Բարձրագույն դատական խորհուրդը, որը պատասխանատու է լինելու դատավորների վեթինգի գործընթացի համար, առաջինը հենց ինքը պետք է անցնի վեթինգը, անկախ նրանից, թե ում կողմից են առաջադրվել և երբ են առաջադրվել:

Այս մասին այսօր խորհրդարանում հրավիրած ասուլիսում լրագրողներին ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Կարծում եմ, ի վերջո այն կազմը, որը կունենանք պրոցեսն սկսելուց առաջ, իրենք պետք է անցնեն այդ գործընցաը»,- ասաց նա:

Հարցին, թե ԲԴԽ անդամների վեթինգը որ մարմինը պետք է իրականացնի, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ նախ վեթինգ պետք է իրականացվի պետական ծառայության մեջ գտնվող բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ:

Նրա խոսքով՝ ԲԴԽ անդամների վեթինգը ևս ԲԴԽ-ն կիրականացնի: «Այո, կա հնարավորություն, հատկապես բարձրագույն դատական ատյանների պարագայում, որպեսզի այդ բարեվարքության ստուգման գործընթացում հենց այդ մարմինը նախաձեռնի գործընթաց և շարունակի ընթանալ ինքնամաքրման ճանապարհով»,- ասաց նա:

Լիլիթ Մակունցը չբացառեց, որ Սահմանադրության անցումային դրույթներից 213-րդ հոդվածը կարող է փոփոխվել:

«Սահմանադրական դատարանի խնդրի հետ կապված մենք հակված ենք լուծումներով հանդես գալ մինչև սեպտեմբեր: Լուծումների փնտրտուք ասելով՝ նկատի ունենք, որ մեր բոլոր գործողությունները լինեն օրենքի շրջանակներում: Եվ հանգուցալուծումը որևէ կերպ չդիտարկվի որպես դատական իշխանության նկատմամբ միջամտություն: Բայց միևնույն ժամանակ, եթե իրավական մեխանիզմները մեզ հնարավորություն չեն ընձեռում խնդիրը լուծել, ապա անհրաժեշտության դեպքում նաև հանդես գալ օրենսդրական մեխանզիմների մշակմամբ կամ հստակեցմամբ»,- ասաց նա:
Ըստ Մակունցի՝  իրավաբանական տիրույթում բախում կա Սահմանադրության անցումային դրույթնեերի վերաբերյալ: «Եվ ես կարծում եմ, որ առաջին հերթին խնդիրը պետք է լուծվի իրավական տիրույթում: Այո, անցումային դրույթների հետ կապված կան խնդրահարույց կետեր, և մասնավորապես հենց 213-րդ հոդվածի մասին է խոսքը, որը միանշանակ չի մեկնաբանվում»,- նշեց նա:

Հարցին, թե այսինքն՝ հնարավո՞ր է 213 հոդվածի փոփոխության առաջարկով հանդես գան, Մակունցը պատասխանեց. «Չեմ բացառում»:

Նշենք, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...