Ինձ քաջալերում եւ խրախուսում է ձեր ղեկավարությամբ նվաճված առաջընթացը. Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին

- in Պաշտոնական
Hayastan EM

Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը հանդես եկան համատեղ հայտարարություններով:

Դոնալդ Տուսկն իր ելույթում ասաց. «Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար: Իմ այցելությունն ապացույցն է այն կարեւորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի եւ տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին։ Այսօրվա քննարկումները ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը։ Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը։ Եվրոպական միությունն այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ կշարունակի տեխնիկական և ֆինանսական օժանդակություն տրամադրել:

Ես եւ ՀՀ վարչապետը համակարծիք ենք եղել օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավուքնների հանդեպ հարգանքի հարցերում։

Եվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգ ստեղծելու մղումը։ Կուռ դատական համակարգն էական բաղադրիչ է հասուն ժողովրդավարության և նաև տնտեսական ու սոցիալական զարգացման համար:

Եվրամիությունը շարունակելու է այս բնագավառում փորձագիտական օժանդակությամբ օգտակար լինել Հայաստանին։

Մենք քննարկեցինք նաեւ մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման հարցը։ Ճանաչելով կառավարության բարեփոխումների ուղղությամբ ջանքերը՝ Եվրամիությունը 2019 թվականի համար գրեթե կրկնապատկել է օժանդակությունը Հայաստանին։ Այս միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել՝ ներառյալ ենթակառուցվածքային եւ բնապահպանական։

Այս համատեքստում կանխատեսում եմ Սեւանա լիճ իմ այսօրվա այցելությունը։ Եվրամիությունն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը։ Ես առիթ կունենամ նաեւ այցելել Սեւանավանք, մի հուշարձան, որն ապացույց է եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարմայա ազդեցության մասին:

Եվրամիությունը արդեն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին եւ պատրաստ է սատարել ի նախապատրաստումը ժողովուրդների խաղաղության:

Պարոն վարչապետ, թույլ տվեք ավարտեմ վերստին ձեզ շնորհակալություն հայտնելու եւ ձեր ընդունելության համար: Ինձ քաջալերում եւ խրախուսում է ձեր ղեկավարությամբ նվաճված առաջընթացը: Եւ ուզում եմ հավաստիացնել, որ Եվրոպական միությունը շարունակելու է սերտորեն աշխատել Հայաստանի հետ եւ ձեզ հետ՝ հօգուտ բոլոր հայերի»,- իր ելույթում ասաց Տուսկը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսում մասնավորապես ասաց. «Մեծարգո պարոն նախագահ,

լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,

տիկնայք եւ պարոնայք,

Ես անչափ ուրախ եմ ողջունել նախագահ Տուսկին Հայաստանում: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ես մի քանի առիթ եմ ունեցել հանդիպել պարոն Տուսկին: Մեր բոլոր շփումները շատ տպավորիչ են եղել՝ անցնելով բարեկամության եւ կառուցողական երկխոսության մթնոլորտում: Այսօր եւս մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում: Անդրադարձանք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերվող հարցերի լայն շրջանակին: Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական եւ ճյուղային այսպես կոչված սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի ներքին կյանքին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցերի շուրջ:

Ես վերահաստատեցի օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը: Հանդիպման ընթացքում ես նաեւ խոսեցի Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ մեր ներկայիս գործադրած ջանքերը:

Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարեւորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում ԵՄ աջակցությունը եւ հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության եւ գաղափարական զորակցության համար: Ընդգծեցի ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը:

Երկուստեք նշվեց Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը եւ եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարեւորությունը: Տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը նպաստելու է ոչ միայն Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը այլ նաեւ օգնելու է Հայաստանի իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը:

Այս առումով ես ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարության գերատեսչությունները եվրամիության համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ մշակել են համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Այն իմ կողմից հաստատվել է հունիսի 1-ին պայմանագրի ժամանակավոր կիրառման սկզբից ուղիղ 1 տարի անց: Հունիսի 13-ին պայմանագիրը արժանացավ նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ հանդիպման հավանությանը:

Մենք անդրադարձանք նաեւ Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին: Իմ կողմից նշվեց Հայաստանի շահագրգռվածություն այս հարցում՝ հատկապես միջանձնային շփումների ընդլայնման անհրաժեշտության տեսանկյունից:

Ես դիմեցի նախագահ Տուսկին՝ Եվրամիության անդամ պետություններին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով: Անդրադարձ եղավ նաեւ արեւելյան գործընկերությանը, որն այս տարվա մայիսին նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:

Մենք զրուցեցինք նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին: Երախտագիտություն հայտնեցի ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը աներկբայորեն պաշտպանելու համար:

Համոզվածություն հայտնեցի ԵՄ այս կեցվածքի շարունակականության հարցում: Ավարտելով խոսքս ցանկանում եմ նախագահ Տուսկին վերստին շնորհակալություն հայտնել՝ արդյունավետ համագործակցության համար:

Օգտվելով առիթից ցանկանում եմ մեր բոլորի անունից հաջողություն եւ նորանոր ձեռքբերումներ մաղթել նրան՝ ապագա գործունեության մեջ»,- եզրափակեց վարչապետը: