«Ես ճամփորդ դեսպան եմ»

- in Հասարակություն
Pyotr Svitalsky

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Շիրակի մարզում սկսած երկու ծրագրի հաջող ավարտի մասին է հայտարարել եւ վստահեցրել, որ բոլոր այն աշխատանքներն ու ծրագրերը, որոնք ներկա պահին ընթացքի մեջ են, շարուակվելու են առանց ընդհատումների եւ խնդիրների:

Ամասիայի բրդի գործարանը շահագործվեց, Գյումրիում էլ կայացավ Եվրոպական միության, Կարիտաս Ավստրիայի և Ավստրիայի զարգացման հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: Սրանց հաջորդեց նոր հայտարարություն:

«Հայաստանի հյուսիսային մարզերում ԵՄ-ն նոր ջանքեր է ներդնելու, եւ շատ ուրախ եմ տեղեկացնելու, որ Գերմանիայի եւ Ավստրիայի մեր գործընկերները շուտով Հայաստանի հյուսիսային 3 մարզերում նոր ծրագրեր են իրականացնելու: Դրանք կունենան 35 մլն եվրոյանոց հսկայական բյուջե եւ հիմնականում ուղղված կլինեն տուրիզմի զարգացմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սվիտալսկին:

Այդ երեք մարզերի մեջ Շիրակն էլ է ընդգրկված: Ավստրիայի եւ Գերմանիայի զարգացման գործակալությունները ներկա պահին աշխատանքեր են տանում մարզպետների հետ: Ըստ Սվիտալսկու՝ համագործակցության առումով Շիրակի մարզպետը շատ ակտիվ է:

«Շատ ուրախ կլինեմ, որ մարդիկ ակտիվ մասնակցություն ունենան այդ ծրագրերում, որովհետեւ վերջնական արդյունքը պետք է լինի մարդն ու համայնքներում բնակվողները, որովհետեւ այդ 35 մլն եվրոն, որը կներդրվի այդ երեք մարզերի զարգացման համար, պետք է ծառայի հենց մարդկանց: Ես հույս ունեմ՝ ինձ փոխարինող դեսպանն անպայման կշարունակի իմ սկսած քաղաքականությունը, քանի որ իմ եկած առաջին օրվանից ջանքերս ուղղել եմ մի քաղաքականության ուղղությամբ, որը հատկապես աղքատ համայքների զարգացմանն էր վերաբերում: Վստահ եմ, որ գնալուցս հետո արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ավարտին կհասցվեն: Ինչպես նաեւ նոր ծրագրեր կմեկնարկեն՝ այդ համայնքների զարգացմանն ուղղված»,-վստահությամբ ասաց Պյոտր Սվիտալսկին:

Սվիտալսկին այսօր լրագրողներից ոչինչ չթաքցրեց: Ասաց՝ իր համար աշխատանքային ամենասիրված օրերը եղել են ճամփորդությունները ՀՀ տարբեր մարզերի համայնքներ:

«Ես ճամփորդ դեսպան եմ եւ շաբաթվա մեջ առնվազն երկու օր գնում եմ Հայաստանի մարզեր: Դրանք  ձեր երկրում ինձ համար ամենաուրախացնող օրերն են, քանի որ տեսնում եմ աշխատանքիս արդյունքը»:

Ո՞վ է նոր դեսպանը: Սվիտալսկին ասաց՝ գիտե, բայց ասելու իրավունք չունի, դիվանագիտական արարողակարգը թույլ չի տալիս: Բայց ակնարկեց՝ կարող ենք հանգիստ լինել: «Այո, գիտեմ՝ ով է նոր դեսպանը, սակայն նրա ով լինելը չեմ կարող ասել: Փոխարենը կասեմ, որ նա լավ լուծում կլինի Հայաստանի համար, քանի որ շատ է սիրում Հայաստանն ու շատ մոտ է ինձ հետ»,- կատակեց Սվիտալսկին:

Հաջողված համարո՞ւմ է արդյոք իր դիվանագիտական գործունեությունը: Հարցին Սվիտալսկին չպատասխանեց: Ասաց՝ երեւանյան լրագրողներին նեղացնել չի ուզում, եւ այդ հարցին կպատասխանի հաջորդ երկուշաբթի կայանալիք հրաժեշտի ասուլիսի ժամանակ, երբ բոլորը ներկա կլինեն: