Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախում է, որտեղ երկրի ղեկավարությունից բացի մտադիր է հանդիպել նաեւ Ադրբեջանից հայ փախստականների միության ներկայացուցիչներին:

Միությունն արդեն երկար տարիներ գոյություն ունի, բայց երկար ժամանակ Ադրբեջանից հայ փախստականների խնդիրներն անտեսվել են ոչ միայն միջնորդների, այլ նաեւ հայկական կողմից:

Այս տարվա մարտին Երեւան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը, որն Արցախի արտաքին գործերի նախարարից բացի հանդիպել է նաեւ Ադրբեջանից հայ փախստականների արցախյան միության ղեկավար Սարասար Սարյանին:

Հիշեցնենք, որ երբ Հայաստանը հայտարարեց, որ չի կարող բանակցություններին ներկայացնել Արցախի ժողովրդին եւ պահանջեց վերականգնել եռակողմ ձեւաչափը, Բաքուն ակտիվացրեց Արցախից փախստականների կազմակերպությունը: Տարածաշրջան վերջին այցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են նաեւ փախստականների ներկայացուցիչներին:

ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն օրերս հայտարարել է, որ Բաքուն, ըստ երեւույթին, պատրաստվում է բանակցությունների ձեւաչափի փոփոխությանը եւ Ղարաբաղի ներգրավմանը: Նա ադրբեջանական համայնքի ակտիվացումը հենց դրա հետ է կապել:

Եվ ահա Հայաստանի ԱԳ նախարարը մեկնել է Արցախ, որտեղ նույնպես մտադիր է հանդիպել փախստականների միության ներկայացուցիչներին:

Ինչպե՞ս է Երեւանը պատկերացնում բանակցությունների ապագա ձեւաչափը, եթե Բաքուն որպես կողմ «առաջադրի» «ադրբեջանական համայնքը»: Հայկական կողմը մտադի՞ր է բանակցություններին ներգրավել Ադրբեջանից փախստականներին:

Կա՞ երկու հայկական պետությունների փոխգործակցության մշակված ծրագիր ու ձեւաչափ: Հիշեցնենք, որ հիմա թափ են հավաքում «Հայաստան-Արցախ» միանգամից երկու շարժում: Առաջին դեպքում խոսքը ռազմավարական դաշինքի մասին է, որն առաջ է տանում Դաշնակցությունը: Հիշեցնենք, որ այդ նախաձեռնության ներկայացուցիչները վերջերս հանդիպել են Ռուսաստանի դեսպանին:

Երկրորդ նախաձեռնությունը ծնվել է Արցախում: Դա «Հայաստան-Արցախ» դաշինքն է, որը նախատեսում է Սահմանադրությունների, օրենսդրությունների, երկու պետությունների կառավարման համակարգերի աստիճանական ներդաշնակեցում՝ առավելագույնս մոտենալով միասնական պետության ստեղծմանը: Ռուս փորձագետները քննադատել են այս նախաձեռնությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Արցախում հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հանդիպումից հետո Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է արցախցի լրագրողների հարցերին:

Հարց է հնչել վաշինգտոնյան հանդիպումներից հետո ՀՀ-ի հրապարակած տեղեկատվության վերաբերյալ Դավիթ Բաբայանի հայտարարության մասին:

Հիշեցնենք, նա ասել էր․ «Շնորհակալ ենք Երևանին, որ տեղեկացնում է մանրամասների մասին, բայց տեղեկացնելը քաղաքական և իրավական կատեգորիա չէ»։ Լրագրողները հետաքրքրվել են, թե բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը օրակարգու՞մ է մնում։

«Դուք շատ լավ հասկանում եք, որ մեզ համար այս հարցն օրակարգային հարց է, և մենք ենք առաջ բերել այս հարցը, այս իշխանությունն է առաջ բերել այս հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա լիարժեք ներգրավվածություն, որովհետև այն այս գործընթացի սուբյեկտ է։ Հասկանում եք, որ եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ: Սա օրակարգային հարց է, որը կանոնավոր, հետևողականորեն հետապնդվում է, որովհետև մենք ունենք գերակա խնդիր. սա պրակտիկ խնդիր է, սա պրագմատիկ մոտեցում է, որ եթե մենք լիարժեք և արդյունավետ բանակցային, խաղաղ կարգավորման գործընթացի մասին ենք խոսում և մտածում հաշվի չառնել այս կարևորագույն գործոնը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությանը և այս գործընթացում սեփականության զգացումի ամրապնդմանը, պրակտիկ առումով մենք վնաս ենք հասցնում խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ աշխատանքին։ Դուք հիշում եք նաև, որ մենք Ստեփանակերտում ունեցել ենք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ նույնպես բոլորս միասին ընդարձակ խոսել ենք այս հարցի մասին և արտահայտել, որ մենք սա երբևէ առաջ չենք բերի որպես նախապայման, բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է»,-պատասխանել է ՀՀ ԱԳ նախարարը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...