Արտակարգ իրավիճակ Երեւանում. Ինչ է կատարվել

- in Կեղտոտ լվացք

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է էներգետիկ համակարգում խոշոր վթարի եւ հայկական էներգաարտադրության երկու խոշոր օբյեկտների՝ Երեւան ՋԷԿ-ի ու Հրազդան ՊՇԷԿ 5-րդ բլոկի աշխատանքի դադարեցման մասին: Երկու հզոր օբյեկտների աշխատանքի դադարեցումը բերում է Հայաստանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտի, ինչի հետեւանքով առկա են մատակարարման տատանումներ եւ անջատումներ: Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ աշխատանք է կատարվում մինչեւ ժամը 19-ը իրավիճակը կարգավորելու համար:

 http://lragir.amԹե հատկապես ինչ վթարի մասին է խոսքը, առայժմ չի մանրամասնվում:

Ի՞նչ է կատարվել Հայաստանի էներգետիկ համակարգում, որ առաջացել է երկու խոշոր ջերմաէլեկտրակայանների աշխատանքը դադարեցնելու անհրաժեշտություն:

Հայտնի է, որ տեւական ժամանակ դադարեցվել է Հայաստանի ատոմակայանի աշխատանքը, քանի որ իրականացվում են նորոգման եւ այլ տեխնիկական աշխատանքներ՝ ԱԷԿ շահագործումը 10 տարով երկարաձգելու համար:

Ի դեպ, էներգետիկ համակարգում տեղի ունեցածը հուշում է, եւս մեկ անգամ վկայում ու փաստում, որ ատոմակայանը Հայաստանի համար էներգետիկ անվտանգությունից բխող անհրաժեշտություն է: Թեեւ, գոնե առայժմ, քանի դեռ հստակ չէ տեղի ունեցած վթարի բնույթը կամ այն հանրայնորեն ներկայացված չէ, հնարավոր չէ միարժեք ասել՝ արդյոք չէր լինի ատոմակայանն էլ անջատելու կարիք:

Ինչպես հայտնի է, Հրազդանի 5-րդ բլոկն ու Երեւանի ջերմաէլեկտրակայանը աշխատում են գազով: Հրազդանի 5-րդ բլոկը պատկանում է Գազպրոմին, աշխատում է ռուսական գազով, թեեւ դեռեւս թավշյա հեղափոխությունից առաջ Գազպրոմի ղեկավար Միլլերը հայտարարել էր 5-րդ բլոկի համար Իրանի հետ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիր դիտարկելու մասին:

Հայաստանն այդպիսի ծրագիր արդեն մի քանի տարի իրականացնում է Երեւանի ջերմաէլեկտրակայանի միջոցով, որը պետական սեփականություն է: Այդ ծրագրով փաստացի շահագործվում է Իրան-Հայաստան գազամուղը, որը սակայն պատկանում է Գազպրոմին: Գազամուղը շահագործվում է ոչ ամբողջական ծավալով:

Իրանական գազը Հայաստանի էներգետիկ համակարգում հուլիսի 10-ին ստեղված արտակարգ վթարային վիճակի համատեքստում ունի որոշակի ուրվագիծ: Ամենեւին պետք չէ տուրք տալ դավադրապաշտական կամ խորհրդապահական վարկածներին, սակայն բոլոր դեպքերում հետաքրքիր է հանգամանքը, որ արտակարգ իրավիճակը ստեղծվում է Հայաստանի էներգետիկ համակարգի եւ անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեցող աննախադեպ հայտարարությունից փաստացի ժամեր անց:

Բառացիորեն հուլիսի 9-ի երեկոյան Ազատություն ռադիոկայանը հրապարակեց հարցազրույց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, որը նոր է վերադարձել Իրանից: Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանն Իրանի հետ սկսել է ներքին սպառման համար գազի մատակարարման շուրջ բանակցություն, դրա դիմաց ապրանքով վճարելու տարբերակով:

Այդ հայտարարությունը հատկապես նշանակալի է Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բավական բարդ բանակցության ֆոնին:

Մհեր Գրիգորյանի աննախադեպ հայտարարությանը ժամեր անց հաջորդում է վթարը Հայաստանի էներգետիկ համակարգում, որը համենայն դեպս հուլիսի 10-ի ժամը 15-ի դրությամբ իր պատճառներով մանրամասն ներկայացված չէր հանրությանը:

Եթե անջատվել են գազով աշխատող երկու հզոր էներգաարտադրողները, ապա արդյոք պատճառը գազի ընդհանուր մատակարարման համակարգն է: Համենայն դեպս աներկբա է, որ պատճառն ընդհանուր է, բայց ո՞ր կետում: Արդյոք այն կարող է լինել բաշխիչ ցանցերում, կամ բարձրավոլտ գծերում:

Ի դեպ, հետաքրքիր է, որ օրեր առաջ Երեւանում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲԷՑ սեփականատեր ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի զրույցը սրճարանում: Այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետո հայտնել էր, որ խոսք է գնացել նաեւ Հայաստանում նոր ենթակառուցվածքի ձեռքբերման հետ: Մամուլը գրեց, որ խոսքը հավանաբար բարձրավոլտ ցանցի մասին է: Թավշյա հեղափոխությունից առաջ կառավարությունը որոշել էր դրանք կառավարման հանձնել Սամվել Կարապետյանին, բայց հեղափոխությունից հետո նախկին կառավարության այդ որոշումը չեղարկվել էր:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան