Արմեն Սարգսյանն ու Պուտինը նյարդայնացրել են

- in Կարծիք, Մամուլ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում մասնակցել է Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը, որ տեղի է ունեցել հունիսի 30-ին:

http://lragir.amԱրմեն Սարգսյանը եղել է արարողության մասնակից չորս նախագահներից մեկը: Հանդիսավոր փակմանը մասնակցել են բնականաբար Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Ռահմոնը, ՌԴ նախագահն Պուտինն ու Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահի նստավայրի տարածած հաղորդագրությունն ուղեկցվում է թե լուսանկարներով, թե կարճ տեսանյութով, որի համենայն դեպս մոտ հինգ րոպեների ընթացքից տպավորություն է, որ միմյանց կողքի նստած Սարգսյանն ու Պուտինը բավական ինտենսիվ շփվում են եւ ինչ որ բանի մասին խոսում: Եվ նույն տեսանյութում երեւում է, թե ինչպես է այդ հանգամանքը բավականին «անհանգստացնում» Պուտինի մյուս կողքին նստած Բելառուսի նախագահին եւ նաեւ նրա կողքին նստած Տաջիկստանի նախագահ Ռահմոնին:
Նրանք թեքվում են զրուցող Սարգսյանի եւ Պուտինի կողմ, այսպես ասած «աչքի պոչով» եւ հայացքում նշմարվող խանդով պարբերաբար նայելով նրանց եւ հավանաբար մտածելով՝ «ի՞նչ են նրանք այդքան երկար խոսում»:

Իսկապես հետաքրքիր է, թե ի՞նչ էին խոսում Արմեն Սարգսյանն ու Պուտինը: Պուտինը Բելառուսում տեղի ունենալիք խաղերի բացմանը չէր մեկնել Մինսկ: Արդյոք Լուկաշենկոյի հետ հարաբերության լարվածության, թե՞ այլ, ասենք Մինսկում ինչ որ այլ նախագահների, օրինակ Ալիեւին չհանդիպելու համար, որը մասնակցում էր բացմանը:

Բացմանը հետաքրքիր արտահայտություն էր արել Լուկաշենկոն, պարգեւատրելով հյուրերից մեկին՝ Չեչնիայի նախագահ Կադիրովին, ու ասելով, թե կուզեր առանց «ավելորդ անձանց» լինել Չեչնիայի եւ Դաղստանի լեռներում: Ի՞նչ կամ ու՞մ էր ակնարկել Լուկաշենկոն, հաշվի առնելով նաեւ այն առանձնահատուկ սոցիալ-քաղաքական իրողությունները, որ կան դե յուրե Ռուսաստանի կազմում գտնվող, բայց դե ֆակտո Ռուսաստանից անկախ Չեչնիայում եւ Դաղստանում:

Ընդ որում, հետաքրքիր է այն հանգամանքը, որ դրանից բառացիորեն օրեր անց Գրոզնիում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն՝ Ռամզան Կադիրովի նստավայրից ոչ հեռու: Դրանից մի քանի օր անց էլ հայտնի դարձավ, որ բացումը բաց թողած Պուտինը Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ընդունել է փակման արարողության համար Մինսկ այցելելու նրա հրավերը:

Արդյոք Պուտինը Արմեն Սարգսյանի հետ ինտենսիվ զրույցով ցուցադրաբար «մերժում» էր Լուկաշենկոյին, թե՞ դա Հայաստանի նախագահի նստավայրի տարածած տեսանյութից ստացված ոչ ամբողջական տպավորություն է: Բայց ակնառու է նաեւ, որ տեսանյութն ունի Պուտինի հետ Սարգսյանի շփումն ընդգծելու նպատակ:

Այդ դեպքում անկասկած հետաքրքիր է ոչ միայն Լուկաշենկոյի կամ Ռահմոնի համար, այլ նաեւ Հայաստանի հանրության, թե ինչի՞ մասին է եղել զրույցը: Իհարկե խաղերի, բայց՝ միայն եվրոպակա՞ն, թե նաեւ քաղաքական:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան