Թուրքիայում կրակել են Բելառուսի դեսպանատան խորհրդականի վրա

- in Կարծիք
Atrchanak

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Պոգանշեւի վրա:

Hurriet-ի փոխանցմամբ, նրան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծանր է:

Հարձակում գործած անձը նախկին զինվորական է, նա հարձակումից հետո ինքնասպան է եղել:

Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ դիվանագետի վրա կրակել է հոգեպես անհավասարակշիռ քաղաքացի, հաղորդում է Ria-ն:

Թուրքիայի մայրաքաղաքում կրակել են Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Պոգաշեվի վրա, երբ դիվանագետը երեխայի հետ վերադառնալիս է եղել տուն: Նրան շտապ վիրահատել են, վիրահատությունն անցել է հաջող, թեեւ Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ նրա վիճակը դեռեւս ծանր է:

Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ կրակողը եղել է հոգեպես անհավասարակշիռ եւ տեղում կրակել է նաեւ ինքն իր վրա:

Անկարայում հնչած կրակոցից չկան այլ մանրամասներ: Դրա վերաբերյալ չեն արտահայտվել «եղբայրները»՝ Լուկաշենկոն ու Էրդողանը: Բելառուսի նախագահը շաբաթներ առաջ էր խոսել այն մասին, թե բելառուս-թուրքական հարաբերությունը գերազանց է, եւ Էրդողանն ու ինքը միմյանց եղբայր են անվանում:

Լուկաշենկոն դեռեւս լռում է, ըստ երեւույթին փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել եւ «ու՞ր է իր եղբայր Կայենը», ավելի շուտ՝ Ռեջեփը: Իսկ նա արձակուրդում է, ինչպես հայտնել է Թուրքիայի իշխող կուսակցության խորհրդականը, իհարկե այլ առիթով: Բանն այն է, որ նույն ժամերին Թուրքիայում տարածվել է տեղեկություն Էրդողանի մահվան մասին, եւ խորհրդականը հերքել է դա, ասելով, որ նախագահը արձակուրդում է, եւ ամեն տարի այդ հանգամանքը առիթ են դարձնում նրա մահվան մասին կեղծ տեղեկություն տարածելու համար:

Փաստորեն Էրդողանը ողջ է, ողջ է նաեւ նրա մայրաքաղաքում կրակված բելառուս դիվանագետը: Հետաքրքիր է, որ այդ կրակոցը հնչում է Էրդողանի արձակուրդում լինելու ընթացքում: Արդյոք ամուր ալիբիի համար:

Մյուս կողմից, ի՞նչ ալիբի կարող է լինել, երբ Թուրքիայում կրակում են արդեն երկրորդ դիվանագետի վրա: 2016 թվականին սպանեցին Ռուսաստանի դեսպանին, երբ Թուրքիան ու Ռուսաստանը նոր էին հաշտվել օդանավի խոցման հետեւանքով գրեթե կես տարի տեւած գժտությունից հետո: Ընդ որում, այնքան ջերմ էին հաշտվում, որ Ռուսաստանի նախագահը Անկարայից ոչ միայն հաշիվ չպահանջեց Ռուսաստանի դեսպանի սպանության համար, այլ նույնիսկ արդարացրեց սպանությունը, խոսելով այն մասին, որ «երրորդ ուժեր» փորձում են խաթարել ռուս-թուրքական բարեկամությունը:

Լուկաշենկոն կմրցի՞ Պուտինի հետ՝ Էրդողանի կրակոցներն արդարացնելու համար, ով ավելի լավ ու համոզիչ կարդարացնի նրան:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Թուրքիայում Բելառուսի դեսպանի վրա կրակում են Իդլիբում Թուրքիայի հյուպատոսի սպանությունից հետո: Կապ ունե՞ն երկու իրողությունները, թե ոչ, իհարկե բարդ է ասել, առերեւույթ դրանք տարբեր կրակոցներ են: Բայց հետաքրքիր է, որ Իդլիբում իր հյուպատոսի սպանությունից հետո Թուրքիան անմիջապես հայտարարեց պատժիչ գործողության մտադրության մասին, ռազմական քայլեր կատարելով Հյուսիսային Իրաքի ուղղությամբ:

Թուրքիայի ուղղությամբ Բելառուսը հազիվ թե նույնն անի, առավել եւս, որ դիվանագետը բարեբախտաբար ողջ է մնացել: Հնարավոր է, որ չի եղել սպանելու մտադրություն, այլ ընդամենը զգուշացնելու Լուկաշենկոյին, որն այժմ Պուտինի հետ բավական իտենսիվ քննարկումների մեջ է, որոնք ակնհայտորեն վերաբերում են ՌԴ նախագահի նախագահական ժամկետի խնդրին, եւ Բելառուսը դիտարկվում է այն երկարաձգելու տարբերակներից մեկը՝ այսպես ասած միասնական պետության ինչ որ ֆորմատով: Լուկաշենկոն ոչ այն է դիմադրում է, ոչ այն է պարզապես թանկ առեւտուր անում՝ Պուտինին հնարավորինս թանկ գնով օգնելու համար:

Մինչդեռ, Էրդողանը դրա համար չէ, որ եղբայր է անվանում Լուկաշենկոյին: Այլ հակառակը՝ նրան Պուտինից կտրելու, որովհետեւ Թուրքիայի նախագահը խաղադրույք է կատարել գործնականում ամեն ինչ, բայց սկսել է տանուլ տալ Կոնստանդնուպոլսից: Անկարայում նա փորձում է փրկել իրավիճակը: