Բարդ խնդիր է, գալիս է մի արժեհամակարգից ու միջավայրից, մարդու կյանքը ոչ մի արժեք չի ունեցել

- in Սոցիալական
vtar

Հանգստյան օրերը Հայաստանում մթագնվեցին երկու սարսափելի աղետներով: Զոդի կամրջի վրա բախվեցին երեք մեքենաներ, մարդատար միկրոավտոբուսն այրվեց ուղեւորներով, իսկ Վրաստանում վթարի ենթարկվեց հայկական մեքենա: Զոհեր եւ վիրավորներ, որոնց թվում կանայք ու երեխաներ:

Առաջին դեպքում պատճառը դեռեւս հայտնի չէ, երկրորդ դեպքում, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառման համաձայն, մեքենայում երեք հոգի ավելի ուղեւոր է եղել, վարորդն էլ քնել է ղեկին:

«Չգիտեմ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել», առաջարկում է Արսեն Թորոսյանը։

Հայաստանում մեքենաների ներկրման կտրուկ աճին զուգահեռ, հեշտացել էր վարորդական իրավունք ստանալու գործընթացը: Սակայն վթարի են ենթարկվում նաեւ պրոֆեսիոնալ վարորդներ, եւ ակնհայտ է, որ խնդիրը միայն վարորդական իրավունքը չէ:

Ինչպես ծխախոտի տուփերի վրայի սահմռկեցուցիչ նկարները չեն նվազեցնում ծխողների թիվը, այնպես էլ վարորդական իրավունքի ստացման խստությունն ըստ էության չի փոխելու վթարների վիճակագրությունը: Դա իհարկե կարեւոր միջոց է, բայց խնդիրն ավելի խորն է՝ նախեւառաջ պետք է փոխել մեր քաղաքացիների հոգեբանությունը, վերաբերմունքը եւ պատասխանատվության զգացումը:

Սա բարդ խնդիր է, եւ գալիս է մի արժեհամակարգից ու միջավայրից, որտեղ մարդու կյանքը ոչ մի արժեք չի ունեցել: Այս խնդրի լուծումը ենթադրում է համալիր միջոցառումներ, եւ ոչ միայն վարչական մեթոդներով: Կյանքը, մարդը հռչակվել են բարձրագույն արժեքներ, եւ դա պետք է արմատավորվի մեր քաղաքացիների մեջ: Ոստիկանը պետք է, օրինակ, կանգնեցնի ավելի ուղեւորներ վերցրած վարորդներին եւ թույլ չտա երթեւեկել: Բայց ամեն քայլափոխի ոստիկան չես կարող կանգնեցնել, եւ նախեւառաջ վարորդը, նրա հարազատները, նրա գործատուն պետք է գիտակցեն, որ դա չի կարելի անել: Սա ընդամենը մի օրինակ է, որը ցույց է տալիս խնդիրների ողջ համալիրը եւ «պատասխանատվության շղթան»: