Երևանյան գործարաններից մեկի պահեստապետին կնոջ պատվերով Արզնու ձորում սպանել ու թաղել էր կնոջ սիրեկանը

- in Իրավունք

1972 թ. օգոստոսին ահազանգ ստացվեց, որ երեք օր է՝ Արզնու ձորում՝ «Արզնի» առողջարանի մոտակայքում, մի «Վոլգա» է անտերունչ կանգնած:

Իրավապահները պարզեցին, որ Արզնու ձորում գտնվող «Վոլգան» թալանված է: Մեքենայի տիրոջ անունը ճշտեցին, ու քրեական հետախուզության բաժանմունքի աշխատողները մեկնեցին նրա տուն:

Մեքենատիրոջ կինը՝ 33-ամյա Ա.-ն, միլիցիոներներին շատ սիրալիր ընդունեց ու ասաց, որ ամուսինը հիմնարկի գործերով իր մեքենայով մի քանի օրով գործուղման է մեկնել: Կինը կարծես թե անակնկալի եկավ, երբ միլիցիոներները հայտնեցին, որ նրանց «Վոլգան» մի քանի օր է՝ Արզնու ձորում է:

Միլիցիոներների հարցերին պատասխանելով՝ կինը պատրաստակամորեն պատմեց ամուսնու ընկերների, հետաքրքրությունների, գործերի մասին:

Անհետացած տղամարդը՝ Սուրենը, երևանյան գործարաններից մեկի պահեստապետն էր: Իրավապահները պարզեցին, որ գործարանից նրան ոչ մի տեղ էլ չէին գործուղել: Նրա անհետացումը համընկել էր շաբաթ-կիրակիի հետ, միայն երկուշաբթի օրն էին գործարանում անհանգստացել, երբ պահեստապետն աշխատանքի չէր ներկայացել: Սուրենը պարտաճանաչ աշխատող էր, առանց զգուշացնելու չէր բացակայում:

Երևանի Սպանդարյանի ՆԳ բաժնում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին՝ Սուրենին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավտոպահեստամասեր վաճառող խանութները և Սուրենի տունը հսկողության տակ առնվեցին:

Մի քանի օր հետո ավտոպահեստամասերի խանութներից մեկի մոտ միլիցիոներների ուշադրությունը գրավեցին երկու երիտասարդներ, որոնք խանութից դուրս եկողներին էին մոտենում, խոսում էին հետները:

Միլիցիոներներից մեկը, հաճախորդ ձևանալով, մտավ խանութ ու դեմքի դժգոհ արտահայտությամբ դուրս եկավ, կանգնեց, իբր անօգնական դեսուդեն նայեց:

Դրսում կանգնած երկու երիտասարդները նրան էլ մոտեցան ու պարզեցին, որ «դժգոհ» քաղաքացին «Վոլգայի» պահեստամասեր է ցանկանում գնել, բայց խանութում ոչինչ չկա: Երիտասարդներն անմիջապես առաջարկեցին իրենց ծառայությունը՝ թվարկելով, թե ինչ պահեստամասեր կարող են վաճառել և՝ ինչ գներով:

Քիչ անց երկուերիտասարդները արդեն ՆԳ բաժնում գրավոր ներկայացնում էին՝ որտեղից էին հայթայթել «Վոլգայի» պահեստամասերը:

Նրանք պատմեցին, որ Արզնու ձորում էին եղել: Շաբաթ օրը տեսել էին կայանված «Վոլգան», որի մեջ ոչ ոք չկար: Մտածել էին՝ վարորդը մոտերքում կլինի, թողել-գնացել էին: Բայց հաջորդ օրը նույն «Վոլգան» դարձյալ նույն տեղում էր՝ առանց վարորդի: Երիտասարդները հասկացել էին, որ ինչ-ինչ պատճառով մեքենան ձորում անտեր վիճակում է: Թաքնվել, հսկել էին այն, իսկ մութն ընկնելուց հետո թալանել էին… Այնուհետև հափշտակած պահեստամասերը փորձել էին իրացնել…

Սուրենի տունը հսկողները շուտով պարզեցին, որ երիտասարդ տանտիկինը երբեմն գիշերները հյուր է ունենում՝ մի բարձրահասակ երիտասարդ էր այցելում նրան:

Հաջորդ օրը իրավապահները տիկնոջն այցելեցին, Սուրենի մասին մեկ-երկու հարց տվեցին ու անսպասելի հարցրին՝ ո՞վ է տիկնոջ կեսգիշերային հյուրը:

Կինը ձևացրեց, թե դժվարությամբ է մտաբերում՝ ո՞ւմ մասին են իրեն հարցնում, ապա ասաց, թե երիտասարդը Սուրենի ընկերն է, անհանգստանում է, այցելում է՝ միայն Սուրենի մասին տեղեկություն ստանալու համար: Սակայն տիկինը Սուրենի ընկերների մասին իրավապահներին պատմելիս այդ «ընկերոջ» անունը չէր նշել: Իրավապահների հարցին կինը պատասխանեց, թե այն ժամանակ այդ ընկերոջը պարզապես մոռացել էր…

Իրավապահները հետաքրքրվեցին ու իմացան, որ հիշյալ բարձրահասակ երիտասարդը ոչ թե Սուրենի ընկերն էր, այլ տիկնոջ ծանոթներից էր եղել, նա էր այդ երիտասարդին ծանոթացրել ամուսնու հետ:

Շուտով պարզ դարձավ նաև, որ երիտասարդը՝ Արտաշը, տիկնոջ սիրեկանն էր եղել նաև մինչև Սուրենի անհետանալը:

Իրավապահները շարունակում էին պարբերաբար այցելել Սուրենի կնոջը: Վերջինս ամեն անգամ առույգ կերպով «զեկուցում էր», թե Սուրենը դեռևս չի հայտնվել: Տիկինը նույնիսկ ենթադրություն էր անում, թե Սուրենը, միգուցե, սիրուհի է ունեցել ու «փախել է» սիրուհու հետ՝ հետքերը խճճելու համար մեքենան թողնելով Արզնու ձորում:

Ժամանակն անցնում էր: Իրավապահները համոզվելով, որ տիկնոջ ինքնավստահությունը կոտրել չեն կարողանում, հոգեբանական «գրոհի» անցան: Հերթական այցի ժամանակ, երբ կինը ժպտալով բացեց դուռն ու ասաց, թե Սուրենից դեռ տեղեկություններ չունի, իրավապահները նրան անակնկալի բերեցին՝ հայտնելով՝ Սուրենին գտել ենք, հիմա հիվանդանոցում է, շուտով կկարողանա պատմել, թե ինչ է կատարվել…

Կինը իրավապահների աչքի առաջ կերպարանափոխվեց: Սկսեց լաց լինել, կուրծք ծեծել, թե ինքը մեղավոր չի, Արտաշն է իրեն համոզել, որ Սուրենին պետք է «մեջտեղից վերացնել…»:

Արտաշը նրա բարձրահասակ սիրեկանն էր: Կինը Արտաշի հետ մտերիմ էր եղել մինչև Սուրենին հանդիպելը: Սուրենը տանյոթ տարով մեծ էր հաշվենկատ աղջկանից, լավ աշխատանք ուներ, մեքենա, բնակարան: Աղջիկը նախընտրեց Սուրենի հետ ամուսնանալ, ապահով կյանքով ապրել, բայց նախկին սիրեկանին էլ ձեռքից բաց չթողնել: Արտաշն էլ դեմ չէր ունևոր տղամարդու տիկնոջ հետ զվարճանալուն: Բայց եկավ մի պահ, երբ սիրեկանները համարեցին, թե Սուրենը արդեն խանգարում է իրենց: Այդ ժամանակ կինն արդեն սեփական միջոցներն ուներ՝ Սուրենը պահեստապետ էր, իր ներքին վախերն ուներ և իր ունեցվածքի մի մասը ձևակերպել էր կնոջ անունով…

Բայց Սուրենը միամիտ տղամարդկանցից չէր: Նա սկսել էր կասկածել կնոջն ու Արտաշին: Եվ կինը, որոշելով ազատվել Սուրենից, սիրեկանին պատվիրել էր ամուսնու սպանությունը…

Հերթական անգամ, երբ Սուրենը ծանոթներից մեկին պիտի այցելեր «Արզնու առողջարանում», Արզնու ձորում, իբր՝ պատահաբար, նրան էր հանդիպել Արտաշը: Վերջինս առաջարկել էր իջնել ձոր ու մի կտոր հաց ուտել միասին: Սուրենը համաձայնել էր: Մեքենան կանգնեցրել ու իջել էր Սուրենի հետևից՝ չկասկածելով, որ կինն ու Սուրենն ընդունակ են ամենածանր հանցանքին:

Ձորում, երբ մի քանի բաժակ խմել էին, Արտաշը հետևից մոտեցել, քարով մի քանի անգամ ուժգին հարվածել էր Սուրենի գլխին և սպանել էր… Հետո անշնչացած մարմինը թաղել ու շտապել էր Երևան՝ սիրուհուն ասելու, որ հանձնարարությունը կատարված է…

Երբ Սուրենի տիկնոջը ՆԳ բաժին տարան, կինը վախեցած դեսուդեն էր նայում՝ մտածում էր՝ Սուրենը դուրս է գալու իր դեմ: Ի վերջո նրան ասացին, թե Սուրենին չեն գտել… Կինը փորձեց հրաժարվել ասածներից, սակայն արդեն ուշ էր: Հարևան սենյակում նրա դեմ ցուցմունք էր տալիս նրա սիրեկան Արտաշը ու ամեն բան բարդում էր սիրուհու վրա՝ ասելով, թե նա է ամեն ինչի կազմակերպիչը, կին չէ, սատանա է, դաժան արարած, իրեն էլ կողքին պահում էր սպառնալիքներով…

Սուրենի դիակը հայտնաբերվեց:

Կինն ու սիրեկանը դատապարտվեցին, մեկը՝ սպանություն պատվիրելու, մյուսը՝ սպանության պատվերը կատարելու համար: