Ինչ է պետք Հայաստանին ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկման համար

- in Հասարակություն

Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումները չպետք է կրեն պարզապես ֆորմալ բնույթ, պետք է լինեն իրական բարեփոխումներ: Վիզային ռեժիմն ազատականացնելու համար մեր կյանքի ստանդարտները պետք է շատ մոտ լինեն եվրոպականին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ճանապարհային քարտեզի քննարկմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Եթե սկսենք փորձ անել ընտրել ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների ֆորմալ իրականացման ուղին, կլինի փակուղի: Գլոբալ իմաստով համաձայնագիրն ունի հետևյալ տրամաբանությունը՝ եթե ուզում ենք ունենալ վիզայի իրական ազատականացում,  նշանակում է, որ մեր կյանքի ստանդարտները պետք է շատ մոտ լինեն եվրոպական ստանդարտներին: Հակառակ դեպքում, վիզայի ազատականացման գաղափարն իր իմաստը կկորցնի, որովհետև եթե լինի ասիմետրիկ կյանքի որակ, նշանակում է, որ վիզաների ազատականացումը բերելու է միգրացիայի, ինչը բնականաբար որևէ մեկի, այդ թվում՝ մեր ցանկությունը չէ»,- ասաց Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ բոլորիս անկեղծ ցանկությունն է, որ ստանդարտները սիմետրիկ լինեն, կյանքի որակի մեծ տարբերություն չլինի: Այդ իմաստով փոխվարչապետը  կարևորեց, որ լինեն իրական միջոցառումներ ու բարեփոխումներ:

Մհեր Գրիգորյանն, անդրադառնալով ճանապարհային քարտեզի վերաբերյալ այլ հարցերի, նշեց՝ ամեն ինչ արել են, որ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման գործընթացը սինքրոնացված լինի մեր ռազմավարական անելիքներով:

Ճանապարհային քարտեզով սահմանված անելիքների ֆինանսավորման աղբյուրները ևս նշմարվում են: «Կարծում եմ, որ միջոցառումների իրականացման ֆինանսավորման աղբյուրը լինելու է պետական բյուջեն, դոնորների հատկացումը, արտաքին վարկային միջոցները  և ԵՄ-ի աջակցությունը: Մոտ այս 4 ֆինանսավորման աղբյուրի շրջանակում տեղի կունենա ճանապարհային քարտեզի միջոցառումների իրագործումը»,- ասաց նա, սակայն շեշտեց՝ կառավարությունը դրանց իրականացումը փորձում է դիտարկել ոչ թե որպես ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացում, այլ մեր բարեփոխումների օրակարգի իրականացում:

Մհեր Գրիգորյանը նկատեց, որ բարեփոխումներին նախ և առաջ պետք է հասարակությունը պատրաստ լինի: Փոխվարչապետի կարծիքով՝ շատ դեպքերում, եթե ուզում ենք, որ կյանքի որակը լավանա, պետք է նաև ստանդարտները խստացվեն: Նա նաև նկատեց, որ տեխնիկական ստանդարտների խստացումը միանշանակ չի ընկալվելու շատ դեպքերում:  «Այն մեքենաների պարկը, որ մենք ունենք, այդ պարկով երթևեկության կանոնների եվրոպական ստանդարտ սահմանելն անհնարին է լինելու: Եթե ստանձնել ենք եվրոպական ստանդարտներով երթևեկության սահմանել, դա նշանակում է, որ այսօրվանից պետք է գործողություններ կատարենք: Դա էլ իրագործման մի տարր է, որը մշակված պետք է առաջ տանենք: Մեր անվտանգության համար և, առաջին հերթին, հասարակության համար պետք է ստանդարտները պահպանվեն: Եթե, օրինակ, սննդի ստանդարտները չպահպանվեն, մենք ոչ միայն առաջ չենք շարժվի ճանապարհային քարտեզով, այլ նաև կվնասենք մեր հասարակության առողջությունը»,- ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ սպասվում է աշխատանք, և դա պետք է ինտենսիվ և վաղօրոք իրականացվի: