Vano Siradeghyan

Երեկ «Օրենքով գող» Մերաբ Քալաշովին ի վերջո Հայաստանից արտահանձնել են Ֆրանսիա։ Նրա փաստաբանը կարծում է, որ գործընթացն ուղեկցվել է օրենքի խախտումներով, սակայն այս ամենի մեջ շատ ավելի կարևոր է ընդհանուր համատեքստը։

Օրեր առաջ բարձրացվեց Հայաստանի ոստիկանության, այսպես ասած, «քաշային կարգը»․ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դարձավ գեներալ։ Սա, իհարկե, ուղղակի ազդեցություն ունենալ չի կարող ոստիկանության գործունեության արդյունավետության վրա, սակայն նման իրադարձություններն, այնուամենայնիվ, քաղաքական իշխանության ինստիտուցիոնալ վերաբերմունքի կոնկրետ դրսևորոււմ են։ Սրան զուգահեռ՝ Նոր Նորքում տեղի ունեցավ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանությունը։ Քրեական աշխարհում վաղուց նման «կալիբրի» սպանություն չէր եղել, ու շատերը զուգահեռներ անցկացրեցին 90-ականների հետ։

Ամբողջ խնդիրն այն է, որ այն ժամանակ «օրենքով գողերի» սպանությունները կապում էին օրվա քաղաքական իշխանության, հատկապես՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի անվան հետ։ Իհարկե, սա միֆականացված պատկերացում է, որովհետև իրականում տեղի էր ունենում համակարգային տրանսֆորմացիա, այսինքն՝ փլուզվել էր «գողական աշխարհը» ծնած սովետական իշխանությունը ու հին կապերի կազմաքանդումն ու հասարակական նոր հարաբերությունների ձևավորման գործընթացն ուղեկցվում էին քրեական աշխարհում հայտնի դեմքերի աղմկոտ սպանություններով։ Այդ երևույթը տարածված էր ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ հետսովետական մի շարք երկրներում։ Իրականում՝ Վանո Սիրադեղյանի շնորհիվ Հայաստանը կարողացավ զերծ մնալ քրեական աշխարհի արյունոտ «ռազբորկաներից»․ պատերազմող երկրում «գողերը» հայտնվեցին բանտերում կամ արտաքսվեցին Հայաստանից, ինչի հետևանքով լարված առաջնագիծն ունեցավ ապահով թիկունք։

Նույն բանը՝ գուցե ավելի լոկալ դրսևորմամբ, տեղի է ունենում նաև այսօր, երբ հանցագործ աշխարհի գետ սերտաճած քրեաօլիգարխիկ համակարգի անկումից ու ռուսական ազդեցության բնական թուլացումից հետո «անտեր մնացած» քրեական աշխարհում տեղի են ունենում վերադասավորումներ։ Շատ հնարավոր է՝ վերջին սպանությունը հենց դրա հետևանք է, սակայն հասարակության զգալի մասը դա հիմա համարում է պետության թուլության հետևանք։

Սա էլ, իհարկե, սուբյեկտիվ մոտեցում է։

«Եթե համեմատենք այս տարվա առաջին կիսամյակը 2018-ի հետ, ունենք մինուս մեկ, իսկ եթե հանենք նաև 2018-ից 2019-ին փոխանցված սպանությունները, ապա անգամ կարող ենք ունենալ մինուս -2-3 սպանություն, իսկ սա լուրջ ձեռքբերում է»,-երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Վալերի Օսիպյանը: Պոզիտիվ վիճակագրությունն, իհարկե, լավ բան է, սակայն՝ երբ Օսիպյանը պնդում է, թե Հայաստանն այսօր ամենաանվտանգ երկրներից մեկն է մոլորակի վրա, սա արդեն չափազանցություն է՝ ճիշտ այնպես, երբ Օսիպյանի թուլության հետևանք է համարվում Անդիկի սպանությունը։

Լրագրողների դիտարկմանը, որ այդ սպանությունից հետո քրեական աշխարհում իրարանցում է, ոստիկանապետն ասել է. «Վստահեցնում եմ, որ քրեական աշխարհը, հանցավոր աշխարհը, վերահսկելի է ոստիկանության կողմից: Որևէ խնդիր չեմ տեսնում»։

Խնդիր չի լինի, եթե Հայաստանն ապաքրեականացվի ոչ միայն օրենսդրական համապատասխան կարգավորումներով, այլ նաև քաղաքական կամքի գործադրմամբ, որը պայմանականորեն կարող ենք անվանել Վանոյի ֆենոմեն։ Ուզում ենք հավատալ Օսիպյանի վճռականությանը, սակայն շատ կարոևր է, որպեսզի ոստիկանությունն իրավամբ կարողանա կանխարգելիչ գործողություններ իրականացնել՝ բանը չհասցնելով կատարված հանցագործությունների հետևանքների վերացմանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...