Sashik Sargsyan

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Ալեքսադր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Մինչ նիստի մեկնարկը Հայկ Սարգսյանը բարկացել է լրագրողների հարցերից: Նա հատկապես բարկացել է հոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ գործարարների հետ ժամանակին 50-50 փայ ունենալու վերաբերյալ հարցը։ «Ու՞ր են, ու՞ր, փաստ, փաստ ունե՞ք»,–արձագանքեց Սարգսյանը: Հարցին, թե իր ընտանիքին որտեղի՞ց խոշոր գումարներ, Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Աշխատել եմ, ի՞նչ կա, դա ձեզ չի վերաբերվում, հարկայինին դիմեք»,- բարկացած ասաց Սարգսյանը եւ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, Հայկ Սարգսյանն ասաց. «Ինքը կարողա ասի Քենեդուն էլ եմ ես սպանել, հավատու՞մ եք»: Հարցին, ապօրինի զենք զինամթերք պահե՞լ եք, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ երբեք:

Այսօրվա նիստում հարցաքննվում է գործով վկա, Ալեքսանդր Սարգսյանի հարեւան Սամվել Ալեքսանյանը: Նախորդ նիստում դատարանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Վկան դատարանում ցուցմունք տվեց Սարգսյանի բնակարանի նկուղային հարկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...