Բարձր են պահում ՀՀ դրոշը և մարզական պատիվը – Լուսանկարներ

- in Հասարակություն

Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը հիմնադրվել է 1986 թվականին, սկզբնական շրջանում գործել է որպես մարզական թեքումով գիշերօթիկ դպրոց, այնուհետև՝ 1989թ. վերանվանվել է Օլիմպիական հերթափոխի ուսումնարան: 2005 թվականից՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ:

Քոլեջն ունի շուրջ 300 ուսանող: Այս ուսումնական հաստատությունը իրականացնում է ուսանողների մասնագիտական, կրթական մակարդակի ապահովում՝ ընդհանուր, միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն:

Այս կրթօջախում աշխատում են 12 վաստակավոր մարզիչներ, 13 սաներ եղել են 1996, 2000, 2004, 2008 թթ. Օլիմպիական խաղերի մասնակիցներ՝ գրավելով մրցանակային տեղեր:

Իր գործունեության 29 տարիների ընթացքում քոլեջի սաները մասնակցել են Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ նվաճելով բազմաթիվ մրցանակներ` տարբեր մարզաձևերից:
Քոլեջ ընդունվում են մանկապատանեկան մարզադպրոցներում նախնական պատրաստություն անցած սաները:

Մարզօջախում իրականացվող աշխատանքներն այսօր ղեկավարում է փորձառու մասնագետ Հակոբ Փանոսյանը:

1980 թ. ավարտել է Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտը: Աշխատանքային գործունեությունը սկսել է «Դինամո» մարզական ընկերությունից՝ մարզական կառույցների վարիչ: 1986 թ. աշխատել է Մարզական թեքումով գիշերօթիկ դպրոցի փոխտնօրեն, 1999 թ. նշանակվել է այս հաստատության տնօրեն: Պարգևատրվել է ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գարծչի և Մովսես Խորենացու մեդալներով, ՀԱՕԿ-ի Ոսկե օղակ բարձր պարգևով:

Քոլեջում կատարվող աշխատանքների, մարզումների, նվաճումների մասին զրուցեցինք Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրենի հետ:

–  Պարոն Փանոսյան,  ի՞նչ մարզաձևեր են գործում քոլեջում: 

–  Քոլեջի հիմնադրման առաջին օրվանից, մենք ունեցել ենք՝ հունահռոմեական, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, ծանրամարտ, բռնցքամարտ, ֆուտբոլ, թեթև ատլետիկա մարզաձևեր, նախկինում ունեինք նաև մականախաղ, այժմ բացել ենք նոր՝ սուսերամարտի բաժանմունք:

–  Մրցումներից առաջ, մարզիկների համար ուսումնամարզական հավաքներ անցկացվու՞մ են:

–  Քոլեջում ուսումնական և մարզումների գործընթացը ընթանում է բնականոն հունով: Ուսանողներին ամբողջ տարի ապահովում ենք օրական երկու անգամյա սննդով, որը կարելի է ասել շուրջտարյա ուսումնամարզական հավաքի նման է: Մեզ մոտ երեք տարի միջին մասնագիտական բաժանմունքում սովորելուց հետո ուսանողները ստանում են նեղ մասնագիտական մարզիչի որակավորում: Իսկ ուսումնական պրակտիկան անցկացնում ենք մեր մարզադահլիճներում:

–  Քոլեջում սովորող լավագույն մարզիկները՝ վերջին ժամանակներում, ի՞նչ հաջողություններ են գրանցել:

–  Այսօրվա արդյունքներով՝ ամենաբարձր  ցուցանիշին մեր բռնցքամարտիկն է հասել, նա նոր է վերադարձել Եվրոպայի առաջնությունից. Հովհաննես Բաչկովը դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, նա պաշտպանեց նախանցած տարվա Եվրոպայի չեմպիոնի կոչումը, որովհետև անցած տարի Եվրոպայի առաջնություն բռնցքամարտից՝ չկար: Նա 2017 թ. աշխարհի առաջնության մրցանակակիր է դարձել, այս պահին  պատրաստվում է աշխարհի առաջնությանը:

Եվրոպայի առաջնությունից նոր է վերադարձել նաև Արթուր Հովհաննիսյանը, ով ևս դարձել է Եվրոպայի չեմպիոն: Նրանց մարզում են ՀՀ անձնական մարզիչներ՝ Ռուդիկ Մկրտչյանը և Կարեն Ղազարյանը:

Օրեր առաջ, Եվրոպայի պատանիների հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում, մեր սան Կարապետ Մանվելյանը ևս դարձավ Եվրոպայի մրցանակակիր, նրա մարզիչն է Արմեն Առաքելյանը:

Ազատ ոճի ըմբշամարտից, Հակոբ Ավետիսյանի սաներից՝ Լյովա Գևորգյանը դարձավ հաղթող, իսկ Անդրանիկ Ավետիսյանը արժանացավ երկրորդ մրցանակին:

Ծանրամարտից այսօրվա մեր լավագույն արդյունքը Սամվել Գասպարյանինն է, Բաթումում Եվրոպայի մեծահասակների առաջնությունում գրավել է երկրորդ մրցանակային տեղը, նրա մարզիչն է Հարություն Եղոյանը: Գարիկ Կարապետյանը, աշխարհի պատանիների առաջնությունում գրավել է երկրորդ տեղը, նրա մարզիչ՝ Ալեքսան Կարապետյանը:

Ձյուդո մարզաձևից /Եվրոպայի պատմության մեջ չի եղել/ Սուսաննա Ստեփանյանը, ով 40 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնությունում դարձել է հաղթող: Նրան մարզում են՝ Արտյոմ Բաղդասարյանը և ձյուդոյի ավագ մարզիչ՝ Հովհաննես Դավթյանը, ով ղեկավարում է պատանիների և երիտասարդների ՀՀ հավաքական թիմերը:

–  Քոլեջում մարզումների անցկացման համար, ի՞նչ պայմաններ են ստեղծված:

–   Քոլեջի 4 մարզադահլիճներում իրենց մարզումներն են անցկացնում՝ ձյուդո, բռնցքամարտ, ծանրամարտ և ըմբշամարտ մարզաձևերից: Դահլիճներից երկուսը քարաշեն է, երկուսը՝ փայտաշեն: Այս պահին մեզ մոտ կառուցվում է շատ մեծ մարզահամալիր՝ 3000 քմ.,  երբ ավարտվեն շինարարական աշխատանքները, առայժմ չենք կարող ասել: Շինարարությունն իրականացվում է Գագիկ Ծառուկյան հիմնադրամի միջոցներով: Մեր քոլեջի, ինչպես նաև քաղաքի համար շատ մեծ և կարևոր կառույց է լինելու այն:

Մարզագույքի հետ կապված՝ ոչ մի խնդիր չունենք, գույքի հարցը ամբողջովին պետական միջոցներով է ապահովվում՝ մեր նախարարության միջոցով:

–  Առաջիկայում ի՞նչ առաջնություններ կան, որոնց պետք է մասնակցեք:

–   Առաջիկայում  ունենք երիտասարդների բռնցքամարտի աշխարհի, ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունները, որոնց մեր սաներից 4 – 5 մարզիկներ կմասնակցեն: Նաև՝ մեծահասակների աշխարհի առաջնությունը:

Մեզ մնում է սպասել առաջիկա առաջնություններում հայ մարզիկների նոր նվաճումներին:

                                                                          ՄԱՆՎԵԼ  ԿԻՐԱԿՈՍՅԱՆ