Հուլիսի 26-ին հրապարակած ուղերձով նախագահ Արմեն Սարգսյանը ներքաղաքական գործընթացի մասնակիցներին կոչ է անում դադար առնել եւ ծանրութեթեւ անել հետագա քայլերը, համարելով, որ դադարը երբեմն օգտակար է:

Արմեն Սարգսյանի ուղերձն անշուշտ բավականին ընդհանրական էր, թեեւ որոշակի նուրբ տողատակերով, որոնք ունեին բավականին «ունիվերսալ» թիրախավորում, եւ այն կարող էին իրենց հասցեագրված դիտել թե իշխանությունը, թե նախկին իշխանության տարբեր խմբերը, թե նաեւ հանրային տարբեր շերտերը:
Այլ կերպ ասած, Արմեն Սարգսյանը որոշել էր առերեւույթ չնեղացնել բոլորին, միաժամանակ տողատակում բոլորին էլ անել դիտողություն, չմոռանալով ակնարկել, որ իրենից պետք չէ սպասել ավելին, քանի որ չունի դրա լիազորությունը:

Արմեն Սարգսյանը առավելապես կարող է խոսել, սակայն ներքաղաքական կյանքում նրա խոսքի կարիք ակնհայտորեն չկա, կամ էլ՝ դերակատարներից յուրաքանչյուրն ակնկալում է, որ այդ խոսքը լինի հենց իր օգտին: Բայց այդ դեպքում Սարգսյանի խոսքն ավելի օգտակար չի լինելու՝ որեւէ պարագայում, քան նրա լռությունը կամ չեզոք, ընդհանրական կամ վերացական խոսքը:

Ավելին, Սարգսյանն այդ դեպքում զգալիորեն կկորցնի իր որոշակի հավասարակշռող դերակատարումը, որը հատկապես կարեւոր է Հայաստանում ներքին կյանքում հակակշիռների մեխանիզմների բացակայության պայմաններում: Արմեն Սարգսյանը հակակշռող չէ, հավասարակշռող է եւ այդ գործում նա ցուցաբերում է բավական զգուշավորություն այդ դերը չտապալելու համար, քանի որ հավասարակշռող կարգավիճակի հենքը բավականին թույլ է:

Սարգսյանին այդ «պատվանդանից» փորձում է գցել նախկին իշխանությունը, կամ դրան հարող որոշակի շրջանակներ: Ընդ որում, կարեւոր չէ թե ուր, թեկուզ իշխանության կողմ, միայն թե գցել, հավասարակշռող գործոնը չեզոքացնելու համար: Որովհետեւ այդ պարագայում նախկին համակարգի սուբյեկտության շանսը որոշակի նվազում է: Այդ համակարգը շանս է տեսնում միայն անհավասարակշիռ իրավիճակում: Դա է նաեւ պատճառը, որ դրա քայլերի, մարտավարության, մեթոդաբանության անթաքույց մեխը իշխանությանը հավասարակշռությունից հանելն է:

Այդ առումով, Արմեն Սարգսյանի ուղերձը, հատկապես դրանում «դադարի անհրաժեշտության» մասին ակնարկը հավասարակշռության անհրաժեշտության մասին հիշեցում էր իշխանությանը:

Հետագա անելիքների հարցն այլ է, բայց հավասարակշռությունը սկզբունքային գործոն է, որ անհրաժեշտ է ներկայիս իրավիճակում եւ որին սպառնացող ռիսկերը գուցե ավելի նկատելի են կողքից: Ընդ որում, այդ իմաստով ուղերձը թերեւս միայն իշխանությանը չէր հասցեագրված, կամ միայն իշխանությանը չէ, որ կարող էր լինել հասցեագրված: Այլ նաեւ այն այսպես ասած ընդդիմադիր դիրքավորվող սուբյեկտներին, որոնք իրենց առնվազն հրապարակավ տարանջատում են նախկին համակարգից եւ դրա որեւէ խմբից, բայց նոր իշխանության հանդեպ սկզբունքորեն վարում են դրանից չտարբերվող մեթոդաբանություն, այդպիսով նպաստելով հավասարակշռության խախտման նախկին համակարգի ջանքերին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...