամանակին կվերադարձնի:

2015 թվականի դեկտեմբերի 20-ին Լևոնը զանգել է Մկրտիչին, խնդրել է հանդիպել: Հանդիպել են սրճարանում: Լևոնը խնդրել է, որ Մկրտիչը վերադարձնի վերցրած 30 հազար դրամ պարտքը, քանի որ ինքը պետք է կոմունալ վճարումներ կատարի ու գումար չունի:

Մկրտիչն ասել է, թե պարտքը տվյալ պահին վերադարձնել չի կարող, նյութական սուղ վիճակում է:

Բաբայանը հարցրել է՝ ինչպե՞ս կարող են գումար հայթայթել և ունեցած պարտքերը մարել:

Լևոն Մելքոնյանն առաջարկել է հարձակում գործել իր նախկին աշխատավայրի՝ «Արաքս» բենզալցակայանի գիշերային աշխատողի վրա: Նա հայտնել է, թե գիշերային աշխատողի մոտ առնվազն 300-400 հազար դրամ է լինում: Կարող են հարձակումը գործել գիշերվա ժամը 4-5-ի միջակայքում, երբ շարժը բենզալցակայանում բավական  պասիվ  է, երկրորդ աշխատողն էլ  քնած է լինում:

Պայմանավորվել են՝ ինչքան էլ հաջողվի հափշտակել, գումարը հավասար կիսելու են:

Պայմանավորվել են նաև, որ հարձակման գնալիս պետք է զինված լինեն՝ աշխատողին վախեցնելու, հարկ եղած դեպքում՝ դիմադրությունը կոտրելու համար:

Նախնական պայմանավորվածությունից հետո խանութից 1500 դրամով երկու դիմակ են գնել: Մկրտիչ Բաբայանն իրենց տանից վերցրել է, հակագազ, մոտ 10 սմ շեղբով դանակ, Լևոն Մելքոնյանը վերցրել է  ատրճանակի տեսքով կրակայրիչ:

Նրանք գնացել են Նորքի զանգվածում գտնվող «Սպիտակ տուն» հյուրանոցային համալիր, սենյակ են վարձել, գնել են մեկ շիշ օղի, հինգ-վեց շիշ գարեջուր:

Զանգել, կանչել են ևս երկու ընկերոջ, որոնք իրենց հետ նաև շամպայն են բերել: Քառյակը հյուրանոցում խմել է: Այնուհետև հյուրերը գնացել են, Մկրտիչ Բաբայանը մի քիչ քնել է, ապա ատրճանակի տեսքով կրակայրիչը սև կպչուն ժապավենով «նմանեցրել են» իսկական ատրճանակի ու երկուսով կեսգիշերն անց դուրս են եկել հյուրանոցից, պատահական տաքսիով, որի վարորդը գործով վկա է, գնացել են «Երևան Սիթի» սուպերմարկետ, որի տարածքում գործող դեղատնից գնել են երկու զույգ դեղին գույնի բժշկական ձեռնոց: Դրանից հետո տաքսիով գնացել են Մյասնիկյան պողոտա, իջել են կենդանաբանական այգու դիմացի կանգառում, անցել են փողոցը, հայտնվել են կենդանաբանական այգու կողքին գործող «Արաքս» բենզալցակայանի մոտ:

Մինչև գետնանցումից դուրս գալը Մկրտիչ Բաբայանը դեմքը քողարկել է դիմակով, Լևոն Մելքոնյանը՝ հակագազով: Մկրտիչ Բաբայանը վերցրել է ատրճանակի տեսքով կրակայրիչը, իսկ Լևոն Մելքոնյանը՝ դանակը: Նրանք հագել են բժշկական ձեռնոցները՝ դեպքի վայրում մատնահետքեր չթողնելու համար: Լևոնն ասել էր, որ բենզալցակայանի տարածքը տեսահսկվում է, դրա համար նրանք առաջին հերթին քողարկել են դեմքերը:

Բենզալցակայանի աշխատող Ա. Մարտիրոսյանը կանգնած էր հերթապահների սենյակի մուտքի մոտ: Առաջինը նրա վրա հարձակվել է Մկրտիչ Բաբայանը, սպառնացել է ատրճանակի տեսքով կրակայրիչով ու պահանջել է իրենց հանձնել կայանում առկա գումարները:

Մարտիրոսյանը չի ենթարկվել Բաբայանի պահանջին, փորձել է դիմադրել: Այդ պահին մոտեցել է նաև Լևոն Մելքոնյանը՝ հակագազով քողարկված ու դանակով զինված:

Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ Բաբայանը կրակայրիչ-ատրճանակի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժող Մարտիրոսյանի գլխին ու դեմքին, թուլացրել է նրա դիմադրությունը: Այդ ընթացքում, հանցընկերոջ գործողությունները լրացնելով՝ հարձակման է անցել նաև Լևոն Մելքոնյանը՝ նա դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Մարտիրոսյանի կրծքավանդակի ձախ կեսի ու ձախ ձեռքի շրջաններին:

Մկրտիչ Բաբայանը բռնել է Մարտիրոսյանի հագուստից, նրան քարշ է տվել դեպի լցակայանի երկրորդ մասնաշենք: Այդ ընթացքում Մարտիրոսյանը իր վրա հարձակվողներին հարվածներ չի հասցրել, նա միայն խնդրել է դադարեցնել հարձակումը, ասել է, որ տարածքը տեսահսկվում է: Սակայն հարձակվողները շարունակել են բազմաթիվ հարվածներ հասցնել Ա. Մարտիրոսյանին ու պահանջել  են լցակայանում եղած գումարները հանձնել իրենց:

Աղմուկն այնպիսին է եղել, որ հարևանությամբ գործող «Իբիցա» հյուրանոցի անվտանգության աշխատողը լսել ու եկել է բենզալցակայանի մոտ, տեսել է, որ երկու հոգի հարվածներ են հասցնում լցակայանի աշխատողին, գոռացել է՝ բա՛ց թողեք: Մկրտիչ Բաբայանը շրջվել, տեսել է մոտեցած անձնավորությանը, կրակայրիչ ատրճանակը պահել է նրա ուղղությամբ, բայց, քանի որ ձեռքինը սոսկ կրակայրիչ էր, բաց է թողել տուժող Մարտիրոսյանին ու կտրուկ դիմել է փախուստի՝ այսպիսով՝ որևէ գումար չհափշտակելով: Բաբայանի փախուստը տեսնելով՝ փախուստի է դիմել նաև Մելքոնյանը:

Նրանք վազել են Մյասնիկյան պողոտան ի վեր: Ճանապարհին դեն են նետել բժշկական ձեռնոցները, որոնց վրա ոչ միայն տուժողի, նաև իրենց արյունը կար՝ հարձակման պահին վնասվել էր ինչպես Մելքոնյանի, այնպես էլ Բաբայանի ձեռքը…

Պատահական տաքսիով նրանք հասել են «Մոնումենտ», այնտեղից էլ մեկ այլ տաքսիով վերադարձել են «Սպիտակ տուն» հյուրանոցի իրենց սենյակ: Իրենց կարգի են բերել, գնացել են իրենց տները: Մկրտիչ Բաբայանը գնացել է ծառայության…

Իսկ տուժող Ա. Մարտիրոսյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նա մահացել է արյան սուր կորստից ու կենսական կարևոր օրգանների՝ սրտի, սրտապարկի, թոքի, բազկի երակների վանսումների արդյունքում…

Հաջորդ օրը Մելքոնյանն ու Բաբայանը հանդիպել են այգում: Մելքոնյանն ասել է, որ բենզալցակայանի աշխատողը հիվանդանոցում մահացել է: Նրանք այգու աղբամաններից մեկն են նետել կրակայրիչ-ատրճանակը, դանակը…

2 օր անց՝ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին Բաբայանն ու Մելքոնյանը բերման են ենթարկվել… Հանցագործությունը բացահայտվել է…

Լևոն Մելքոնյանը որպես կասկածյալ տված ցուցմունքում իրեն մեղավոր է ճանաչել ինչպես ավազակային հարձակման, այնպես էլ սպանության համար: Նշել է, որ ինքը հարձակման ժամանակ ձեռքով այնպես էր բռնել դանակի շեղբը, որ 10 սմ շեղբից միայն 2 սմ էր բաց, այդքանով է հարվածել՝ մտածելով, թե շատ խոր վնասվածքներ չի պատճառի… Մելքոնյանը այս ցուցմունքում նկարագրել է իրենց հարձակումը, նշել է, թե իրենք պատրաստ էին բենզալցակայանի աշխատողի դիմադրության դեպքում նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել, անգամ՝ կյանքից զրկել նրան…

Հաջորդ՝ որպես մեղադրյալ տված ցուցմունքում Լևոն Մելքոնյանն արդեն չի ընդունել տուժողին սպանելու նախնական դիտավորությունը, նշել է, թե սպանության դիտավորություն չի ունեցել, հատուկ այնպես է հարվածել, որ խոր վնասվածքներ չպատճառի: Կրծքավանդակի խոռոչ թափանցող ու կենսական կարևոր օրգանները վնասած հարվածները չի հասկանում, թե ինչպես կարող էին պատճառվել, սպանությունը չէր մտնում իր դիտավորության մեջ: Լևոն Մելքոնյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն ավազակային հարձակման համար, ընդունել է, որ դանակով ինքն է հարվածել, բայց նշել է, թե հարվածել է վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, բայց այդ վնասվածքների հետևանքով տուժողը մահացել է:

Մկրտիչ Բաբայանը որպես կասկածյալ տված ցուցմունքում նշել է, թե Լևոն Մելքոնյանի հետ պայմանավորվել են «ցանկացած գնով հասնել իրենց նպատակին»՝ գումար հափշտակել  և հավասար կիսել: Բաբայանը նշել է, որ առաջինն ինքն է մոտեցել բենզակայանի աշխատողին, նրան վախեցնելու համար բռնել է նրա բերանը: Նա կծել է իր մատը, ինքն այդ պատճառով է կրակայրիչի կոթով հարվածել նրա գլխին: Իր ձեռքը վնասվել ու արյուն է հոսել…

Ինքը նկատել է, որ Մելքոնյանն ինչ-որ շարժումներ է կատարում՝ հավանաբար նույնպես հարվածում էր…

Որպես մեղադրյալ տված ցուցմունքում Մկրտիչ Բաբայանը չի ընդունել շահադիտական դրդումներով, նախնական պայմանավորվածությամբ սպանության մեղադրանքը, իրեն մեղավոր է ճանաչել միայն ավազակային հարձակման ու ապօրինի ռազմամթերք պահելու համար: Բաբայանը նշել է, թե որպես կասկածյալ ցուցմունք տալու ժամանակ ճիշտ չի նշել, թե պայմանավորվել էին «ցանկացած գնով» հասնել իրենց նպատակին՝ գումար հափշտակելուն: Բացի այդ, ինքը չի տեսել, որ Լևոն Մելքոնյանը տուժողին հարվածներ է հասցրել դանակով…

Մեղադրողն ընդգծեց՝ Բաբայանն ու Մելքոնյանը իրենց հետագա ցուցմունքներում փորձել են թաքցնել ու խեղաթյուրել իրականությունը՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու  համար պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով, մինչդեռ, ըստ մեղադրողի, գործով ձեռք բերված բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ հաստատում են Մելքոնյանին ու Բաբայանին առաջադրված մեղադրանքները:

Ըստ մեղադրողի՝ այս գործով չկա ապացույց, որ անթույլատրելի ճանաչվի:

Մեղադրողն ընդգծեց՝ Լևոն Բաբայանը, որպես մսագործ աշխատած լինելով, չէր կարող չհասկանալ, որ գոտկատեղից վերև մարդու կենսական կարևոր օրգաններն են, եթե սպանության դիտավորություն չունենար, նա հարվածներ չէր հասցնի տուժողի կրծքավանդակի ձախ հատվածին ու չէր վնասի նրա կենսական կարևոր օրգաններ սիրտն ու թոքը: Որպես մսագործ աշխատած լինելով՝ նա գիտեր դանակը գործադրելու մեխանիզմները…

Մեղադրողը անհամոզիչ համարեց նաև Բաբայանի այն պնդումները, թե չի նկատել, որ Մելքոնյանը դանակով հարվածել է տուժողին, նկատել է միայն, որ Մելքոնյանն «ինչ-որ շարժումներ էր կատարում»: Սակայն եթե նրանք նախապես ծրագրել էին հարձակումը ու զինվել էին դանակով, որը տվյալ դեպքում Մելքոնյանի մոտ էր, Բաբայանը չէր կարող չնկատել, որ տուժողը հարվածներ է ստանում նաև դանակով…

Մեղադրողն ավելի արժանահավատ գնահատեց Լևոն Մելքոնյանի ու Մկրտիչ Բաբայանի՝ նախաքննության առաջին փուլում տված ցուցմունքները:

Մեղադրողն ընդգծեց՝ ճիշտ է, ամբաստանյալների նախկին դատվածությունները մարված են, սակայն կատարվածը ցույց է տալիս, որ նրանք չէին կանգնել ուղղման ճանապարհին: Դեպքից առաջ ալկոհոլ էին օգտագործել, ինչի մասին հայտնել են իրենք ու գործով վկաները, հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը մեղադրողը դիտեց որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք:

Մեղադրողը նշեց, որ դատարանը պետք է ուշադրության արժանացնի ու գնահատի Լևոն Մելքոնյանի առանձնապես ակտիվ դերը սպանության ժամանակ, տուժողի մահվան պատճառ դարձած հարվածները առանձին դաժանությամբ հասցնելը:

Մեղադրողը նշեց՝ կատարվածը առանձնապես ծանր հանցագործություն է, ունի հանրային վտանգավորության շատ բարձր աստիճան:

Տուժողը մահացել է միայն այն պատճառով, որ գտնվել է իր աշխատավայրում: Մելքոնյանն ու Բաբայանը ցանկացել են «հեշտ եղանակով» գումար ձեռք գցել, իրենց նյութական խնդիրների պատճառով նրանք կանգ չեն առել մարդուն կյանքից զրկելու առաջ: Նրանք կշեռքի  նժարին են դրել իրենց հարկավոր 30 հազար դրամը ու մարդկային կյանքը, նրանք, ըստ մեղադրողի, հանցագործությունը նախապատրաստելիս ավելի շատ գումարներ են ծախսել, քան 30 հազար դրամն էր: Շահադիտական դրդումներով մարդուն կյանքից զրկելուն ուղղված հանցագործությունները հանրությունը չպետք է հանդուրժի, այդ հանցարարքները պետք է պատժվեն խստագույնս՝ շեշտեց մեղադրողը ո՛չ մեկ անգամ:

Մեղադրողը միջնորդեց՝ Մկրտիչ Բաբայանին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտել 23 տարի ազատազրկման:

Լևոն Մելքոնյանին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտել  25 տարի ազատազրկման: Պատիժների սկիզբը հաշվել 2015 թվականի դեկտեմբերի 24-ից:

Որպես դատական ծախսերի հատուցում՝ ամբաստանյալներից համապարտության կարգով բռնագանձել  725 հազար դրամ:  Տուժողի իրավահաջորդի ներկայացրած պահանջը բավարարել լիովին, ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ բռնագանձել 1 միլիոն 400 հազար դրամ՝ որպես հուղարկավորության ծախսերի հատուցում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելիկա Հակոբյանը միացավ մեղադրողի ճառին, նշեց, թե իր վստահորդը պահանջել է, որ ամբաստանյալները ենթարկվեն պատժի՝ օրենքի ողջ խստությամբ: Ներկայացուցիչը պնդեց նաև տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը, ասաց, որ մինչև հաջորդ նիստը դատարան կներկայացնի տուժողի իրավահաջորդի գրավոր քաղհայցը:

Ամբաստանյալների շահերի պաշտպանները՝ փաստաբաններ Անուշ Մխիթարյանն ու Լիպարիտ Սիմոնյանը ժամանակ խնդրեցին պաշտպանական ճառերին նախապատրաստվելու համար:

Դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը: Պաշտպանական ճառերը դատարանը կունկնդրի հոկտեմբերի 1-ին: Հոկտեմբերին կլրանա այս գործի դատական քննության 3  տարին…

Ամբաստանյալ Մկրտիչ Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը մեր զրույցում ասաց, թե մեղադրողն ակնհայտ խիստ պատիժ է միջնորդել իր պաշտպանյալի համար, վերջինս կապ չի ունեցել տուժողին մահ պատճառած հարվածների հետ, նրա հարվածներից տուժողի առողջությանը միայն թեթև վնաս է պատճառվել, հետևաբար՝ իր պաշտպանյալը սպանության մեղադրանքով մեղավոր չի կարող ճանաչվել: Բացի այդ՝ ավազակային հարձակման համար մեղադրողը պահանջել է այդ հանցարարքի համար առավելագույն պատիժը՝ 10 տարի ազատազրկում՝ երկուսի համար էլ, դա նույնպես ակնհայտ խիստ պատիժ է՝ ըստ պաշտպանի: