shtap ohnutyun 1

Մետրոյի կայարանների մոտ աշխատում են շտապօգնության մեքենաներ, բոլոր վատ զգացող ուղևորների բուժօգնություն է ցուցաբերվել։

Համատարած հոսանքազրկումների պատճառով անորոշ ժամանակով կասեցվել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։

Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Գևորգ Ավետիսյանը։

«Աշխատանքը մետրոյում դադարեցվել է։ Այս պահին չեմ կարող ասել, թե երբ հնարավոր կլինի այն վերականգնել։ Էլեկտրամատակարարումը մասամբ վերականգնվել է, բայց անվտանգության նկատառումներից ելնելով մետրոն դեռ իր աշխատանքը չի վերսկսել»,–ասաց Ավետիսյանը։

Տնօրենի խոսքով` երկու գնացքներ մնացել են թունելներում «Զորավար Անդրանիկ» – «Հանրապետության հրապարակ» և «Գործարանային»–«Շենգավիթ» կայարանների միջև։
«Այս երկու գնացքներն էլ արդեն հասցվել են կայարաններ, բոլոր ուղևորները տարհանվել են։ Կայարաններին են մոտեցվել շտապ օգնության ավտոմեքենաներ, բոլոր վատ զգացող ուղևորների բուժօգնություն է ցուցաբերվել»,– ասաց տնօրենը։

Հիշեցնենք, շուրջ 2 ժամ առաջ Երևանում ու Հայաստանի որոշ մարզերում հոսանքի համատարած տատանումներ ու անջատումներ են գրանցվել։ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտարարել է, թե ինչ է կատարվում Հայաստանի էներգետիկ համակարգում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են 2 խոշոր էլեկտրակայաններում` Երևանի ՋԷԿ–ում ու Հրազդանի ՀԷԿ–ում տեղի ունեցած խոշոր վթարներով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...