Երևանում 57-ամյա տղամարդը 9-ամյա աղջնակին խաբելով տարել է իր տուն և փորձել բռնաբարել

- in Իրավունք
brnabarutyun

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ս. Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ա. Գրիգորյանի նախագահությամբ:

1961 թվականին ծնված Ս. Մ.-ի ընտանեկան կարգավիճակն է՝ «ամուսնալուծված, խնամքին ոչ ոք»: Ըստ դատական ակտի՝ Ս. Մ.-ն նախկինում երկու անգամ՝ 1997 և 2008 թվականներին, դատապարտվել է ՌԴ-ում, վերջին անգամը՝ 7 տարի ազատազրկման: Ազատություն է դուրս եկել 2015 թվականին: Վատառողջ է՝ 3-րդ խմբի հաշմանդամ:

57-ամյա տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել Երևանում 9-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողությունների փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 23-ին, ժամը 17-ից 17-ն անց 30-ի սահմաններում Ս. Մ.-ն երևանյան իր բնակության վայրի հարևանությամբ ապրող անչափահաս՝ 2008 թվականի ապրիլին ծնված, 9-ամյա աղջնակին խաբելով, թե իր տանը երեխաներ կան, նրանց հետ խաղալու պատրվակով երեխային հրավիրել է իր բնակարան, ապա երեխայի անօգնական վիճակն օգտագործելով՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դիտավորությամբ աղջնակին հրել-նստեցրել է բազմոցին, հանել է իր տաբատն ու պահանջել է, որ երեխան ձեռք տա իր սեռական օրգանին:

Երեխան հրաժարվել է կատարել Ս. Մ.-ի պահանջը, ասել է, թե կգանգատվի հորը, մորեղբորն ու հորեղբորը: Դրանից հետո Ս. Մ.-ն բարձրացրել է տաբատը, բացել է բնակարանի դուռը: Երեխան հեռացել է նրա բնակարանից:

Առաջադրված մեղադրանքում Ս. Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե տուժող երեխային ճանաչում է 2017 թվականից: Ինքը վերադառնում էր բարեգործական ճաշարանից ու հանդիպել է երեք երեխաների, այդ թվում՝ տուժող աղջնակին: Վերջինս է իրեն մոտեցել ու կոնֆետ է ուզել: Իր գրպանում միշտ կոնֆետ էր լինում, ինքը հյուրասիրում էր երեխաներին: Մի անգամ էլ, երբ նորից ճաշարանից էր վերադառնում, աղջիկը մոտեցել, կոնֆետ է ուզել: Այդ անգամ իր մոտ կոնֆետ չկար: Ինքը երեխայի հետ մտել է խանութ, որ նրա համար կոնֆետ առնի: Երեխան «Թվիքս» է ուզել, ինքը գնել ու տվել է նրան: Ինքը երեխային ուղեկցել է մինչև նրա տուն: Ճանապարհին երեխան իրեն հարցրել է՝ ինքը կին, երեխա, թոռնիկ ունի՞: Ինքն ասել է, թե բաժանված է, առանձին է ապրում:

2018 թվականի փետրվարի 23-ին ինքը վերադառնում էր դեղատնից: Աղջնակը շենքի աստիճանների մոտ էր: Ինքը վերելակ է կանչել: Երեխան մոտեցել ու ամեն անգամվա նման իրենից կոնֆետ է ուզել: Ինքն ասել է՝ կոնֆետ չունի, փող էլ չունի, որ գնի: Պետք է գնա տուն, փող վերցնի, նոր գնա խանութ: Իր համար պիտի հաց գներ, երեխայի համար էլ կարող էր կոնֆետ առնել: Երեխան ասել է, թե իր հետ կբարձրանա բնակարան: Ինքը նրան հորդորել է, որ աստիճանների մոտ սպասի, բայց երեխան չի լսել, մտել է վերելակ: Բարձրացել են իր բնակարան: Հյուրասենյակի սեղանից նա կոնֆետ է վերցրել: Խաղացել է կատվի հետ: Ինքը երեխային ասել է, որ դուրս գնա ու սպասի վերելակի մոտ, քանի որ ցանկացել է վարտիքը փոխել: Մտել է խոհանոց, հանել է սև տաբատը, հետո՝ դրա տակից հագած սպորտային տաբատը ու «պլավկին»: Այդ պահին շրջվել ու տեսել է, որ երեխան առանց իրեն հարցնելու եկել է իր հետևից ու վարագույրի հետևից նայում է իրեն… Ինքը բարկացել ու բղավել է նրա վրա, զգացել է, որ երեխան «մի տեսակ է եղել»: Ինքն արագ հագնվել է, երկուսով գնացել են վերելակի մոտ ու վերելակով իջել են ներքև: Ինքը ճշտել է՝ երեխան կարո՞ղ է մենակ տուն գնալ: Նա հանգիստ հեռացել է:

Ամբաստանյալ Ս. Մ.-ն պնդել է, թե ինքը բնակարանում երեխային չի հրել-նստեցրել բազմոցին, նրա նկատմամբ անպարկեշտ գործողություն չի կատարել, որևէ վատ բառ չի ասել: Նույնիսկ ցանկացել է տեսնել նրա հայրիկին՝ գիտակցելով, որ նա կարող է իրեն ծեծել, քանի որ ինքը երեխայի վրա «բղավել էր», ու երեխան, իր կարծիքով վախեցել էր դրանից… Ինքը երեխային իր տուն տանելու մտադրություն չուներ, երեխան է «իր կամոք» մտել իր բնակարան, «քանի որ իրենք ջերմ հարաբերություններ ունեին»:

Ամբաստանյալն ասել է, թե իր բնակարանում խոհանոցը դուռ չունի, վարագույր է կախված: Երեխան վարագույրի հետևից էր իրեն նայում: Ինքը չի պատկերացնում՝ երեխան ինչո՞ւ է ասում, թե տեսել է իր անդամը ու ինքը, իբր, նրան ասել է, որ ձեռք տա դրան: Ինքը միայն գոռացել է նրա վրա, որ առանց թույտվության ներս է մտել, իրեն չի սպասել վերելակի մոտ: Հնարավոր է՝ իր բղավոցից երեխան այնպես է վախեցել, որ… իրեն սխալ է հասկացել… Հնարավոր է, որ երեխան տեսել է իր անդամը, բայց ինքը դա հատուկ չի արել, չգիտեր, որ երեխան եկել է իր հետևից…

Ինքը դրանից հետո գնացել է խանութ, հաց և օղի է առել, վերադարձել է տուն: Ինքը երեխային չի մեղադրում, ուղղակի՝ երեխան… իրեն ճիշտ չի հասկացել…

Անչափահաս տուժողը հայտնել է, թե դեպքի օրը Ս. Մ.-ն իր ձեռքից քաշելով՝ տարել է իր տուն, իջեցրել է շալվարն ու ասել է՝ ձեռք տուր: Ինքը ձեռք չի տվել, ասել է, թե հայրիկին կասի, ու վազելով փախել է…

Երեխան պնդել է, որ Ս. Մ.-ն իր ձեռքից քաշելով է իրեն տարել, իսկ վերելակում ձեռքով փակել է թվերը, որ ինքը չտեսնի՝ որ հարկ են բարձրանում: Նա ասել է, թե տանը բալիկ ունեն, իրեն կարամել կոնֆետ կտա, ու քաշելով տարել է հետը…

Նրա տանը ոչ ոք չկար: Նա իրեն նստեցրել է բազմոցին, գնացել է խոհանոց, հետ է եկել ու սկսել է հանել շորերը, իջեցրել է շալվարը, ասել է, որ ձեռք տա… Ինքը զզվել ու ջղայնացել է, ասել է՝ դու վատ պապիկ ես, կանչել է իր մայրիկին: Նա ասել է՝ դուռն էն կողմն է: Ինքը վազելով գնացել է դեպի դուռը, դուրս է եկել ու գնացել է տուն: Կատարվածի մասին հայտնել է մայրիկին, հայրիկին: Նախկինում այդ պապիկը իրեն կոնֆետ էր տալիս, հարցնում էր՝ ինքը քույրիկ, եղբայր ունի՞: Ինքը նրա տված կոնֆետները չէր ուտում, գցում էր աղբի մեջ: Մի անգամ նա իր հետ մտել է իրենց շենք, բարձրացել է մինչև իրենց բնակարանի դուռը ու հեռացել է:

Երեխայի հայրը հայտնել է, թե Ս. Մ.-ին նախկինում չի ճանաչել: Դեպքի օրը տուն է եկել, լսել է կնոջ գոռգոռոցը: Հետաքրքրվել է, թե ինչ է եղել: Կինն իրեն առանձին պատմել է երեխայի ասածը: Ասել է, թե մի տարիքով տղամարդ նրա ձեռքից բռնել, խաբելով, թե գեղեցիկ կուկլա կա իրենց տանը, փոքրիկ աղջիկ կա, տարել է իր տուն… Երբ երեխան ասել է, թե հայրիկին ու հոպարին կասի, նրա գլուխը կջարդեն, այդ տղամարդը նոր միայն երեխային թույլ է տվել տանից դուրս գալ: Ինքն ու կինը փորձել են գտնել այդ տղամարդուն, չեն գտել, ինքը զանգել է ծանոթ ոստիկանի, պատմել է կատարվածը, նա խորհուրդ է տվել ոստիկանություն գնալ ու անմիջապես հայտնել տեղի ունեցածի մասին: Այդպես էլ արել է: Ինքը զրուցել է նաև երեխայի հետ, երեխան նույն բանն է պատմել, ինչ ասել էր մորը:

Վկա Ն. Ա.-ն հայտնել է, թե ամբաստանյալին ճանաչում է բնակության վայրից՝ այգում իրար հետ ոգելից խմիչք են օգտագործում: Ինքը վիճել է նրա հետ, քանի որ նա պատահական անցորդ աղջիկների հետևից լկտի արտահայտություններ էր անում, նրա համար տարիքային սահմանափակում չկար, նա կեղտոտ արտահայտություններ էր անում նաև անչափահասների հետևից… Ինքը նրան նախատում էր, ասում էր՝ եթե աղջիկները լսեն, կոշիկը կտան գլխովդ… Նույնիսկ ինքը մի անգամ ձեռնափայտով խփել է նրան այդպիսի պահվածքի համար: Դրանից հետո նրա հետ չի շփվել: Նա ասում էր, թե նախկինում գողության համար է դատված եղել, բայց ինքը քննիչի մոտ իմացել է, որ նա նախկինում բռնաբարության համար է դատված եղել… Իր կարծիքով՝ երեխայի նկատմամբ նրա կատարածը «ուղղակի սրիկայություն է»:

Փորձաքննությամբ արձանագրվել են ամբաստանյալի անձի ու վարքի խանգարումներ ալկոհոլի չարաշահման հետևանքով: Նա ճանաչվել է մեղսունակ: Ըստ փորձաքննության եզրակացության՝ Ս. Մ.-ն կարիք ունի նյարդահոգեբույժի և նարկոլոգի ամբուլատոր հսկողության:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող երեխան լիովին կարող է հասկանալ ու ճիշտ վերարտադրել քրեական գործի՝ բացահայտման ենթակա հանգամանքները:

Դատարանն արձանագրել է հանցագործության կատարման ռեցիդիվ Ս. Մ.-ի կողմից:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ս. Մ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ու դատապարտել է 11 տարի 3 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի փետրվարի 24-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Ս. Մ.-ի շահերի պաշտպանը՝ խնդրելով բեկանել դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ, իսկ Ս. Մ.-ի մեղավորությունը հաստատված գնահատելու դեպքում՝ մեղմացնել պատիժը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments