Երևանում 60-ամյա կնոջ սպանությունը բացահայտվեց նրա թաղումից 6 ամիս անց

- in Իրավունք

60-ամյա Վարսենի հարևանուհին իրենց ամենօրյա սուրճի սեղանի մոտ սպասեց, սպասեց Վարսենին, զանգեց ու անպատասխան մնաց, հետո վեր կացավ, գնաց նրա տուն, որ հանդիմանի՝ սուրճի «արարողությունից» ուշանալու համար:

Վարսենի տան դուռը կողպած չէր՝ հարևանուհին հրեց, դուռը բացեց, ներս մտավ: Վարսենը պառկած էր բազմոցին: «Քնել-մնացե՞լ ես, Վարսո՛»,- ասաց հարևանուհին ու առաջ գնաց:

Վարսենը չարձագանքեց: Հարևանուհին մտերմիկ թոթվեց նրա ուսը ու վախից գոռաց: Վարսենն անշնչացած էր… Նրա տունը սովորականի պես հավաք էր, իրերը խառնված չէին, Վարսենն էլ կարծես քնած լիներ…

Հարևանուհին ենթադրեց, թե Վարսենը հանկարծամահ է եղել: Լուրը արագ տարածվեց սեփական տների այդ հին թաղամասում: «Երանելի մահ է, քնել ու քնի մեջ հանգիստ մահացել է Վարսոն»,- ասում էին մարդիկ:

Վարսենը մենակ էր ապրում: Բարեկամներից ու հարևաններից ոչ ոք չգիտեր՝ Վարսենի տանից ինչ-որ բան կորե՞լ, թե՞ չի կորել: Արտաքուստ՝ ամեն բան իր տեղում էր, տունը կոկիկ ու հավաք էր:

Դատաբժշկական փորձաքննությունը, ըստ երևույթին, կատարվեց մակերեսորեն ու տրվեց եզրակացություն, թե մահը բռնի չի եղել, վրա է հասել սրտի սուր անբավարարությունից…

Վարսենին հուղարկավորեցին: Նրա տան դռանը մեծ կողպեք կախեցին, մինչև բարեկամները ժառանգության հարց կբարձրացնեին:

Վարսենի մասին հարևանները խոսեցին, խոսեցին, հետո խոսակցությունները աստիճանաբար մարեցին:

Սակայն Վարսենին հողին հանձնելուց վեց ամիս անց ամբողջ թաղամասը հենց միայն Վարսենի մասին պիտի խոսեր…

Ավազակային հարձակում գործելու կասկածանքով Երևանի Էրեբունու ՆԳ բաժնի աշխատակիցները բերման ենթարկեցին երեք երիտասարդների՝ Վզգոյին, Գուգոյին ու Արտոյին: Սկզբում նրանք ընդդիմացան, իրենց անմեղության մասին խոսեցին, բայց հետո ավազակային հարձակումից բացի՝ կամաց-կամաց սկսեցին խոստովանել նաև մի քանի բնակարանային գողությունների կատարումը, որոնց մասին իրավապահները նրանց չէին էլ հարցրել…

Պարզվեց, որ երիտասարդները տարված էին թմրամիջոցներով, այդ հողի վրա նրանք մշտապես փողի կարիք ունեին ու թմրամիջոցներ հայթայթելու գումարները հանցավոր ճանապարհով էին ձեռք գցում:

Երիտասարդներից մեկը առավել «շատախոս» էր՝ նա ոչ միայն բնակարանային գողությունների մասին պատմեց, այլև խոսքի մեջ հիշեց՝ վեց ամիս առաջ երեքով բարձը դեմքին սեղմելով՝ սպանել են մենակ ապրող մի կնոջ, որը «ժլատի մեկն էր ու փողով սենյակ էր տրամադրում թաղի տղերքին»:

Երիտասարդը հանգիստ արտաբերեց նաև զոհի անունը՝ Վարսեն… Ասաց տան հասցեն ու պատմեց սպանության մանրամասները…

Պարզվեց՝ Վարսենն իր տան սենյակներից մեկը փողով տրամադրում էր փողոցային կանանց հետ զվարճացողներին: Վարսենի «գործունեության» ու «գնացուցակի» մասին տարածքի տղամարդիկ տեղյակ էին:

Մի օր Վարսենի սենյակ էր այցելել Վզգոն՝ թեթև վարքի տեր մի աղջկա հետ: Երբ աղջկան ճանապարհել էր, վերադարձել էր Վարսենի տուն՝ սուրճ խմելու:

Վարսենը Վզգոյին առաջին անգամը չէր սենյակ տրամադրում: Նրանք հանգիստ զրուցել էին մի գավաթ սուրճի շուրջ: Վերջում Վզգոն բարձրաձայնել էր իրական «փորացավը»՝ նա պարտքով փող էր խնդրել Վարսենից, դրա համար էր հետ եկել ու դրա համար էր ձևական հետաքրքրությամբ լսել Վարսենի շատախոսությունը:

Վարսենը կտրուկ մերժել էր Վզգոյին, ասել էր, թե պարտքով փող չի տալիս ոչ մեկին: Վզգոն մի քանի անգամ հետևել ու տեսել էր, թե Վարսենը որտեղ է պահում այցելուից վերցրած գումարը…

Հաջորդ օրը Վարսենին այցելել էին երեքով՝ Վզգոն, Գուգոն, Արտոն: Դարձյալ փող էին ուզել, ասել էին, թե կվերադաձնեն: Բայց Վարսենը նրանց չէր վստահել, մերժել էր:

Երիտասարդները, որ գումարն ուզում էին թմրանյութ ձեռք բերելու և ունեցած պարտքը փակելու համար, Վարսենին նետել էին բազմոցին, բարձը դրել էին դեմքին ու պահել էին այնքան, մինչև Վարսենն անշարժացել էր…

Հետո Վզգոն Վարսենի պահոցից հանել էր թաքցրած գումարը՝ մոտ երկու հազար ռուբլի, և հեռացել էին անաղմուկ՝ դուռը պարզապես ծածկելով իրենց հետևից…

Հուղարկավորությունից վեց ամիս անց Վարսենին արտաշիրմեցին: Նոր դատաբժշկական փորձաքննություն նշանակվեց, որն այս անգամ կատարվեց բարեխղճորեն: Եզրակացությունը սպասելի էր՝ Վարսենի մահը բռնի էր եղել…

Երեք ընկերներին մեղադրանքների մի ամբողջ փունջ առաջադրվեց՝ սպանություն, ավազակային հարձակում, բնակարանային գողություններ, թմրամիջոցների պարբերաբար օգտագործում…

Դատարանում նրանք ժխտում էին ամեն բան, սակայն ապացույցների համակցությամբ նրանց մեղսագրված արարքները համարվեցին հաստատված: Նրանցից յուրաքանչյուրը դատապարտվեց 15 տարի ազատազրկման:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments