Արթուր Վանեցյանի ուղերձը Տավուշի բնակիչներին

- in Պաշտոնական

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը  ժամանել է Տավուշի մարզի Իջևան քաղաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ առաջարկելով դրանք ուղղել ավելի ուշ։

Հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք: Իջևանում էր նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Տավուշի մարզպետարանում այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասաց, որ խորհրդակցոթյանը մասնակցում էին Տավուշի մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները:

«Եվ ունեցանք շատ անկաշկանդ ու բովանդակային զրույց, որպեսզի հասկանանք խնդիրները և կարողանանք լուծել այդ խնդիրները: Իրականում այն ուղերձը, որը հիմա ես կուզեմ տալ և հորդորը, որը կուզեմ հնչեցնել Տավուշի մարզի ազգաբնակչությանը, հետևյալն է: Տավուշի մարզը բացառիկ մարզ է իր անտառներով, և Տավուշի մարզի անտառները կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես վառելափայտ ու փայտանյութ դիտելը: Մեր Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, և այդ ուղղությամբ կառավարությունն Անտառային օրենսգրքում նախաձեռնել է փոփոխություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանն անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ ու զբոսաշրջային տարածքներ»,- ասաց նա:

Վանեցյանը նշեց, որ երկրորդ տարբերակը, որը քննարկվեց, և բոլորի կողմից ընդունելի է, հետևյալն է: Քննարկվել է այն փայտայութը, խոսքը թափուկի մասին է, որը հանվում է անտառից, իրական հասցեատերերին հասցնելու հարցը: «Քննարկվեց մի քանի տարբերակ, համայնքների ղեկավարների կողմից հետևյալ առաջարկը եղավ՝ որպեսզի պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման պրոցեսը, այսինքն՝ անտառ չմտնեն քաղաքացիները: Պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով կարող է հավաքել այդ թափուկը, հանել անտառից դուրս և համայնքի ղեկավարների կամ մարզպետարանի միջոցով բաժանել քաղաքացիներին»,- ասաց նա:

Նա նշեց, որ վերջին շրջանում ԱԱԾ-ն ոչ միայն Տավուշում, այլ բոլոր անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, ավելի քան 10 քրեական գործ է հարուցված միայն ԱԱԾ կողմից, որոնցում ներգրավված են նաև մի շարք պաշտոնատար անձինք:

Վանեցյանը Տավուշում բողոքի ակցիա անցկացրած բանկիչներին կոչ արեց նման արարքներ այլևս իրենց թույլ չտալ և ակցիաներ չանել: Ըստ նրա՝ բոլոր ծագած հարցերը պետք է լուծեն մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում:

Արթուր Վանեցյանն անթույլատրելի է համարում հունիսի 17-ին Իջևանում ոստիկանության նկատմամբ որոշ քաղաքացիների կողմից ուժի կիրառումը:

«Անթույլատրելի է ցանկացած մի իրավիճակ, երբ  ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Երկրորդ`ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է և 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվեն մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ հիմնական այցելության նպատակը դա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իջևանում հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:

Նա նշեց, որ գնալու է Տավուշի մարզպետարան և մասնակցելու է խորհրդակցության` Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և համայնքի ղեկավարների, ինչպես նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Որոշելու ենք մեր հետագա անելիքները և, կարծում եմ, որ այսօր այդ հարցի լուծումը վերջնական կտրվի, և մենք կվերադառնանք մեր նորմալ, բնականոն կյանքին»,-ասաց Վանեցյանը: