Երկու կարեւոր ազդակ Վաշինգտոնից. Հայաստանի պատասխանն ԱՄՆ-ին

- in Հրապարակ

Հայաստանի միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա մեկնում են Միացյալ Նահանգներ: Մոտ տասնօրյա այցով ԱՄՆ է մեկնում Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Միացյալ Նահանգներ է մեկնում նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը մասնակցելու է միջազգային համաժողովի:

 http://lragir.amԻ՞նչ են տանում Հայաստանի պաշտոնյաները Նահանգներ եւ ի՞նչ են բերելու այնտեղից:

Միացյալ Նահանգներ երկու այցին նախորդեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկու որոշում, որոնք առնչվում էին Արցախին: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջյանն անխաադեպ էր որակել արցախամետ այդ որոշումները, ասելով, որ 1998 թվականից հետո ԱՄՆ Կոնգրեսը չի կայացրել այդպիսիք:

Մի որոշումն առնչվում էր հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի պահպանման եւ հետաքննության մեխանիզմների տեղակայման գործին, դրան աջակցելուն, դրա համար քայլերի անհրաժեշտությանը: Մյուսը վերաբերում էր Ստեփանակերտի օդանավակայանին եւ կոնգրեսական Շերմանի նախագծով ԱՄՆ կառավարությանն արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի սպառազինություն, որը թույլ կտա սպառնալիք ստեղծել քաղաքացիական օդանավերի համար:

ԱՄՆ Կոնգրեսի երկու որոշումներն էլ հույժ կարեւոր են հայկական պետականության անվտանգության համատեքստի տեսանկյունից, թեեւ հասկանալի է, որ դրանք ամենեւին այն փուլում չեն, որ ենթակա են անվերապահ կատարման: Դեռեւս պարզ չէ, թե ինչ ընթացք կստանան Սենատում: Միաժամանակ հայտնի է, որ Կոնգրեսի մոտեցումները դեռեւս Սպիտակ տան դիրքորոշում կամ քաղաքականություն չեն, իսկ արտաքին քաղաքականությունը իրականացնում է Սպիտակ տունը:

Բայց, Միացյալ Նահանգները չունի երկու քաղաքականություն: Նահանգներն ունեն մեկ քաղաքականության երկու եւ ավելի գործիքներ, որոնք քաղաքականությունը դարձնում են առավել մրցունակ ու ճկուն, նպաստելով համաշխարհային գերակա դիրքի ձեւավորմանը: Ըստ այդմ, այդ գերակա դիրքից Հայաստանը ստացել է անվտանգային երկու կարեւոր ազդակ:

Ի՞նչ է պատասխանելու Երեւանը, ու թերեւս դրանից է կախված նաեւ, թե ազդակները ինչ շարունակություն են ունենալու թե կոնկրետ նախաձեռնությունների, թե ընդհանրական մթնոլորտի իմաստով:

Գլխավոր ազդակը, որ Նահանգները ակնկալում է Երեւանից, թերեւս ինքնիշխանության կամքի հետեւողական դրսեւորումն ու աճն է: Ընդ որում, ինքնիշխան կամք, որն ինքնաբերաբար չպետք է դիտարկվի իբրեւ հակառուսականության դրսեւորում: Ավելին, այդ իմաստով «հակառուսականությունը» ներդրվում է հենց բուն «դիսկուրսը» առարկայականությունից այլ դաշտ տեղափոխելու եւ ուղղակի փոշիացնելու համար:

Որովհետեւ Հայաստանի ինքնիշխանությունը կամ ինքնիշխան Հաաստանը հակառուսական Հայաստանը չէ: Դա Հայաստանն է, որը առավելագույնս արդյունավետ իրականացնում է իր ռեգիոնալ ռազմա-քաղաքական եւ քաղաքակրթական դերակատարումը՝ արցախյան շարժման եւ հաղթանակի գծած սահմաններում: Այդ դերակատարումը ոչ թե հակառուսական Հայաստանն է, այլ Ռուսաստանի ռեգիոնալ հակահայկական քաղաքականության մերժումն ու չեզոքացումը եւ դրա ռեգիոնալ տեղավորումը միջազգային անվտանգության համակարգի տրամաբանության մեջ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան