Բոլոր ժամանակների հրամայականը

- in Հրապարակ
mard

Մի հայտնի պատմություն կա, որում իրականությունը ներկայացվում է որպես ստվեր, որը միշտ հետևում է յուրաքանչյուրիս և բորլորիս միասին՝ որպես հասարակություն։

Իսկ ստվերի պատկերը, ինչպես գիտենք, կախված է դիրքից և այն լույսից, ինչի ներքո ներկայացվում է այն։ Որքան ծուռ է դիրքը, այնքան անճոռնի է ստվերը, որքան կեղծ է լույսը, այնքան սարսափելի ստվերը։

Այսօր մեդիա շառլատանները ոչինչ չեն խնայում անգամ ամենանվիրական արժեքները կեղծ լույսի տակ՝ ծուռ ու մուռ դիրքով ներկայացնելու համար։ Անընդհատ շեղում են մեզ «գայթակղիչ» կեղծիքով՝ մեր հայացքը սևեռված պահելով խեղաթյուրված «սարսափելի իրականության» վրա։ Արդյունքում ունենք այն, որ այդ շառլատանների ներկայացրած իրականությունը թունավոր օձի պես փաթաթվել է մեր կոկորդին և թույլ չի տալիս մեր հայացքը ուղղել դեպի անապական լույսը՝ իսկական իրականությունը տեսնելու համար։
Այդ շառլատանները ամեն ինչ փորձում են խառնել՝ ներկայանալով բոլոր հնարավոր և անհնար կերպարանքներով՝ էլ «լրագրող», էլ «հերոս», էլ «բարեպաշտ», էլ «հայրենասեր», էլ «հոգևորական», էլ «փաստաբան», էլ «դատավոր», էլ «ազնիվ գյուղացի», էլ «հպարտ քաղաքացի» ու այդպես շարունակ։ Սակայն բավական է մի քիչ ուշադիր լինել, և կտեսնենք, որ այդ «լրագրողը» ավելի շատ բանսարկու է, քան լրագրող, որ այդ «փաստաբանը» ավելի շատ կեղծարար է, քան «փաստաբան», «հայրենասերը»՝ հայրենադավ, «դատավորը»՝ հանցագործ, «գյուղացին»՝ քաղքենի․․․

Իսկ եթե ավելի ուշադիր լինենք, ապա անմիջապես կհամոզվենք, որ նրանք մեր հասարակության մեջ որևէ դիրքով հանդես գալու ոչ պիտանելություն ունեն և ոչ էլ իրավունք, և որ նրանց ներկայացրած  խեղաթյուրված ստվերը որևէ աղերս չունի բոլորիս կողմից նվաճված ազնվական իրականության հետ, որի լուսավոր ճառագայթները նորոգում են մեր ներկան և ուղեկցում մեզ դեպի ազնիվ, արդար ապագա։

Այդ պատճառով շառլատանները արագ պետք է դուրս մղվեն շողոքորդությամբ և կեղծիքով զավթած այն բոլոր դիրքերից, որոնք նրանց հնարավորություն են տալիս իրականությունը կեղծելով մոլորեցնել մեզ բոլորիս։ Եվ դա կարող է անել միայն իսկական ԼՐԱԳՐՈՂԸ և ՔԱՂԱՔԱԳԵՏԸ, իսկական ՀԵՐՈՍԸ և ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ, իսկական ԲԱՐԵՊԱՇՏԸ և ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ, իսկական ՓԱՍՏԱԲԱՆԸ և ԴԱՏԱՎՈՐԸ, իսկական ԳՅՈՒՂԱՑԻՆ և ՔԱՂԱՔԱՑԻՆ․․․

Կարեն Ղարիբյան