Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկատառումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկության, ինչպես նաեւ աշխատասենյակի դուռը կնքելու եւ աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ:

Այս առնչությամբ հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը, որում, մասնավորապես, ասվում է.

«Նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Խորհուրդը 23.07.2019 թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին եւ 26.07.2019 թ. ստացել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պատասխանը:

Քննարկման առարկա դարձնելով ինչպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցադրումները, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պարզաբանումները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն:

Վերոգրյալի արձանագրմամբ Բարձրագույն դատական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ գործողությունն իրականացնելու կապակցությամբ եւ միջնորդել ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...