Բաքվի մոտ փոխել արգելքի ռեժիմը չի հաջողվել

- in Կարծիք
paterazm

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի տարածած տեղեկությունը, թե հայկական ուժերը Չինարի և Մովսես գյուղերի դիրքերից կրակել են ադրբեջանական գյուղերի ուղղությամբ և վնասել գյուղտեխնիկա:

Ադրբեջանական այդօրինակ կեղծ տեղեկությունները բոլորովին նորություն չեն, սակայն հետաքրքիր է դրանց հրապարակման, այսպես ասած, ֆոնային հանգամանքը: Այս անգամ Բաքուն՝ իբրև թե հայկական դիրքերից կրակի մասին տեղեկությունը տարածում է Բաքվում ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և ՆԱՏՕ միացյալ զորքերի հրամանատարի հանդիպման ֆոնին: ՌԴ և ՆԱՏՕ կամ ՌԴ-ԱՄՆ նման բարձրաստիճան զինվորականների հանդիպման հանգամանքը Բաքվում դարձյալ նոր չէ: Ադրբեջանում եղել են մի քանի այդպիսի հանդիպումներ նաև նախկինում: Թե ինչու են կողմերը հանդիպման վայր ընտրում Բաքուն, իհարկե, այլ հարց է և, անկասկած, կախված է թերևս մի շարք հանգամանքներից:

Այս անգամ հատկանշական է, որ թե՛ ՌԴ, թե՛ ՆԱՏՕ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ավելի ուշ հանդիպել է նաև Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, իսկ ՌԴ ԶՈՒ շտաբի պետի հետ՝ նաև Ալիևը: Ադրբեջանական կողմը հայտնում է, որ երկու բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպումներում էլ բարձրացվել է ղարաբաղյան հարցը: Թե ինչ կոնտեքստում է Բաքուն բարձրացնում հարցը, արդեն վաղուց է հայտնի: Միաժամանակ նկատելի է, որ արձագանքը, մեղմ ասած, պասիվ է եղել, որովհետև Բաքուն չի էլ կարողացել իրեն բնորոշ, այսպես ասած, ճոխ նենգափոխումներով ներկայացնել դիմացի կողմի արձագանքը և ներկայացրել է շատ զուսպ, ինչը նշանակում է, որ եղել է գրեթե զրո արձագանք: Մյուս կողմից, հենց դրա մասին է թերևս վկայում նաև այն, որ Ադրբեջանը տարածել է հայկական կողմից կրակոցի մասին կեղծ տեղեկությունը՝ ըստ երևույթին փորձելով այսպես ասած՝ կշիռ տալ իր հարցումներին:

Սակայն հատկանշական է, որ այս անգամ Ադրբեջանը բավարարվել է կրակոցների մասին մտացածին տեղեկությամբ, զերծ մնալով խոսել զոհերի մասին: Բանն այն է, որ շաբաթներ առաջ, երբ Բաքվում էին Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանը կեղծ տեղեկություն տարածեց՝ իբրև թե հայկական կողմի կրակոցից իր զոհի մասին, դրանից հետո անցնելով իրավիճակը լարելուն: Սակայն դրան հաջորդեց հայկական կողմի կոշտ պատասխանը, իսկ Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպմանը միջնորդները Բաքվին հորդորեցին զերծ մնալ իրավիճակը լարելուց, հրադադարի պահպանման մեխանիզմների հարցին չառերեսվելու համար: Ավելին, Ադրբեջանը լարումից և հայկական կողմից կոշտ պատասխանից հետո ստիպված էր Վաշինգտոնի հանդիպումից առաջ խոստովանել, որ միջազգային հանրությունն արգելում է պատերազմել: ՌԴ ԶՈՒ շտաբի պետի և ՆԱՏՕ միացյալ զորքերի հրամանատարի հանդիպումը կազմակերպելով Բաքվում, Ադրբեջանն ակնհայտորեն փորձել է ինչ-որ բան փոխել այդ արգելքի ռեժիմում, սակայն դատելով հայկական կրակոցի մասին կեղծ տեղեկատվությունից և նաև ղարաբաղյան հարցի մասին հիշեցումներին ի պատասխան բարձրաստիճան զինվորական հյուրերի գրեթե զրոյական արձագանքին, Բաքվի մոտ փոխել արգելքի ռեժիմը չի հաջողվել: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ հայկական կողմը պետք է թուլացնի զգոնությունը: Ի վերջո, այդ արգելքի ռեժիմի առաջնային և հիմնարար գրավականը նաև հայկական կողմի զգոնությունն ու ամրությունն է: