Ինչպիսի հարցեր կլինեն գիտելիքների ստուգման թեստերում․ վարորդական վկայական ստանալու նոր կարգը

- in Մամուլ
avtoner

Ժողովուրդ թերթը գրում է. Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից վարորդական վկայական ստանալու կարգը կփոխվի: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը նոր նախագիծ է մշակել, ըստ որի`կսահմանվի վարորդական վկայական ստանալու քննությունների ընդունման եւ տրամադրման կարգը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ գիտելիքների ստուգման թեստերում հարցեր են լինելու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքից (յուրաքանչյուր թեստում` 2 հարց):

Հարցեր կլինեն նաեւ երթեւեկության մասնակիցների կյանքի անվտանգության եւ պատահարների դեպքում առաջին օգնության եւ ինքնօգնության քայլերի վերաբերյալ (յուրաքանչյուր թեստում` 1 հարց): Նշենք, որ տեսական քննության ընթացքը կցուցադրվի սպասասրահում տեղադրված էկրանին:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության մեջ ներառվող հոգեբանական թեստերի վերաբերյալ հարցաշարը կկազմվի առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից` ներկայացնելով ոստիկանություն: Հոգեբանական թեստը բաղկացած պետք է լինի պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 3 հարցերից, իսկ գիտելիքների ստուգման թեստը` պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 20 հարցերից:

Ընդ որում, պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը: Եւ, վերջապես, տեսական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 18-ին տվել է ճիշտ պատասխան:

Ընդ որում` գիտելիքների ստուգման թեստի հարցերին կթույլատրվի պատասխանել միայն հոգեբանական թեստի բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում: Բացի այս, որակավորման գործնական քննություն ընդունող քննական մարմինների աշխատողները պետք է անցնեն վերապատրաստում` երկու տարին մեկ անգամ չորս օր տեւողությամբ եւ հինգ տարին մեկ անգամ հինգ օր տեւողությամբ: Մինչդեռ ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված չէ գործնական վարման հմտությունների եւ վարքագծի ստուգման, քննություն անցկացնող ոստիկանության ծառայողների վերապատրաստումը, դրա կազմակերպման եւ անցկացման կարգը:

Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում քննության արդյունքներն անմիջապես կցվում են անձի` վարորդական վկայական ստանալու էլեկտրոնային գործին, եւ նրան կթույլատրվի մեկ տարվա ընթացքում մասնակցել գործնական քննությանը,ինչից հետո մեկ տարվա ընթացքում գործնական քննությունը դրական չհանձնելու դեպքում տեսական քննության արդյունքը համարվում է ուժը կորցրած, եւ անձը կրկին պետք է հանձնի տեսական քննությունը:

Բացի այս, գործնական քննության անցկացման գործընթացը կտեսաձայնագրվի համապատասխան սարքավորումների միջոցով, որոնք կտեղադրվեն գործնական քննության անցկացման համար նախատեսված ավտոմեքենաներում կամ դրանց վրա:

Ավելին, գործնական քննության համար սահմանված 15 րոպե ժամանակահատվածը կավելանա. ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում 25 րոպե ժամանակ «A», «AM», «A1», «B», «B1» եւ «BE» կարգերի ու ենթակարգերի համար, իսկ 45 րոպե ժամանակ` այլ կարգերի ու ենթակարգերի համար: